ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պահանջների կատարումով։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը: Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Որպես պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետևողական բաշխում՝ բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է եկամուտների և ծախսերի ֆինանսական կառավարման միջակայքային (բարձր և ցածր) և ռեգրեսիոն մեթոդներով՝ վերջին երեք տարիների ընթացքում համայնքային բյուջե հաշվեգրված և փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
«Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում, կձևավորվի ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, կապահովվի բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետությունը:
Բյուջետավորման գործընթացը հնարավորություն կտա համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:
Համայնքի բյուջետավարումը կդադարի դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում ու կատարում, առավել կկարևորվեն բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը:
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով կամրագրվեն հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:
4․Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպություններ, համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը ֆինանսական պլանավորում՝ եկամուտներ ակնկալող և ծախսեր պահանջող բոլոր ոլորտներում:
-
Քննարկվել է
08.01.2024 - 23.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարան
Դիտումներ` 1810
Տպել