Լրամշակման փուլում է
ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
1.ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայերենը 5-րդ դարասկզբին դառնալով գիր ու գրականության լեզու՝ անցել է զարգացման յուրօրինակ ուղի՝ իր բանավոր ու գրավոր տարբերակներով, տարբեր լեզուների հետ առնչություններով ու փոխազդեցություններով: Լեզվի զարգացման գրավոր շրջանի գրաբարյան ու միջինհայերենյան փուլերին 17-րդ դարում հաջորդած աշխարհաբարյան շրջանը, պատմական հանգամանքների բերումով ու բարբառային ինքնատիպ տարբերակվածության առկայությամբ, 18-րդ դարից ներկայանում է հայերենի արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով, որոնք 20-րդ դարի սկզբներից սկսած՝ ունեցան գոյության, գործառության ու զարգացման տարբեր պայմաններ ու հնարավորություններ: Ի տարբերություն արևելահայերենի, որը շարունակեց իր ամբողջական գոյությունն ու զարգացումը բնօրրանում՝ արևմտահայերենը ցեղասպանության պատճառով զրկվեց հայրենիքից, բեկոր-բեկոր սփռվեց աշխարհով մեկ, զրկվեց միասնական ու բնականոն զարգացման հնարավորությունից: Եղեռնի զոհ դարձան ոչ միայն արևմտահայության հսկայական զանգվածներ, այլ նաև արևմտահայերենի գրական ու բարբառային տարբերակները, հայերեն խոսքը վտարվեց Արևմտյան Հայաստանից: Հրաշքով փրկվելով ու հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում՝ հայության հատվածները, հաղթահարելով բազում խոչընդոտներ և գործադրելով աննկուն կամք ու նվիրում, ստեղծեցին վարժարաններ, եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցներ՝ օտար ափերում պահպանելով և կորստից փրկելով գրական արևմտահայերենը, որը, անշուշտ, ազգապահպանության կարևորագույն երաշխիքներից է:
Ցավոք, 20-րդ դարի 70-90-ական թթ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ստեղծված պատերազմական իրավիճակը պատճառ դարձավ դասական սփյուռքի հայահոծ համայնքներից այլ երկրներ հայերի պարտադրված արտագաղթի, որի հետևանքով արևմտահայերենը կրող հանրության հիմնական հատվածները նորից հայտնվեցին այլախոս լեզվական միջավայրերում: 20-րդ դարի վերջերից համաշխարհայնացման գործընթացներն արագացրին տեղաշարժերը, այդ թվում և դասական սփյուռքում, շատ և շատ հայ աշակերտների զանգվածային հոսք սկսվեց բնակության երկրների պետական ու հանրային դպրոցներ:
Զանազան գործընթացների ու գործոնների ազդեցությամբ արևմտահայերենը աստիճանաբար սկսեց նահանջել սփյուռքի հայկական շատ համայնքներում ու կյանքի բոլոր ոլորտներում, և 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այն դասվեց «վտանգված լեզուների» շարքին: Սիրիական պատերազմը ոչ միայն քայքայեց մեր ամենահզոր համայնքներից մեկը, այլև մեծ վնաս հասցրեց արևմտահայերենին: Մի կողմից Հայրենիքում հաստատված սիրիահայերի (ինչպես և իրաքահայերի) մի մասը անցում է կատարում արևելահայերենի (մանավանդ որ երեխաները հաճախում են արևելահայերենով ուսուցմամբ հայաստանյան դպրոցներ), ավելի փոքր մասն էլ տեղափոխվում է օտար երկրներ, որտեղ օրեցօր սահմանափակվում են հայերենի գործածության շրջանակները, իսկ տարբեր լեզվամշակութային միջավայրերում հայտնված արևմտահայերենը շարունակում է կորցնել միասնականությունը: Այժմ այն ներկայանում է բառապաշարային ու հնչյունաքերականական անմիօրինակություններով, բազմաթիվ խնդիրներով:
