Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N329-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագիծը նախապատրաստվել է միգրացիոն հոսքերի ուսումնասիրությամբ բարձրացված որոշակի խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Մասնավորապես, վերջին շրջանում միգրացիոն հոսքերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կտրուկ աճել է ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր մուտք են գործում ՀՀ և շարունակում մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը:

2023 թվականի ընթացքում ՀՀ մուտքի վիզա են ստացել Հնդկաստանի թվով 67.609 քաղաքացիներ, իսկ 2022 թվականի ընթացքում՝ Հնդկաստանի թվով 25.062  քաղաքացիներ:

ՀՀ մուտքի վիզա ստացողների կտրուկ աճը պայմանավորված է 2022 թվականին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու գործընթացում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններով, երբ Հնդկաստանի քաղաքացիներին առանց որևէ սահմանափակման հնարավորություն ընձեռնվեց էլեկտրոնային մուտքի վիզա ստանալ: 

Իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ ՀՀ մուտքի վիզայի թվին զուգահեռ կտրուկ աճել է ՀՀ տարածքում անօրինական գտնվող Հնդկաստանի քաղաքացիների թիվը․ շուրջ 2.335 Հնդկաստանի քաղաքացիներ անօրինական հիմքերով գտնվում են ՀՀ տարածքում: ՀՀ տարածքում մեծ թվով անօրինական գտնվող Հնդկաստանի քաղաքացիների մասին է վկայում նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության ենթարկված թվով 8.284 Հնդկաստանի քաղաքացիների թվաքանակը: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության կողմից իրականացված տարբեր միջոցառումների կամ շրջայցերի արդյունքում հայտնաբերված անօրինական միգրանտների թվաքանակում անգամ գերակշիռ մաս են կազմում Հնդկաստանի քաղաքացիները:

2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ են ստացել Հնդկաստանի թվով 3.845 քաղաքացիներ, որից 1.437 անձ կացության կարգավիճակ են ստացել ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով, իսկ 2.226-ը՝ ուսման հիմքով:

Նույն ժամանակահատվածում լիազոր մարմնի կողմից մերժվել է կացության կարգավիճակ տրամադրելու 377 դիմում, կարճվել է՝ 221-ը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, փորձելով օրինականացնել ՀՀ տարածքում իրենց հետագա բնակությունը, Հնդկաստանի քաղաքացիները բացում են անհատ ձեռնարկություններ, որոնց մեծ մասը սակայն իրականում որևէ գործունեություն չեն իրականացնում, կամ փորձում են աշխատանքի անցնել ՀՀ տարածքում գործող ընկերություններում, սակայն մինչև աշխատանքի թույլտվություն կամ կացության կարգավիճակ ստանալը, դադարեցնում են իրենց համագործակցությունը և շարունակում ՀՀ տարածքում մնալ առանց օրինական հիմքերի:  

Այս  իրավիճակը  բերում  է  մի շարք  բացասական հետևանքների, մասնավորապես.

  • ձևավորվում է  անօրինական  միգրանտների հոսք՝ արտաքսման ռեալ մեխանիզմների  բացակայության պատճառով,
  • աճել է անօրինական միգրանտների կողմից կատարվող հանցագործությունների թիվը,
  • առկա է  թրաֆիքինգի  ենթարկվելու  բարձր ռիսկ,
  • առկա է  ՀՀ  տարածքից  դեպի  եվրոպական երկրներ  տեղաշարժվելու տեսնակյունից  տարանցիկ գոտու վերածվելու հավանականություն, ինչը խիստ բացասաբար կարող  է անդրադառնալ վիզաների ազատականացման գործընթացի վրա:

2023թ-ի ընթացքում ՀՀ մուտքի վիզա են ստացել 10.564 Իրաքի քաղաքացիներ, իսկ  կացության կարգավիճակ են ստացել 84 անձ: Մեծ թիվ չեն կազմում նաև ՀՀ տարածքում անօրինական գտնվող Իրաքի քաղաքացիները, սակայն վերջին շրջանում աճել է ՀՀ տարածքում ապաստան հայցող Իրաքի քաղաքացիների թիվը: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում լիազոր մարմնին ապաստանի հայց են ներկայացրել Իրաքի թվով 240 քաղաքացիներ, մինչդեռ 2022թ-ի ընթացքում ապաստանի հայց են ներկայացրել Իրաքի թվով 198 քաղաքացիներ:

Ապաստան հայցող Իրաքի քաղաքացիների մեծամասնությունը Հայաստան է գալիս Թուրքիա գնալուց հետո, որտեղ նրանց մերժում են կացության կարգավիճակի տրամադրումը։ Վերջիններս, օգտվելով ՀՀ տարածք մուտք գործելու համար թույլտվություն ստանալու դյուրին ընթացակարգից, գալիս են Հայաստան և ապաստան հայցում այստեղ։ Նրանք Հայաստան մուտք են գործում Իրաքի Քուրդիստանից՝ Էրբիլից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Իրանից:

Ապաստան հայցելու եղանակներից մեկն էլ ՀՀ պետական սահմանի անցման կետում ապաստան հայցելն է, երբ Իրաքի քաղաքացին, չունենալով ՀՀ մուտքի վիզա, ապաստան հայցելու միջոցով ձեռք է բերում ՀՀ մուտք գործելու իրավունք: Այս եղանակով ապաստան են հայցում նաև այն պարագայում, երբ ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը: Ապաստան հայցելու նման միջոցը թույլ է տալիս օտարերկրացիներին մուտք գործել ՀՀ տարածք առանց օրինական հիմքեր ունենալու, ինչպես նաև ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար։ Տվյալ ճանապարհով Հայաստան մուտք գործելու դեպքերի աճի պարագայում ակնհայտ կլինի, որ օտարերկրացիները իրենց նպատակին հասնելու համար չարաշահում են ապաստանի համակարգը։

Իրաքից և Եգիպտոսից անօրինական միգրացիոն հոսքերի դեպքում առկա  են  հետևյալ  ռիսկերը․

  • ապաստանի հայցերի մեծ թիվը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում պետական ապարատի վրա՝ նաև հավելյալ ծախսեր կատարելու տեսանկյունից,
  • ապաստանի հայցերի մեծ մասը անհիմն են և մերժվում են, ինչի մասին վկայում է վերջին տարիների փորձը։ 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Միգրացիոն գործընթացները վերահսկելի դարձնելու համար նշված երկրների քաղաքացիների համար անհրաժեշտ է առավել հստակ կանոնակարգել ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Մասնավորապես, առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի  և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել բացառապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում:

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է նվազեցում։

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը թույլ կտա վերահսկելի դարձնել վերոնշյալ երկրներից միգրացիոն հոսքերը և կանխել անօրինական միգրացիայի արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

                                                                              ՆԵՐՔՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Քննարկվել է

    07.02.2024 - 22.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անձնագրեր և վիզաներ, Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1727

Տպել