Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2024 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».

  • 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.2-րդ և 12.3-րդ կետերով՝

«12.2. Անչափահաս երեխա (երեխաներ) ունեցող ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխան (երեխաները) ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ընդ որում, եթե երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։

12.3. Կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել, եթե կիսակառույց շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում ավարտվածության աստիճանը մինչև 80 տոկոս է կամ նշված է անավարտ կամ կիսակառույց։».

  • 16-րդ կետում «գումարը» բառից հետո լրացնել «շահառուի կողմից» բառերով.
  • 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 1500 շահառուի։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».

  • N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ երեխաների)» բառերով, իսկ «(ամուսնության վկայականի պատճենը կցվում է)» բառերից հետո լրացնել «, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան վկայականը (մահվան վկայականի պատճենը կցվում է)» բառերով.
  • N 1 հավելվածի 4-րդ կետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
  • N 1 հավելվածի 5-րդ կետում «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «, երեխաների առկայության դեպքում՝ երեխա-ծնող կապի, միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան» բառերով և «5» թիվը փոխարինել «10» թվով.
  • ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 10-րդ կետը.
  • N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) շահառու՝

ա. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ

բ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ

գ. առնվազն մեկ անչափահաս երեխա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի.».

  • N 2 հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետում «և 2-րդ փուլերի» բառերը փոխարինել «փուլի» բառով.
  • N 2 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում «8» թիվը փոխարինել «12» թվով.
  • N 1 ձևի 2-րդ կետում «ամուսնու» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում՝ երեխայի/ների)» բառերով.
  • N 1 ձևի 2.6-րդ կետում «Ամուսնության» բառից հետո լրացնել «(միայնակ ծնողի դեպքում՝ մյուս ծնողի մահվան)» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ ենթակետով լրացվող 12.2-րդ կետի, 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թվականի հուլիսի 1-ից։
  2. Սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2024 թվականի փետրվարի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
  • Քննարկվել է

    06.05.2024 - 22.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1757

Տպել

Առաջարկներ`

Նարեկ Ղուշչյան

21.05.2024

նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը ։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող լրացումներով կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Ձեր կողմի առաջարկվող վերոնշված կետերում առաջարկում եմ հանել ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը և տարիքային սահմանափակումները այն քաղաքացիների համար ովքեր տվյալ համայնքում 5 տարի և ավելի ունեցել են գրանցում կամ ցանկացած տեսակի սեփականություն։ Առաջարկիս հիմնավորումը այն է, որ շատ տեղաբնակներ, ովքեր տարիներ առաջ ընտանիքներով տեղափոխվել են արտերկիր բնակվելու և հիմա այս ծրագրի շրջանակում ցանկանում եմ տուն կառուցել և վերադառնալ հայրենի բնակավայր, սակայն տվյալ սահմանափակումերի պատճառով նրանք այլևս չեն կարող լինել շահառու, քանի որ շատերի կանայք և երեխաները այս ընթացում ձեռք են բերել արտերկրի քաղաքացիություն։

Arsen Vardanyan

19.05.2024

ՀՀ տարածքում հնարավոր է արդյո՞ք ընդունել մեկ նախագիծ-որոշում և անսպասելի փոփոխության չենթարկել, իսկ հնարավո՞ր է որոշում փոփոխելիս մարդկանց նախորոք տեղյակ պահել, քան մեկ ամիս առաջը: Պարտադիր կանոն է արդյո՞ք այնպես անել, որ ամեն որոշման փոփոխությունից հետո ՀՀ քաղաքացիների մի մասին թողնել ջարդված տաշտակի առջև: Որպես ՀՀ քաղաքացի առաջարկս կայանում է հետևյալում. 1) Սույն փոփոխությունը սահմանափակումների մասով չեղարկել, քանի որ մի շարք քաղաքացիներ արդեն իսկ սկսել են գործընթացը ՀՀ սահմանամերձ գոտիները զարգացնելու ուղղությամբ և սահմանափակման պատճառով մնալու եմ անավարտ, 2) Սահմանամերձ գոտիները գտնվում են շատ անմխիթար վիճակում և պետք է մտածել առավել գայթակղիչ նախագծեր այն բնակեցնելու համար առանց սահմանափակումների, քանի որ պետք են թե երիտասարդ և թե հասուն մարդիկ, քանի որ առանց մեկը մյուսի լրացման չի կարող զարգանալ տվյալ տարածքը: Պետք են տարբեր տեսակի մասնագետներ սկսած բանվորական ուժից մինչև գիտական ոլորտի աշխատակիցներ, 3) Փոփոխություն կատարելիս մարդկանց զգուշացնել առնվազն մեկ տարի առաջ։

Եվա Մանդալյան

19.05.2024

Շատ մարդիկ ուզում են սահմանամերձ տարածքներում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինել, բայց կառավարության շատ արագ որոշումների փոփոխման պատճառով այդ նպատակը չի ստացվում իրագործել, քանի որ սույն որոշմամբ սահմանափակումներ են դրվում և նշված մարդկանց հնարավորություն չի տրվում սահմանամերձ տարածքներում որևէ լավ նպատակ իրագործել։ Առաջարկում եմ սահմանափակումների մասով չեղարկել որոշումը կամ հետաձգել մինչև 2026 թ.։

Տեսնել ավելին