Այսօր աշխարհի տարբեր երկրներում բնակվող ավելի քան 7 մլն. հայերից արևմտահայերեն է խոսում ընդամենը 2 մլն. մարդ, դասական սփյուռքի երկրներում գործում են մոտ 320 հայ ազգային վարժարաններ և մեկօրյա դպրոցներ, որոնցում սովորում է շուրջ 150.000 աշակերտ: Փակվել կամ փակման սպառնալիքի տակ են արևմտահայերենով կրթություն իրականացնող բազմաթիվ դպրոցներ: Ներկայում արևմտահայերենի կիրառության սահմանների նեղացումը արտահայտվում է ներհամայնքային շփումներում, նույնիսկ ընտանիքներում հաճախ հաղորդակցվում են բնակության երկրի լեզվով, իսկ որոշ թեմերում էլ հոգևորականները ստիպված քարոզը ներկայացնում են նաև օտար լեզվով: Խնդրահարույց են մնում ուսման որակի հարցերը, մտահոգիչ է ուսուցիչների սերնդափոխության խնդիրը: Վտանգված է արևմտահայերենով մշակութային ժառանգության փոխանցումը: Արևմտահայերենի նվազող կենսունակությունը պայմանավորված է միջսերնդային փոխանցման նվազմամբ, լեզուն կրողների թվաքանակի և օգտագործողների անհամամասնությամբ: Արևմտահայերենի վարչական կիրառությունը նվազել է՝ հասնելով խորհրդանշականի:
Լեզվի լրագրողական կիրառությունը նույնպես անկում է ապրում` սփյուռքահայ համայնքներում փակվում են լրատվամիջոցներ՝ կայուն ընթերցողների քանակի նվազման պատճառով:
Այս ամենի հետ մեկտեղ՝ արևմտահայերենի վտանգված լինելու վրա առավել ազդում է նաև իրավիճակը ավելի է բարդանում՝ պայմանավորված գիտության և նորագույն տեխնոլոգիաների աննախադեպ սրընթաց զարգացումը և համաշխարհայնացման գործընթացները:
Արևմտահայերենի խնդիրների, նրա առջև ծառացած մարտահրավերների վերլուծության, ստեղծված իրավիճակից ուղիների որոնման նպատակով վերջին շրջանում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են բազմաթիվ համաժողովներ ու գիտաժողովներ՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, ԵՊՀ և Հայաստանի գիտակրթական այլ հաստատությունների, սփյուռքի մասնագետների, հայտնի լեզվաբանների մասնակցությամբ: Սփյուռքի տարբեր հայկական կազմակերպություններ, հիմնադրամներ, հոգևոր ու մշակութային կառույցներ մեծ ծավալի աշխատանքներ են կատարում, առաջադրվում են բազմաթիվ ծրագրեր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Անթիլիասում ստեղծվել և գործում է Արևմտահայերենի պաշտպանության հանձնաժողով: Հետևողական աշխատանքներ են իրականացնում Գյուլպենկյան հիմնարկությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլ հաստատություններ: ՀՀ վարչապետին կից ստեղծվել է Հայերենի բարձրագույն խորհուրդ: Սակայն արևմտահայերենի պահպանման, լեզվաճյուղի կանոնարկման ուղղությամբ կատարված աշխատանքները բավարար համարվել չեն կարող: «Լեզվի մասին» ՀՀ օրենքում սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը, որի համար անհրաժեշտություն է ռազմավարության մշակումը և միջոցառումների համալիր ու բազմավեկտոր ծրագրի իրականացումը:
Վերոգրյալից ելնելով՝ անհրաժեշտ է մշակել արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման ռազմավարություն:
- ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
2.Ռազմավարության նպատակն է՝
- արևմտահայերենի պահպանման, անաղարտության, զարգացման, կանոնարկման, ուսումնասիրության, ուսուցման ապահովման և կիրարկման հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը Սփյուռքում և Հայաստանում:
3.ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
3.Արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում տարվող աշխատանքներն բավարար չեն: Չկա միջոցառումների պետական համալիր ծրագիր: Այս ուղղությամբ Հայաստանի և սփյուռքի մասնագետների, պետական և լեզվի հարցերով զբաղվող կառույցների համատեղ գործունեություն բավարար չափով չի ծավալվում:
4.Այլ պետություններում գործածվող լեզուների ազդեցությամբ օրավուր վատթարանում է հայերենի իմացության վիճակը. պակասում է արևմտահայերեն խոսողների թիվը, հետզհետե նեղանում են արևմտահայերենի կիրառության սահմանները, նոր սերունդը գրեթե չի խոսում հայերեն:
