Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

  Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ելնելով այս փաստերից՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։

Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական ​​անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով  միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն  անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։

Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ երկրներից, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր  մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում, ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծված նույն ապրանքների համեմատությամբ) նույնիսկ  ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։

Նշված գործոնները կարող էին հանգեցնել այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը և, ի վերջո, դրանց արտադրական գործունեության խաթարմանն ու դադարեցմանը, ինչն էլ, իր հերթին, ինչն էլ, իր հերթին՝ ներմուծումից կախվածությանը։

Խնդիրը սրվում է նրանով, որ վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ Նշված գործընթացները չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները  ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը վերը նշված պատճառներից ելնելով՝ չի լուծում առկա խնդիրը։

Հարկ է նշել, որ կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը (այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և ելնելով այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ Կառավարության 21.12.2023թ. N2269-Ն որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։

Արտահանման արգելքի կիրառման արդյունքում զգալի աճել են մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ արգելքի կիրառման հաջորդ տարում (2021թ.) պողպատի ձուլագլանվածքների արտադրությունը աճեց 8.4 անգամ։

Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2024 թվականներին կատարվել են ներդրումներ ոլորտում, այդ թվում՝ օտարերկրյա («Ասեդլ», «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլմանան գործարան)։

Նշված ընկերությունները նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են (տեղի կունենա ներմուծման փոխարինում)։ 

Ըստ մեր կանխատեսումների, վերը նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։     

Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 29-րդ և 47-րդ հոդվածները` առաջարկվում է ՀՀ կառավարության 21.12.2023թ. N2269-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո (29.07.2024թ.), սույն նախագծով սահմանել սև և գունավոր մետաղների  արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը։

Միևնույն ժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության 21.12.2023թ. N 2269-Ն որոշմամբ սահմանված ապրանքների ցանկը լրացնել ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների վրա։

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։

Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի կայուն գործունեության ապահովում և մրցունակության բարձրացում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Մետաղական հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքներով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար ։

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ կետով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում:

  1. Այլ տեղեկություններ

 

 

  • Քննարկվել է

    05.04.2024 - 20.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1746

Տպել