Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԳԱԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումը։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-327-Ն օրենքով հստակեցվել են 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետները՝ խնամքի նպաստը նշանակվում է  երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում։

Օրենքով սահմանվել է նաև, որ խնամքի նպաստ կարող է նշանակվել երեխայի խնամակալին՝ անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից։

Ըստ այդմ, վերը նշված օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև խնդրո առարկա որոշման մեջ։

Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստի նշանակման գործընթացում ընդհանուր մոտեցում կիրառելու տեսակետից։ Գործող կարգավորումների համաձայն՝ փախստական ճանաչված անձին խնամքի նպաստը նշանակվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ։ Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ բնակչության պետական ռեգիստրում անձի վերջին հաշվառումը Լեռնային Ղարաբաղի է, սակայն նա Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական չի ճանաչվել (այս անձանց տվյալները Ներքին գործերի նախարարությունից կենսաթոշակի նշանակման գործընթացի շրջանակներում ստացվել են Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30 N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն)։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է հստակեցնել, որ՝

  1. եթե երեխան ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, ապա անկախ այդ հանգամանքից նպաստ նշանակելը մերժելու հիմք չէ, եթե այդ երեխայի խնամքի համար նպաստը նշանակվելու է խնամակալին.
  2. 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի նպաստի նշանակման համար ծնողը կարող է դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո.
  3. ուժը կորցրած են ճանաչվում որոշման՝ չկիրառվող դրույթները․
  4. անձին, ում տվյալներն առկա են Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30 N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունից ստացված ցուցակում, ևս խնամքի նպաստն օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ` կիրառելով ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար նախատեսված նույն կանոնը:

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Օրենքի՝ խնմաքի նպաստին վերաբերող կարգավորումներին։

 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից։

 5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Քննարկվել է

    12.01.2024 - 29.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1468

Տպել