- Արևմտահայերենի հետագա գոյության, զարգացման, նրա կրթական, հաղորդակցական գործառույթների իրականացման հարցերի նկատմամբ անհետևողական ու անբավարար ուշադրության հետևանքով լեզուն որակական անկում է ապրում: Առաջնահերթ խնդիր է լեզվի կանոնարկումը, մանավանդ, որ չի ստեղծվել լեզվաճյուղի միասնական քերականություն:
6.Հայոց լեզվի միասնականության պահանջը օրակարգում է պահում արևմտահայերենի ու արևելահայերենի մեձեցման խնդիրը, լեզվաճյուղերի համընթաց զարգացման համար պայմանների ստեղծումը, հնչյունական, բառային և քերականական իրողությունների՝ ըստ հնարավորին միօրինականացումը:
- 7. Ազգային վարժարաններում հետզհետե նվազում է աշակերտների թիվը, առկա է արևմտահայերենի կրթական, կիրառական շրջանակների նեղացում:
- Ուսման որակի հարցերը ազգային վարժարաններում ոչ միշտ են բավարարում արդի պահանջները:
- Սփյուռքի կրթօջախներում երիտասարդ ուսուցիչների խիստ պակաս կա, ուսուցիչների գերակշռող մասն աշխատում է արդեն 30-40 տարի, համակարգված չեն ուսուցիչների սերնդափոխության հետ կապված հարցերը, ազգային վարժարանների համար հայերենի և հայագիտական առարկաների մասնագետների շարունակական պատրաստման և վերաորակավորման ծրագիր չի իրականացվում ո՛չ սփյուռքում, ո՛չ Հայաստանում: Համայնքներից երիտասարդներ չեն ուղարկվում Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում նախատեսված հայագիտական առարկաների գծով նպատակային ուսուցման անցնելու համար:
- Ազգային կրթարանների ֆինանսական միջոցներն անբավարար են՝ լիարժեք կրթական գործընթաց կազմակերպելու համար:
- Դպրոցներում արևմտահայերենի և հայագիտական առարկաների դասագրքերի, ծրագրերի մեծ մասը հնացած է, դրանցից շատերը չեն համապատասխանում արդի մանկավարժության պահանջներին:
- Արևմտահայերենի՝ որպես երկրորդ, երրորդ լեզվի (այլ լեզուների հիմքով) ուսումնական ձեռնարկների, ինքնուսույցների, զրուցարանների խիստ պակաս կա:
- Գրեթե չկան հեռավար ուսուցման ծրագրեր, լեզվի դասավանդման հեռուստադպրոց, հեռուստատեսային դասընթացներ, արևմտահայերեն ուսումնական, մանկական, երիտասարդական գրավիչ և հայերենի իմացության համար խթանիչ հաղորդումներ:
- Խիստ անբավարար են արևմտահայերենի ժամանակակից տեխնոլոգիական, հեռացանցային, վիրտուալ հաղորդակցության ծրագրեր:
- Բավարար չէ Սփյուռքում և Հայաստանում վերջին տարիներին հրատարակված արևմտահայերեն, այդ թվում՝ մանկական գրականությունը:
- Հայաստանյան դպրոցներում արևմտահայերենի շրջանակները խիստ նեղ են, ավագ դասարանների հայ գրականության ծրագրում արևմտահայ միայն մի քանի հեղինակներ են ընդգրկված: Նույնն է վիճակը նաև բուհերում: Արևմտահայերեն սովորել ցանկացողների կամ արևմտահայերենը կրող հայրենադարձների համար ուսուցման հնարավորությունները սահմանափակ են:
- Առաջնահերթ խնդիր է արևմտահայերենով ընթերցողների շրջանակների գնալով նեղանալը: Փակվում են թերթեր, ամսագրեր, նորերը չեն ստեղծվում:
- Արևմտահայերենով ստեղծագործող լրագրողների սերնդափոխությունը մեծ չափով ընդհատված է:
- Արևմտահայերենի խնդիրների լուծման, մասնավորապես՝ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների կենսագործման համար Հայաստանում և Սփյուռքում մասնագիտական կառույցներ չեն գործում՝ բացառությամբ ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի:
4.ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
- Արևմտահայերենի պահպանման, զարգացման և տարածման խնդիրների լուծումը պահանջում է ՀՀ պետական համապատասխան մարմինների, հայաստանյան և սփյուռքյան կառույցների ու կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների, լրատվամիջոցների, բարերարների, մասնագետների ջանքերի համատեղում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է՝
1) արևմտահայերենի անաղարտության պահպանման, զարգացման և կանոնարկման և նպատակով Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժի գործադրմամբ իրականացնել հետևյալ միջոցառումները՝
