Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը հաստատելու մասին
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_______» _________________ 2024 թվականի N_______ - Լ
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
------------ -ի N - Լ որոշման
ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ
ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Արարատյան դաշտի գորշ կիսաանապատային հողերում ջրգող օջախներ են հանդիսանում ցեմենտացված կարբոնատային շերտերում առաջացած ճեղքերն ու խոռոչները, իսկ ոռոգելի մարգագետնային գորշ հողերի տարածքում` գետնի մակերեսին մոտ գտնվող ավազային և ավազակոպճային շերտերը: Այս օջախները զարգանում են հեշտ լվացվող կարբոնատային հողերում, երբ խախտվում են հողի մշակության պարտադիր ագրոտեխնիկական կանոնները, հողերի նախապատրաս-տումը ոռոգմանը (հարթեցումը, ջրման տեխնիկայի համար դաշտի անհրաժեշտ տեսքի բերելը և այլն): Մեծ ջրաթափանցելիությունը (ավազային շերտերի առկայության դեպքում) և ջրգող օջախների առկայությունը հանդիսանում են գերնորմատիվային ջրապահանջարկի հիմնական օբյեկտիվ պատճառները:
2. Հանրապետությունում ոռոգման բնագավառում հեղինակություն վայելող գիտնականների ու բազմափորձ մասնագետների կողմից 2002 թվականին մշակվել է «Արարատյան հարթավայրի և նախալեռնային ցածրադիր գոտու համայնքներում գյուղատնտեսական մշակաբույսերի ջրման նորմաներն ու ժամկետները, ոռոգման եղանակները և երկրագործության արդյունավետ վարման միջոցառումները» ձեռնարկը։
3. Ձեռնարկում, մասնավորապես, առանձնացվել են թվով 70 համայնքներ (ներկայիս՝ բնակավայրեր), որտեղ առկա են շուրջ 30,0 հազ. հա գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներ։ Այս հողատարածքներում, վերը նշված պատճառների առկայության արդյունքում, ոռոգման նորմաներն աճում են 1,39-1,86 անգամ, նորմատիվային ջրապահանջարկից ավել մատակարարված ջրի համար ձևավորվում է հավելյալ հասույթ, որը ջրօգտագործողը հրաժարվում է վճարել, իսկ թերվճարումների արդյունքում ձևակերպված պարտքը տարիների ընթացքում դառնում է անհուսալի։
4. Որպես հողոգտագործողների համար հավասար պայմանների ստեղծման ուղի կարելի է դիտարկել լրացուցիչ օգտագործված ջրի վարձավճարի փոխհատուցման հարցը, սակայն, հաշվի առնելով դրա համար պահանջվող զգալի ֆինանսական միջոցները (ներկայացվում է ստորև), առավել ևս՝ հատկապես ոռոգման շրջանում ստեղծվող իրավիճակով՝ սակավաջրությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման հրամայականը, այն գործնա-կանում անիրագործելի է և հիմնախնդրի արդյունավետ լուծում համարել չի կարելի։
5. Մյուս կողմից՝ մատակարարված ջրի ողջ ծավալով գանձումների դեպքում, նշված հողերում երկրագործությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների համար, համեմատած մյուս հողօգտագործողների հետ, կստեղծվեն անհավասար պայմաններ՝ կաճի գյուղատնտեսական մթերքի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին հողերի չմշակման պատճառ կհանդիսանա՝ հողօգտագործողին թողնելով առանց եկամտի, ապրուստի միջոցի:
6. Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքների ոռոգման հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը ջրախնայողական համակարգերի կիրառումն է։ Ներկայումս, մակերեսային ոռոգման պայմաններում, փաստացի ոռոգվում է ողջ հողատարածքը, որի մեծ ջրաթափանցելիության և ջրգող օջախների առկայության պատճառներով էլ պայմանավորված են ջրի հսկայական կորուստները։ Կաթիլային ոռոգման դեպքում բույսի արմատային համակարգին տրվում է բացառապես վեգետացիայի համար անհրաժեշտ ջրաքանակը և այս դեպքում լրացուցիչ ջրի անհրաժեշտություն չի առաջանում։ Կերային և հացահատիկային մշակաբույսերի ոռոգման համար շատ արդյունավետ է անձրևացման համակարգերի կիրառումը։
