ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
14 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2023 թվականի N -Լ
ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
___________-ի N _____-Լ որոշման
ԿԱՐԳ
ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում է անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների շարունակական վերապատրաստման հետ կապված հարաբերությունները։
- Վերապատրաստումը մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման հետևողական կատարելագործումն է, այդ թվում նաև օտարերկրյա պետություններում, որը սույն կարգի համաձայն անցկացվում է դասընթացի կազմակերպման ձևով։
- Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների շարունակական վերապատրաստումը վերաբերում է պետական մարմիններում, պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետներին, համայնքը սպասարկող անասնաբույժներին, ինչպես նաև անասնաբույժի որակավորում ունեցող և մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) մասնագիտական ստորաբաժանման կողմից անասնաբույժ մասնագետների կարիքների վերհանման և գնահատման արդյունքում ընտրվում են վերապատրաստման թեմաներ՝ սույն կարգի 17-րդ կետի չափորոշիչների հիման վրա։
- Անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից անասնաբույժ մասնագետների կարիքների վերհանման և գնահատման արդյունքում ընտրվում են վերապատրաստման թեմաներ՝ սույն կարգի 17-րդ կետի չափորոշիչների հիման վրա և վերապատրաստման մասնակցության ներգրավման մասին Նախարարությանը ներկայացվում է գրավոր առաջարկություն։
- Դասընթացների անցկացման համար թեմաներն ընտրվելուց հետո՝ վերապատրաստման դասընթացի կազմակերպման և անցկացման կարգի, առաջարկի ներկայացման ձևաչափի, պահանջվող փաստաթղթերի, ինչպես նաև թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը նախապես՝ վերապատրաստման դասընթացի կազմակերպման համար գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթից երկու ամիս առաջ, տեղադրվում է Նախարարության կայք էջում։
- ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Վերապատրաստման դասընթացը կազմակերպվում է առկա կամ հեռավար, վերջինիս կազմակերպման ձևը որոշում է Նախարարությունը։
- Վերապատրաստման դասընթացը կազմակերպվում է հեռավար՝ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներից ելնելով (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն)։
- Համայնքը սպասարկող անասնաբույժը կարող է մասնակցել վերապատրաստման դասընթացին՝ համայնքային բյուջեի միջոցների հաշվին։
- Համայնքի ղեկավարի կողմից Նախարարությանը ներկայացվում է անասնաբույժի ներգրավման մասին գրավոր առաջարկություն։
- Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացին՝ իրենց ֆինանսական միջոցների հաշվին։
- Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից վերապատրաստման մասնակցության ներգրավման մասին Նախարարությանը ներկայացվում է գրավոր առաջարկություն։
- Նախարարությունը սույն կարգի 10–րդ և 12–րդ կետերով սահմանված գրավոր առաջարկությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանում է դիմումատուին։
- Սույն կարգի 10–րդ և 12–րդ կետերով սահմանված դրույթների ապահովման դեպքում համայնքի ղեկավարը, ֆիզիկական և իրավաբանական անձինք դասաժամերի համար հաշվարկված ֆինանսական միջոցները փոխանցում են վերապատրաստման դասընթացի կազմակերպման համար գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ուսումնական հաստատության կամ կազմակերպության հաշվին։
- Վերապատրաստման դասընթացի կազմակերպումը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է՝
- «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրում ընդգրկված գյուղատնտեսական կենդանիների, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների կանխարգելման, լաբորատոր ախտորոշման և համաճարակաբանական վերլուծության,
- «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ծրագրի միջոցառումների կատարման շրջանակներում,
- Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ ԿԱՀԿ) պաշտոնական կայք էջում հրապարակված երկրներում արձանագրված կենդանիների, կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման, լաբորատոր ախտորոշման և համաճարակաբանական վերլուծության, Հայաստանի Հանրապետություն ներթափանցման կանխարգելման և այլ ուղղություններով,
- գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծրագրի շրջանակներում,
- ելնելով անասնաբույժի կողմից իրականացվող գործառույթներից՝ մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը միտված կարիքներից։
- ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Վերապատրաստման կարիքների գնահատումն իրականացվում է հարցազրույցի ձևով։
- Վերապատրաստման կարիքների գնահատման չափորոշիչներն են՝
- անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ, կենդանիների հաշվառման և համարակալման միջոցառումների իրականացման թերակատարման պատճառները,
- համաճարակաբանական տվյալների հավաքագրման և վերլուծության թերացումները,
- լաբորատոր փորձաքննության և արագ ախտորոշման գործընթացներում առկա դժվարությունները, ոչ արդիական մեթոդների կիրառությունը և մասնագիտական պատրաստվածության թերացումների վերհանումը,
- ԿԱՀԿ–ի պաշտոնական կայք էջում հրապարակված երկրներում արձանագրված կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման, բուժման, լաբորատոր ախտորոշման, վերահսկողության և համաճարակաբանական տվյալների վերլուծության արդյունքները,
- անասնաբուժության ոլորտում իրավական ակտերի և դրանց մշակման մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների անհամապատասխանությունը։
- Յուրաքանչյուր տարվա (անհրաժեշտության դեպքում) երրորդ եռամսյակում Նախարարության մասնագիտական ստորաբաժանման կողմից իրականացվում է անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարիքների վերհանում և գնահատում, որից հետո տասնօրյա ժամկետում ներկայացվում է վերապատրաստման դասընթացի անցկացման համար թեմատիկ ծրագրի մշակման առաջարկություն՝ անասնաբույժ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հաջորդ տարվա Նախարարության բյուջետային հայտում ներառելու և դասընթաց կազմակերպելու մասին։
- Յուրաքանչյուր տարվա (անհրաժեշտության դեպքում) երրորդ եռամսյակում տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանման կողմից իրականացվում է անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների շրջանում վերապատրաստման կարիքների վերհանում և գնահատում։
- Յուրաքանչյուր տարվա (անհրաժեշտության դեպքում) երրորդ եռամսյակում իրականացվում է համայնքը սպասարկող անասնաբույժների վերապատրաստման կարիքների գնահատում՝ Նախարարության անասնաբույժի որակավորում ունեցող աշխատակցի մասնակցությամբ։
- Անասնաբույժի որակավորում ունեցող և մասնագիտական գործունեություն իրականացնող կազմակերպության վերապատրաստման կարիքների գնահատումն իրականացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածում։ Վերջինս կարող է հրավիրել Նախարարության անասնաբույժի որակավորում ունեցող աշխատակցի։
- Մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման նպատակով՝ սեփական կարիքներից ելնելով, ֆիզիկական անձիք սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածում ներկայացնում են դիմում։
- Վերապատրաստման ենթակա անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների կազմը (անուն, ազգանուն, պաշտոն) հաստատում է՝
- Նախարարությունում՝ Նախարարության գլխավոր քարտուղարը,
- Նախարարության ենթակայությամբ գործող ոլորտային կազմակերպությունում(ներում)՝ կազմակերպության տնօրենը(ները),
- տեսչական մարմնում՝ տեսչական մարմնի ղեկավարը։
- Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։
- Նախարարության, Նախարարության ենթակայությամբ գործող ոլորտային կազմակերպության(ների), անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի մասնագիտական ստորաբաժանման կողմից վարվում են էլեկտրոնային գրանցամատյաններ՝ ըստ վերապատրաստում անցած անասնաբույժ մասնագետների, վերապատրաստման տարեթվերի և թեմաների։
- Անասնաբույժ մասնագետները վերապատրաստման դասընթացի կեսից ավելիին բացակայելու դեպքում՝ նրանց հնարավորություն է տրվում մասնակցելու նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացին:
- Վերապատրաստման ընթացքում պահպանվում է վերապատրաստվող մասնագետի աշխատատեղը և աշխատավարձը։
- Վերապատրաստում անցած անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետին ուսումնական հաստատության կողմից տրվում է համապատասխան վկայական (հավաստագիր):
-
Քննարկվել է
14.03.2024 - 29.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2422
Տպել