ա) Հայերենի բարձրագույն խորհրդում արևմտահայերենի արդի վիճակի ուսումնասիրման և լեզվական բոլոր մակարդակների կանոնարկման, հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներով զբաղվող մասնագիտական հանձնախմբի ստեղծում,
բ) արևմտահայերենի պահպանման, զարգացման և կանոնարկման հարցերը համակարգող հանձնախմբի կամ հանձնախմբերի ստեղծում Սփյուռքում՝ Հայաստանում գործող համապատասխան կառույցի հետ գործակցությամբ,
գ) ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում Արևմտահայերենի պահպանման, Արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման և Հայերենի ուղղագրության միասնականացման հարցերով զբաղվող հանձնախմբերի ստեղծում,
2) տարածաշրջանների առանձնահատկություններից ելնելով՝ սփյուռքի կրթօջախների համար նոր և անհրաժեշտ դասագրքերի ստեղծման, ինչպես նաև գործածվող դասագրքերի վերանայման, տպագրության խնդիրների կարգավորման նպատակով առկա գիտա մանկավարժական ներուժի համախմբմամբ ձեռնարկել՝
ա) արևմտահայերենի կանոնարկման աշխատանքներ, արևմտահայերենի միասնական քերականության ձեռնարկների ստեղծում,
բ) արևմտահայերեն այբբենարանի, ընթերցարանի, մայրենիի, աշխատանքային տետրերի, լեզվի և գրականության դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և համապատասխան ծրագրերի, ուսումնաօժանդակ նյութերի ստեղծում,
գ) արևմտահայերենի՝ որպես երկրորդ, երրորդ լեզվի (այլ լեզուների հիմքով) ուսումնական ձեռնարկների, ինքնուսույցների, զրուցարանների ստեղծում,
3) արևմտահայերենի տարածման և ուսուցման գործում նորագույն տեխնոլոգիաները արդյունավետորեն կիրառելու նպատակով իրականացնել՝
ա) էլեկտրոնային դասագրքերի, ձայնասկավառակների, տեսահոլովակների պատրաստում և տարածում,
բ) արևմտահայերենի հեռավար, հեռացանցային, բջջային հեռախոսային, ինտերակտիվ-խաղային ուսուցման ծրագրերի մշակում և իրականացում, եղածների կատարելագործում,
4) արևմտահայերենով բառարանների (բացատրական, թարգմանչական, ուղղախոսական, ուղղագրական, եզրութաբանական) ստեղծում,
5) սփյուռքի ուսուցիչների սերնդափոխության ապահովման նպատակով ուսուցիչների պատրաստման համապետական ծրագրի մշակում և հաստատում,
6) Հայաստանում և Սփյուռքում վերապատրաստումների ծրագրերի համակարգային կատարելագործում,
7) տարբեր տարածաշրջաններում հայոց լեզվի ուսուցիչների ընկերակցությունների, ուսումնամեթոդական կենտրոնների ստեղծում,
8) բուհերի համապատասխան ֆակուլտետներում արևմտահայերենի ամբիոնների և բաժինների ստեղծում,
9) Հայաստանի միջին և ավագ դպրոցներում արևմտահայերենի խորացված, լրացուցիչ կամ ֆակուլտատիվ դասընթացների կազմակերպում, դպրոցներում լեզվաճյուղի ուսուցման կազմակերպում,
10) արևմտահայերենին և արևմտահայ գրողներին նվիրված դպրոցական, երիտասարդական համահայկական օլիմպիադաների, շարադրությունների, ասմունքի մրցույթների, ընթերցումների կազմակերպում,
11) մեծահասակների և բոլոր ցանկացողների համար գործող վարժարաններում արևմտահայերենի մեկօրյա դպրոցների, դասընթացների ստեղծում,
12) Հայաստան այցելող սփյուռքահայ երիտասարդների համար արևմտահայերենի ինտերակտիվ ուսուցման ծրագրերի իրականացում, ամառային ու ձմեռային ճամբարների կազմակերպում,
13) արևմտահայերենով գեղարվեստական երկերի, հեքիաթների, մանկական գրքերի, գիտահանրամատչելի գրականության հրատարակում Հայաստանում և սփյուռքում,
14) արևելահայերեն–արևմտահայերեն փոխարկիչ ծրագրի զարգացում և հարստացում,
15) հայրենիքում և սփյուռքում արևմտահայերենով հեռուստահաղորդումների, գովազդների, մուլտֆիլմերի, հայրենաճանաչությանը նպաստող հեռուստա-վավերագրական ֆիլմերի, ուսումնական, մանկական, երիտասարդական ծրագրերի ստեղծում և հեռարձակում,
