Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ:

Մանասվորապես՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք)
11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կամ մասնավոր կարգով՝ հանցանքի բնույթից և ծանրության աստիճանից ելնելով: Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով (…):

 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել  քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։

Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:

Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների  ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելու անհրաժեշտություն, որն, իր հերթին, անհրաժեշտություն է առաջ բերում ավելացնել համապատասխան հաստիքներ, որոնք օժանդակելու են դատավորների աշխատանքին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների թիվն ավելացնել 30-ով, մասնավորապես յուրաքանչյուր դատավորի աշխատակազմում ընդգրկված 3 աշխատակցով՝ դատավորի օգնական, դատավորի գործավար և նիստերի քարտուղար:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները կյանքի կոչելու նպատակով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելով պայմանավորված՝ Նախագծի ընդումամբ ակնկալվում է ունենալ վերջիններիս աշխատանքին օժանդակելու համար անհրաժեշտ հաստիքներ:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման արդյունքում 2024 թվականի տարեկան բյուջեում նախատեսվում է ավելացում, որի վերաբերյալ մանրամասն հաշվարկը կցվում է սույն նախագծին:

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

 

  1. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    13.02.2024 - 28.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2122

Տպել