«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
10 - Կողմ
-
42 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչելու և այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Քաղաքացիների և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի վերլուծության արդյունքում փաստվել է, որ խնդիրներ են առաջացել ինչպես որոշ հիվանդությունների և ախտաբանական վիճակների մասով ոչ արդյունավետ կարգավորումների, այնպես էլ փորձաքննվողների կողմից իրավիճակի վրա ազդեցություն ունենալու հնարավորության տեսանկյունից։ Քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին հոդվածում ՀՀ կառավարության 25.07.2019թ. N 952-Ն որոշմամբ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն և մտավոր հետամնացության այլ ձևեր, անկախ վարքային խանգարումից» ախտորոշմամբ զորակոչիկները փորձաքննվել են «բ», իսկ ՀՀ կառավարության 22.12.2022թ. N 2053-Ն որոշմամբ կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ «ա» կետով՝ ճանաչվելով ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Փոփոխությունների արդյունքում «մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների թիվը զորակոչից-զորակոչ ավելացել է, մասնավորապես, եթե 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքում նշված ախտորոշմամբ ոչ պիտանի է ճանաչվել 188 զորակոչիկ, ապա 2022 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում այն կազմել 321։
Քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 14-րդ հոդվածի համաձայն՝ գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունների (բարորակ և չարորակ), այլ ծավալային գոյացությունների, ինչպիսիք են կիստաները 0,5 սմ և ավելի մեծ չափերի առկայության դեպքում, անգամ առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների, զորակոչիկները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Բշկական կազմակերպությունների՝ արդի սարքավորումներով տեխնիկական հագեցվածության և այդ սարքավորումների կատարելագործմանը զուգընթաց և զորակոչիկների ու նրանց հարազատների կողմից ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման պահանջներին տեղեկացված լինելու արդյունքում զորակոչից-զորակոչ ավելանում է նշված ախտորոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թվաքանակը։ Ընդ որում, նշված ախտորոշմամբ զորակոչիկներին հետազոտելու և փորձաքննելու համար մեծ մասամբ հիմք են հանդիսացել իրենց իսկ նախաձեռնությամբ իրականացված ՄՌՏ հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների կողմից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ են ներկայացվել ավելի քան 1400 ՄՌՏ հետազոտության տվյալ, որոնցից 737-ի դեպքում իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում զորակոչիկները ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ ներկայացվել է ավելի քան 1000 հետազոտության տվյալ և այդ տվյալների հիման վրա իրականացված առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության արդյունքում 220 զորակոչիկ արդեն իսկ ճանաչվել է ոչ պիտանի և օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայության համար։
Քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 55-րդ հոդվածի համաձայն «գիշերամիզություն»՝ հաստատված և առանց նյարդային, հոգեբուժական կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանիշների ախտորոշմամբ զորակոչիկները 1-ին սյունակի «ա» կետով ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և նշանակվում են ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով։ Նշված կարգով ծառայության ներգրավված զինծառայողները, նույն որոշման պահանջների համաձայն, ծառայության ընթացքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ անցնում են ռազմաբշկական փորձաքննություն և նրանց մեծ մասն առաջին իսկ փորձաքննության արդյունքում ցանկի 55-րդ հոդվածի 2-րդ սյունակի համաձայն ճանաչվում է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և վաղաժամկետ արձակվում է պարտադիր զինվորական ծառայությունից։ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2053-Ն որոշմամբ համապատասխան փոփոխությունների կատարումից հետո, որի արդյունքում «գիշերամիզություն»՝ հաստատված և առանց նյարդային, հոգեբուժական կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանիշների ախտորոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայողները ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, էականորեն ավելացել են նաև զինծառայողների մոտ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նշված հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Մասնավորապես, եթե 2022 թվականի ընթացքում արձանագրվել է ընդամենը 10 այդպիսի դեպք, ապա 2023 թվականի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողների մոտ առաջին անգամ հայտնաբերվել է գիշերամիզության 33 հաստատված դեպք, որոնք, ինչպես նաև այդ ախտորոշմամբ օրվա հեշտացված կարգացուցակով ծառայություն անցնող թվով 66 զինծառայողներ վաղաժամկետ արձակվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։
Վերը նշված խնդրահարույց կարգավորումները բացասաբար են անդրադառնում թե զորակոչի, և թե պարտադիր զինվորական ծառայության կազմակերման գործընթացին, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է թողնում ՀՀ պաշտպանունակության ապահովման և ՀՀ զինված ուժերի խնդիրների պատշաճ կատարման վրա:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները՝ դրանք ճանաչելով որպես զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
16.02.2024 - 03.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 5328
Տպել