Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում այլ երկրների դիվանագիտական կամ վարչատեխնիկական կազմին պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերին զուգահեռ անհրաժեշտություն է ծագել նաև նախատեսել պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցների համարանիշեր, քանի որ վերջիններս իրենց գործունեության բովանդակությամբ ունեն միմյանցից էականորեն տարբերվող իրավունքներ և գործառույթներ, այդ թվում՝ դիվանագիտական իմունիտետի իմաստով։

    Գործող ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշոմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված 12-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների՝ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցներին կարմիր հիմնագույնի համարանիշերը, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տրանսպորտային միջոցներին երկնագույն հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Ընդ որում, լատիներեն «D» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը հատկացվում են ներկայացուցչության դիվանագիտական կազմին, իսկ լատիներեն «T» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշերը՝ տեխնիկական անձնակազմին սպասարկող տրանսպորտային միջոցներին:

Վիեննայի 1961 թվականի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի «d» կետի համաձայն՝ «դիվանագիտական անձնակազմի անդամներ» են հանդիսանում ներկայացուցչության անձնակազմի այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական աստիճան, իսկ հոդվածի «f» կետի համաձայն՝ «վարչատեխնիկական անձնակազմի անդամներ» են հանդիսանում ներկայացուցչության անձնակազմի այն անդամները, որոնք իրականացնում են ներկայացուցչության վարչատեխնիկական սպասարկումը։

Նշված դրույթներից ակնհայտ է, որ մի դեպքում անձը պետք է ունենա դիվանագետի աստիճան և լինի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից, իսկ վարչատեխնիկականի դեպքում՝ լինել դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական աշխատակից, հետևաբար պատվավոր հյուպատոսը չի կարող համարվել ո՛չ դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական կազմի և ո՛չ էլ՝ վարչատեխնիկական կազմի աշխատակից։

Հարկ է նշել նաև, որ «Պատվավոր հյուպատոս»-ի կարգավիճակի իրավական ռեժիմը նախատեսված է Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի» 3-րդ գլխով։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի կարգավորելու իրավական բացն այն մասով, որ պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցների հաշվառման արդյունքում հնարավոր լինի վերջիններիս հատկացնել ընդհանուրից տարբերվող և վերջիններիս կարգավիճակն ընդգծող համարանիշեր։

Նախագծով առաջարկվում է պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցների համար նախատեսել լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՆԳՆ կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. Ակնկալվող արդյունքը․

Նախագծով առաջարկվում է պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցների համար նախատեսել լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    20.03.2024 - 04.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1513

Տպել

Առաջարկներ`

Ռոլանդ Ավոյան

02.04.2024

Փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախաձեռնող մարմինը նախատեսել է նոր տեսակի՝ լատիներեն «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր՝ «պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցների համար»։ Մինչդեռ, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցները պատկանում են ոչ թե «պատվավոր հյուպատոսին» որպես ֆիզիկական անձի, այլ վերջինիս կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկին», ուստի նախագծում իրավահարաբերության «սուբյեկտի» վերաբերյալ տեղ գտած ձևակերպումները՝ չեն համապատասխանում «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիոնալ հասկացություններին, ըստ որի՝ «պատվավոր հյուպատոսի» ինստիտուտը ըստ էության արդեն իսկ ներառված է «հյուպատոսական հիմնարկ» հասկացության մեջ, ինչպիսի ձևակերպումն արդեն իսկ առկա է գործող իրավական ակտի շարադրանքում, հետևաբար նախագծում տեղ գտած՝ «հյուպատոսական հիմնարկների և պատվավոր հյուպատոսների» ձևակերպումները արհեստականորեն տարաջատում են պատվավոր հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկները՝ հաստիքային հյուպատոսների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներից, մինչդեռ՝ Կոնվենցիան որևէ կերպ չի տարանջատում «պատվավոր հյուպատոսի» ինստիտուտը «հյուպատոսկան հիմնարկից» (տե՛ս Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը և Կոնվենցիայի 3-րդ գլուխը)։ Այսինքն, նախագծով արհեստականորեն տարանջատվել է «հյուպատոսական հիմնարկ» և «պատվավոր հյուպատոս» եզրույթները, քանզի պատվավոր հյուպատոսի կողմից ղեկավարվող հիմնարկը Կոնվենցիայի իմաստով ևս «հյուպատոսական հիմնարկ» է (տե՛ս Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը և Կոնվենցիայի 3-րդ գլուխը)։ Այս առումով հարկ է նաև նկատել, որ պատվավոր պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկին սեփականության իրավունքով պատկանող գույքը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, չեն կարող նույնանալ որպես ֆիզիկական անձ՝ «պատվավոր պաշտոնատար անձին» կամ «պատվավոր հյուպատոսին» սեփականության իրավունքով պատկանող գույքի հետ, իսկ նախագծով առաջարկվող փոփոխությունը թերևս վերաբերելի է Կոնվենցիոնալ հաստատության՝ «պատվավոր պաշտոնատար անձի» կողմից ղեկավարվող «հյուպատոսական հիմնարկին» պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգին, և ոչ թե ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման իրավական կարգավորումներին և առանձնահատկություններին։ «Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի 1963 թվականի ապրիլի 24-ի Կոնվենցիայի 1-ին՝ «Սահմանումներ» վերտառությամբ հոդվածի համաձայն, բացահայտվում են Կոնվենցիայում օգտագործվող սահմանումերը (2-րդ մաս)՝ «Գոյություն ունի հյուպատոսական պաշտոնատար անձանց երկու կարգ` հյուպատոսական հաստիքային պաշտոնատար անձինք և հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք»: Կոնվենցիայի 2-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են հաստիքային հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից, 3-րդ գլխի դրույթները տարածվում են այն հյուպատոսական հիմնարկների վրա, որոնք ղեկավարվում են պատվավոր հյուպատոսական պաշտոնական անձանց կողմից (տե՛ս Կոնվենցիայի «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՄԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳԼԽԱՎՈՐՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒԺԵՐԸ» վերտառությամբ 3-րդ գլուխը): Հիշյալ հոդվածների վերլուծությունը վկայում է այն մասին, որ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձինք (պատվավոր հյուպատոսները) ևս ղեկավարում են «հյուպատոսական հիմնարկ», որոնց վերաբերելի են Կոնվենցիայի 3-րդ գլխի դրույթները։

Տեսնել ավելին