16) արևմտահայերենով թատերական ներկայացումների և գեղարվեստական ֆիլմերի ստեղծում,
17) Հայաստանում հաստատությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների անվանումների, ցուցանակների արևմտահայերեն տարբերակների տարածում,
18) Հայաստանում արևմտահայերենով թերթերի հրատարակում, արևելահայերենով հրատարակվող թերթերում արևմտահայերենով էջերի, խորագրերի ստեղծում,
19) արևմտահայերենի թվային գործիքների՝ տառատեսակների, ստեղնաշարերի, կատարելագործում վիրտուալ հաղորդակցության, քննարկումների հարթակների, բջջային հեռախոսի արևմտահայերենի հավելվածների ստեղծում (Facebook, Twitter, Instagram, Web TV և այլն):
5.ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
21.Ռազմավարական ծրագրի շահառուներ են Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվան լեզվի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների, սփյուռքի հայ համայնքները, համահայկական կառույցներն ու կազմակերպությունները, հայաստանյան և սփյուռքյան գիտահետազոտական հիմնարկները, բուհերը, ֆիզիկական և իրավաբանական այլ անձինք, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ:
- Արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման և կանոնարկման ռազմավարական ծրագրի իրականացման ցուցանիշներն են՝
1) արևմտահայերենի կանոնարկումը,
2) անաղարտության պահպանումը,
3) գործածության ոլորտների ընդլայնումը լեզվաուսուցման, կրթության բնագավառներում, լեզվագիտական հետազոտությունների հաստատուն համակարգի ստեղծումը,
4) անհրաժեշտ գրականության, ձայնատեսասկավառակների, նյութերի ստեղծումը,
5) արևմտահայերենի լեզվակիր հանրության պահպանումը:
6.ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
- Ռազմավարությամբ իրականացվող գործընթացներից ակնկալվող արդյունքներն են՝
1) հայապահպանության խթանում,
2) արևմտահայերենի միասնականության ապահովում, միասնական քերականության ստեղծում,
3) արևմտահայերենի գործածություն և տարածքվածության ընդլայնում,
4) արևմտահայերենի լեզվակիրների թվի աճ,
5) լեզվից օտար, խորթ տարրերի դուրսմղում,
6) լեզվի երկու ճյուղերի մերձեցում լեզվական բոլոր ոլորտներում,
7) երիտասարդության շրջանում արևմտահայերենի իմացության մակարդակի բարձրացում:
- ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
24.Արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման և կանոնարկման ռազմավարությունը և նախատեսվող միջոցառումների ծրագիրը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
8.ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
25.Արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման և կանոնարկման ռազմավարության և Արևմտահայերենի զարգացման, անաղարտության պահպանման և կանոնարկման ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման արդյունավետության համար կանցկացվի մոնիթորինգ: Մոնիթորինգի ընթացքում համակարգի ապահովման նպատակով բնագավառի լիազոր մարմինը կնախապատրաստի ռազմավարության ընթացքի մասին հաշվետվություններ, համապատասխան տեղեկանքներ, ինչպես նաև կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն ծրագրի գործընթացում ներգրավված բոլոր կողմերը:
- ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
26.Ռազմավարության իրականացման ընթացքում ռիսկեր կարող են համարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կրճատումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, հայկական կառույցների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման դադարեցումը և այլն:
-
Քննարկվել է
23.01.2018 - 13.02.2018
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկում
23.01.2018 12:00
Վազգեն Սարգսյան 3
Դիտումներ` 10803
Տպել