Հիշել նախագիծը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Գործող կարգավորումներով փաստաբանները ներառված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված այն սուբյեկտների շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս նրանց օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար՝ առանց համապատասխան համաձայնության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա տեղեկատվություն ստանալ։ Այս կարգավորումների ուժով փաստաբաններy հասանելիություն են ստանում նշված օրենքով նախատեսված գրեթե անսահմանափակ շրջանակի տեղեկության։ Նշված մոտեցումը, սակայն, կարող է անվտանգային ռիսկեր պարունակել՝ հատկապես պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում՝ նույնիսկ դրանցում պետական գաղտնիք չպարունակվելու պարագայում, օրինակ՝ Կառավարական շենքերին հարակից տարածքների կամ շինությունների վերաբերյալ տեղեկատվությունները կամ դրանց հատակագծերը կամ որևէ կոնկրետ բնակավայրի, այդ թվում՝ սահմանամերձ, հողամասերի և շինությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունը։

 

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ, որը պետք է ընդունվի մինև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նշվախը հնարավորություն կտա վերացնել փաստաբանների կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններին անսահմանափակ հասանելիությամբ պայմանավորված ստեղծվող հնարավոր անվտանգային ռիկսերը։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի  և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

 Նախագծի ընդունումը բյուջեում ծախսերի  և եկամուտների նվազեցման կամ ավելացման չի հանգեցնի:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Քննարկվել է

    04.04.2024 - 19.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1534

Տպել

Առաջարկներ`

Նարեկ Հովեյան

11.04.2024

Առաջարկվող փոփոխությունները ոչ միայն անհարկի խոչընդոտներ են ստեղծելու փաստաբանական գործունեության համար, այլ նաև խնդրահարույց են դրանց օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից, մասնավորապես. 1. "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ "Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված": Այսինքն, օրենքը հստակ սահմանում է այն դեպքը, երբ փաստաբանին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, այն է՝ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակելը։ Օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղակատվության նկարագիրը հստակ ներկայացված է "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով։ Մասնավորապես, դա ներառում է այն տեղեկատվությունը, որի տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ ազգային շահերին։ Այսինքն, անհիմն է նախագծի հիմքում դրված այն պնդումը, թե նշված շենքերի և տարածքների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել այն պարագայում, երբ դրանք ներառված չեն պետական գաղտնիք համարվող տեղեկատվության կազմում։ Հետևաբար, եթե նախագծի հեղինակները գտնում են, որ նշված շենքերի և տարածքների վերաբերյալ փաստաբաններին տեղեկատվության փոխանցումը կարող է անվտանգային ռիսկեր պարունակել, ապա պետք է ձեռնարկեն համապատասխան գործընթաց՝ նման տեղեկատվությունը "Պետական գաղտնիքի մասին" ՀՀ օրենքով պաշտպանվող տեղեկատվության ցանկում ներառելու համար։ 2. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կառավարությունը ստանալու է հայեցողական լիազորություն՝ միջամտելու փաստաբանական գործունեությանը։ Մասնավորապես, այն պարագայում, երբ նախագծում գործածվում են այնպիսի անորոշ ձևակերպումներ, ինչպիսիք են՝ "հանրային նշանակության կամ կարևորության շենքեր", որոնց գնահատման չափանիշների բացակայության պայմաններում գործադիր մարմինը հնարավորություն է ստանալու, ըստ էության, սուբյեկտիվ կերպով սահմանափակել ցանկացած անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը փաստաբաններին։ 3. Անհասկանալի է փաստաբանների նկատմամբ նման խտրական վերաբերմունքը, հատկապես այն պարագայում, երբ կադաստրային հարցումները հանդիսանում են վստահորդներին որակյալ իրավաբանական օգնության տրամադրման, ինչպես նաև արդյունավետ պաշտպանական մարտավարության մշակման առաջնային գործիք։ 4. Չի հստակեցվում, թե, օրինակ, ինչ ընթացակարգով պետք է իրականացվի սահմանափակման ենթակա գույքի նկատմամբ մահացած անձի գրանցված իրավունքների առկայության վերաբերյալ հարցումը։ 5. Առաջարկվող նախագիծը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներին (07.09.1990 թ.), ԵԽ Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված թիվ Rec(2000)21 հանձնարարականին, ինչպես նաև թիվ ՍԴՈ-1263 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից տրված դիրքորոշմանը։

Տեսնել ավելին