Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Մշակութային օրենսդրության հիմունքների մասին

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք   Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ, որի հիման վրա, հետագայում մշակվել և ընդունվել են նեղոլորտային՝ առավել մասնագիտական դաշտը կարգավորող օրենքները, մասնավորապես՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը, «Գրադարանների մասին» ՀՀ օրենքը, «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը և այլն։

Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի զարգացման արդյունքում, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում պարբերաբար (2011 և 2018 թթ.) կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

 «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտու­թյունը պայմանա­վորված է օրենսդրական դաշտի նույնականացման,  անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ, 26-րդ, 26.1-րդ, 31-րդ և 32-րդ հոդվածներում։ Այդ փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը։

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ․ ռազմավարության» ընդունմամբ պայմանավորված, պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացմանը վերաբերող Օրենքի 2-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում  և իրականացվում է «Մշակույթի պահպանման, տարածման և զարգաց­ման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։

Աշխարհում և Հայաստանում մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է Օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է։ Ինքնազբաղ արվեստագետ ասելով հասկանում ենք որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործական աշխատող, ով գրանցված է հարկային դաշտում և ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը։

Օրենքով առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է որևէ մշակույթի ոլորտում գործունեություն  իրականացնող, կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։ Տվյալ կազմակերպությունների ոչ ստեղծագործական անձնակազմը՝ տնօրեն, տեխնիակակն սպասարկողներ, հսկիչներ, հաշվապահներ, ադմինիստրատորներ, չեն հանդիսանում մշակութային գործունեությամբ զբաղվող անձ։

Օրենքի 4-րդ հոդվածի վերոնշյալ լրացումները միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեու­թյունը, որն իրականացվում է Նախարարության կողմից կազմակերպվող դրամաշնորհային ծրագրերի, Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող միջոցառումներում վերոնշյալ ստեղծագործողներին ընդգրկելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի, հավասար մրցակցային դաշտի ձևավորման միջոցով:

Պետական ոչ առևտրային կազմակերպու­թյունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված, ինչը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և պետք է ամրագրվի նաև օրենքով, խմբագրվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև ավելացվել է նոր հոդված՝ 26․2-ը։ Կատարվող լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը իրա­կանացնելու է թանգարանների կառավարման և թատերահամերգային կազմակերպու­թյունների առաջխաղացման գործառույթները։ Այդ նպատակով, նշյալ հիմանդրամը իրակա­նացնելու գովազդատեղեկատվական աշխատանքներ, ներգրավելու է լրացուցիչ ֆինան­սական միջոցներ, իրականացնելու է դաշտի մշտադիտարկում և վերլուծություն, որի հիման վրա առաջարկելու է զարգացման հեռանկարային ծրագրեր, կազմակերպելու և համակարգելու է արտերկրում հայկական մշակոյթը ներկայացնելու գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային այլ հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված այլ աշխատանքներ։

Նույն 21-րդ հոդվածը լրացվել է երեք նոր կետերով, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը պետական ոչ առևտրային կազմակեր­պություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյունների պետական բյուջեով նախա­տեսված ծրագրերի ֆինանսավորման, միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանակաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանա­կան թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու սկզբունքները: Ներկայում շրջա­նառվում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներում և մրցանա­կաբաշխություններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցանակաբաշխությունների և արժանացել մրցանակի, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կստանան անվանական թոշակ՝ ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով:

Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլև  միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի և ձեռքբերումների արժևորմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շրջանառվում է նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով չեղարկվելու են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները, անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու «Պետական» բառի օգտագործումը։ Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կազմակերպությունները, որոնք կրում են «Պետական» անվանումը ներկայում ունեն և համապետական և մարզային և համայնքային նշանակություն։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում տարբերակված մոտեցում կիրառել։ «Պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը շնորհել մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և համապատասխանաբար «Համայնքային» անվանումը շնորհել համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։

Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին։

 

