«Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» և «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու մասին» որոշումների նախագծեր
-
6 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» և «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
2023 թվականի հունիսի 14-ից ուժի մեջ մտած «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխություն է կատարվել սակագնային կարգավորման ենթակա ունիվերսալ ծառայությունների ցանկում։ Մասնավորապես, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը կրճատվել է՝ սահմանափակվելով ներհանրապետական հասարակ և գրանցված նամակագրական թղթակցության (նամակներ, փոստային բացիկներ, փաթեթներ և փոքր փաթեթներ) առաքման ծառայություններով, իսկ ներհանրապետական մինչև 20 կիլոգրամ քաշով ծանրոցների, գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականների և «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքման ծառայությունները հանվել են ունիվերսալ ծառայությունների ցանկից և այլևս չեն հանդիսանում սակագնային կարգավորման ենթակա ծառայություններ։
Միաժամանակ, «Փոստային կապի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիշյալ փոփոխությամբ (Օրենքի 182-րդ հոդվածի 10-րդ մաս) սահմանվել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկա և լրամշակել փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման գործող կարգը՝ վերջինս համապատասխանեցնելով Օրենքի պահանջներին և հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում գործող միասնական կարգավորումներին։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման մեթոդիկայի նախագծով սահմանվում են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման սկզբունքները, կարգը, սակագների հաշվարկի հիմքում ընկած անհրաժեշտ հասույթի որոշման, դրանում ներառված բաղադրիչների հաշվարկման կարգը, սակագների կառուցվածքը, ինչպես նաև ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների միջև ծախսերի բաշխման սկզբունքները, փուլերը և կարգը։
Միաժամանակ, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման կարգի լրամշակումը նպատակ ունի սակագների հաշվարկն իրականացնել առաջարկվող մեթոդիկայով սահմանված ծախսերի բաշխման սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով օրենքի նոր պահանջները և հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում գործող տեխնիկական բնույթի կարգավորումները։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական ակտով կամրագրվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաշվարկման, փոստային կապի ազգային օպերատորի ծախսերը մատուցվող ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխելու սկզբունքները և կարգը, ինչպես նաև կհստակեցվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով Օրենքով նախատեսված իրավակարգավորումներին։
-
Քննարկվել է
12.02.2024 - 28.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Փոստային կապ
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1528
Տպել