Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԶԱՌԻԹԱՓԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ «ԶԱՌԻԹԱՓԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի ««Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի ««Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացնան, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման կատարման անհրաժեշտությամբ:   

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ Վայոց Ձորի մարզն ընդգրկում է 3 քաղաք` Եղեգնագձոր, Վայք, Ջերմուկ, ինչպես նաև 42 գյուղական համայնք և 52 գյուղ: Վայոց ձորի մարզկենտրոնը՝ Եղեգնաձոր քաղաքն է, որը գտնվում է Երևանից 123 կմ հեռավորության վրա: Վայքի հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձորից կազմում է շուրջ 16 կմ, Երևանից` շուրջ 132 կմ:

Եղեգնաձորի տարածաշրջանում գործում է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն (45 մահճակալ), որը սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի շուրջ 32.7 հազար ազգաբնակչությանը: Եղեգնաձորի ԲԿ-ն զբաղեցնում է շուրջ 4224 քմ տարածք և կազմված է երկու երկհարկանի մասնաշենքերից: Հիվանդանոցային և ծննդատան մասնաշենքերը միացված են իրար միջանցքով, իսկ պոլիկլինիկական մասնաշենքը տեղակայված է առանձին:

Վայքի տարածաշրջանում գործում է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն` 30 մահճակալային ֆոնդով, որը սպասարկում է Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների բնակչությանը՝ շուրջ 17.6 հազար մարդ: Ծառայություններն իրականացվում են հիմնական, ծննդատան և ինֆեկցիոն ծառայության մասնաշենքերում: Գլխավոր մասնաշենքը՝ երկհարկանի է, զբաղեցնում է շուրջ 1620 քմ ընդհանուր մակերեսով տարածք, որը կառուցվել է 1962-70-ական թվականներին և մասնակի վերանորոգվել պետական բյուջեի միջոցներով: Բուժմիավորման մյուս եռահարկ մասնաշենքում տեղակայված է ծննդօգնության ծառայությունը, որը համեմատաբար նոր՝ 1994 թվականի, շուրջ 2259 քմ ընդհանուր մակերես տարածքով կառույց է:

  Վայոց ձորի տարածաշրջանի հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագիրը ընդգրկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրում:

  Ելնելով վերոնշյալից, մարզի բժշկական կենտրոնների և առկա ենթակառուցվածքների ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է համարվել արդիականացնել մարզի 2 բուժհաստատությունները, իրատեսական է գտնվել մարզի հիվանդանոցային բուժհաստատությունների օպտիմալացում և ծառայությունների վերադասավորում ու միավորում, որը թույլ կտա խուսափել ծառայությունների կրկնությունից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշմամբ նախատեսվում է միավորել Եղեգնաձորի և Վայքի բժշկական հաստատությունների հիվանդանոցային և ծննդօգնության ծառայությունները (ընդհանուր` 75 մահճակալ հզորությամբ), արդեն իսկ կառուցվել է նոր մոդուլային տիպի բազմաֆունկցիոնալ հիվանդանոց 36(5) մահճակալ հզորությամբ շուրջ 3400 քմ մակերեսով, որը մարզի բնակչությանը կտրամադրի բժշկական ծառայություններ ամբողջ ծավալով, իսկ պոլիկլինիկական ծառայությունները կշարունակեն տեղակայվել ներկայիս վայրերում:

Հիվանդանոցը տեղակայված է Եղեգնաձոր քաղաքում:

Միաժամանակ, Եղեգնաձոր և Վայք քաղաքներում դեռևս շարունակվում են մատուցվել առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱԱՊ) ծառայությունները: Վայոց ձորի մարզում գործում են  5 առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով: Դրանք են` «Աղավնաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Արենիի» ԱԱՊԿ ՊՈԱԿ, «Հռիփսիմե ԳԲԱ» ՊՈԱԿ, «Մալիշկայի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, «Զառիթափի ԱԱՊԿ» ՊՈԱԿ, որտեղ աշխատում է 75 մասնագետ և որոնք սպասարկում են 18321 բնակչի: Նշյալ ԱԱՊ կենտրոններում սահմանված կարգով գրանցված բնակչության նեղ մասնագիտական և դիսպանսերային բուժօգնությունը կազմակերպվում է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» և «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ներում: Որպես ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտներ, նշված ընկերությունների սահմանափակ ֆինանսական միջոցներն ուղղվում են նաև տնօրենի, տնտեսվարի, հաշվապահի և այլ լրացուցիչ հաստիքների սահմանմանը և վարձատրմանը, ինչը ընկերությունների համար հանդիսանում է լրացուցիչ ֆինանսական բեռ արդեն իսկ սուղ ֆինանսական միջոցների պարագայում: Ներկայացվող նախագծի շրջանակներում նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջության առաջնային պահպանման օղակի ուժեղացումը և հզորացումը հանդիսանում է գերակայություն, նախատեսվում է Վայոց ձորի մարզում ունենալ 2 պոլիկլինիկա` Եղեգնաձորում և Վայքում, որոնց կմիացվեն հինգ գյուղական ԱԱՊ հաստատություններ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Կարգավորման նպատակն է ՀՀ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար հնարավորինս լավ պայմանների սահմանում է՝ մահճակալների օպտիմալ ֆոնդով և չշահագործվող տարածքների կրճատմամբ, ինչը առավել ծախսարդյունավետ և առկա փաստացի պահանջարկին համապատասխան կդարձնի կազմակերպությունների գործունեությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է ԱԱՊ ընկերությունների վերակազմակերպումից հետո իրականացնել նրանց միավորումը «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» և «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ների կազմում՝ յուրաքանչյուրն ըստ տարածաշրջանի: Նշյալ փոփոխությունների արդյունքում միաձուլման ենթակա գյուղական ԱԱՊ հաստատությունները շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը գյուղական համայնքներում, գյուղական ԱԱՊ հաստատությունների ֆիզիկական մատչելիությունը չի տուժելու, գյուղական ԱԱՊ հաստատությունների բուժանձնակազմի օպտիմալացում չի նախատեսվում, նախատեսվում է միայն վարչատնտեսական անձնակազմի օպտիմալացում, որի   արդյունքում կկրճատվեն վարչական ծախսերը:

  1. Ակնկալվող արդյունքը

««Զառիթափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա իրականացնել մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման գործընթացի հերթական փուլը, որով ՀՀ Վայոց ձորի մարզում գործող ԱԱՊ հաստատություններին կնախապատրաստի մարզի բժշկական փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով հետագա քայլերի կատարմանը:

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից:

    6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

  Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Առողջապահության նախարարություն» բաժնի 28-րդ կետի 28.1 ենթակետով և Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության 2021-2026թթ. ծրագրի» 4.5-րդ «Առողջապահություն» կետով նախատեսված պահանջներից:

7Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Վերակազմակերպման գործընթացի ավարտից հետո անհրաժեշտություն կառաջանա ընդունել փակ բաժնետիրական ընկերությունները «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» և «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ներին միացնելու վերաբերյալ իրավական ակտեր:

8Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    18.01.2024 - 03.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1762

Տպել