Նույն հոդվածում կատարվել է երկու նոր լրացում, որոնք վերաբերում են լիազոր մարմնի կողմից մշակութային կազմակերպու­թյունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստա­վորման և ելույթավճարների տրամադրման սկզբունք­ների ձևավորման կարգերի հաստատմանը, պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուններ հանդիսացող մշակութային հաստատու­թյուն­ների սակագնային ընդհանուր քաղա­քականության սահմանմանը:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարի 16.11.2023թ. N 2377-Ա/2 հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը, որով ոչ միայն սահմանվում են կազմա­կերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավա­հարաբերու­թյունները, այլև վերջիններիս վարձատրության մեխանիզմը: Ատեստավորման գործընթացը կազմակերպվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացվող քննությունների միջոցով` ստեղծագործողի պրոֆեսիոնալիզմի, կատարողական վարպետության և բեմական տվյալների օբյեկտիվ գնահատականի հիման վրա: Ատեստա­վորման արդյունքների հիման վրա ստեղծագործական անձնակազմի աշխա­տակցի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերաբերյալ hանձնաժողովի կայացրած որոշման դեպքում կարող է քննարկվել աշխատակցի հետագա ստեղծա­գործական գործունեության մեջ ընդգրկման հնարավորությունների վերաբերյալ ելույթա­վճարի խմբի հարցը: Զբաղեցրած պաշտոնին (հաստիքին) աշխատողի անհամապա­տասխա­նության հիմքով կազմակերպության տնօրենը կայացնում է աշխատանքից ազատելու որոշում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Հանձնաժողովի որոշման հիման վրա կազմակերպության տնօրենը հրամա­նով հաստատում է աշխատողի ատեստա­վորման արդյունքը և սահմանում աշխատողի վարձատրության չափը։ Աշխատողի վարձա­տրությունը ձևավորվում է Կազմա­կերպության հաստիքացուցակով սահմանված աշխա­տավարձի դրույքաչափից և ելույթավճարից: Նման սկզբունքը հնարավորություն է ընձեռում կազմակերպության տնօրեններին կիրառել վարձատրության ավելի ճկուն համակարգ։ Ելույթավճարները սահմանվում են ըստ ներկայացված թատերահամերգային ծրագրերի, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի արտիստների ներգրավվա­ծության՝  Կազմակեր­պության ֆինանսական հնարավորությունների հիման վրա: Ստեղծա­գործական անձնակազմի այն աշխատողներին, ում համար նախա­տեսված չէ Ատեստա­վորում, դրույքաչափերը սահմանվում են հարցազրույցի հիման վրա՝ հաշվի առնելով իրենց մասնագիտական որակավորումը և աշխատանքի փորձը: Կազմակերպության կողմից հրավիրյալ արվեստագետ (երաժիշտ, մենակա­տար, դիրիժոր, դերասան, ռեժիսոր և այլ) ներգրավելու պարագայում, վերջինիս ելույթավճարը սահմանվում է կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:

Այդ համատեքստում, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 26-րդ հոդվածում՝ նոր պարբերությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»։

Առաջարկվում է ուժը կործցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը և օրենքի 31-րդ հոդվածը, որոնք վերաբերում են պետական ծրագրերի ներկայացման գործընթացին և ժամանակացույցին։

Խմբագրական փոփոխություն է կատարվել Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետում. «ֆիլմարվեստի» բառը փոխարինվել է «կինոարվեստի» բառով և 2-րդ կետի 1-ին ենթա­կետում «տարածմանը» բառը փոխարինվել է «տարածումը» բառով։

Օրենքի անցուցամային դրույթներով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը և ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո ընդունվում եմ Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգեր, այդ թվում՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնա­դրությունը, սահմանվում են պետա­կան ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյուն­ների պետական բյու­ջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդի­սացող մշակութային հաստատու­թյունների պետական բյու­ջեով նախատեսված ծրա­գրերի և միջոցառումների ֆինանսա­վորման, մշակութային կազմա­կերպությունների աշխատակից­ների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունք­ների ձևավորման կարգերը, պետական ոչ առև­տրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատություն­ների սակագնային ընդհանուր քաղաքականությունը:

Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատաս­խանե­ցումները կավարտվի 2025 թվականի դեկտեմբերի 25-ին։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի սպասվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառա­վարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ իրավական ակտերի մշակում հրամայականից։

 

 

  • Քննարկվել է

    24.01.2024 - 14.02.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2347

Տպել