7. Ոռոգումն արդիական համակարգերի կիրառմամբ կազմակերպելու պարագայում «գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածք» եզրույթն իմաստազրկվում է:
8. Հաշվի առնելով ոռոգման արդիական համակարգերի առավելությունները մակերեսային ոռոգման նկատմամբ, հիմք ընդունելով համաշխարհային փորձը՝ կարելի է պնդել, որ ոռոգման արդիական համակարգերի զանգվածային ներդրումը հանրապետությունում ապահովելու է ինչպես քանակական (ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և էական խնայողություն, բերքատվության աճ, ոռոգելի հողատարածքների ավելացում և այլն), այնպես էլ որակական (բերքի որակի բարելավում, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմում, ոռոգման շրջանում լարվածության նվազում (վերացում), ջրի հաշվառման և կառավարման արդյունավետության բարձրացում, ջրօգտագործողի (ֆերմերի) ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության աճ և այլն) արդյունքներ։
9. 2018 թվականից մինչև հիմա պետական աջակցության տարբեր գործիքներով խրախուսվում է ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, սակայն դրանց ներդրումը և տարածումը բավականին դանդաղ է ընթանում, մասնավորապես՝ 2018-2023 թվականներին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում հաստատվել է շուրջ 8000 հա-ի ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հայտ (ներառյալ ինտենսիվ այգիների հիմնումը):
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1695-Լ որոշմամբ հաստատվել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման» ծրագիրը։ Ձեռնարկված միջոցառումներն, իհարկե, որոշ չափով կխթանեն գործընթացը, սակայն հիմնական խոչընդոտը կայանում է նրանում, որ փոքր հողակտորների համար համակարգերի ներդրումը բավականին ծախսատար է. մոտեցնող խողովակը, ջրավազանը (անհրաժեշտության դեպքում), պոմպն ու ֆիլտրը, պարարտացման համակարգը և գլխամասային հանգույցի այլ սարքավորումները ոռոգման համակարգի ներդրման արժեքի զգալի մասն են կազմում, և դրանց առկայության պարագայում հարակից հողակտորները մշակողները հնարավորություն կունենան շատ մատչելի գներով անցկացնել ներտնտեսային ցանցը՝ կաթոցիկներով խողովակներ, անձրևացման համակարգեր և այլն։
11. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի ոռոգելի հողատարածքների համար մշակաբույսերի ոռոգման ռեժիմների ցանկում առանձնացված 70 համայնքների (ներկայիս՝ բնակավայրեր)877 հազ. հա ընդհանուր հողատարածքից գերնորմատիվային ջրապահանջարկ ունեն 30.054 հազ. հա-ն: Ոռոգման նորմաները գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի համար տատանվում են 4650-11087 մ3/հա, որը 1,39-1,86 անգամ գերազանցում է նորմատիվային ջրապահանջարկը: Այս հողատարածքներում (աղյուսակներ 1 և 2) նորմատիվային ջրապահանջարկը կազմում է 261.408 մլն.մ3, իսկ գերնորմատիվային ջրապահանջարկը` 408.972 մլն. մ3, որի պատճառով ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալն ավելանում է 147.564 մլն.մ3-ով:
Աղյուսակ 1
Արարատյան հարթավայրի ու նախալեռնային գոտու հողատարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի միջին նորմաները
Գյուղատնտեսական մշակաբույսերը |
Ոռոգման նորման, մ3/հա |
Հարաբերությունը |
|
նորմատիվային |
գերնորմատվային |
||
Աշնանացան ցորեն |
3425 |
6375 |
1,86 |
Եգիպտացորեն |
3850 |
6900 |
1,79 |
Առվույտ |
6850 |
10175 |
1,49 |
Բաջարանոցային մշակաբույսեր |
6700 |
11087 |
1,65 |
Բոստանային մշակաբույսեր |
6725 |
9862 |
1,47 |
Կարտոֆիլ |
3337 |
4650 |
1,39 |
Խաղողի այգի |
6062 |
8875 |
1,46 |
Պղատու այգի |
4750 |
7575 |
1,59 |
Միջինը |
5212 |
8187 |
1,57 |
Աղյուսակ 2.
Արարատյան հարթավայրի ու նախալեռնային գոտու գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման ջրի ծավալներն ու արժեքները մակերեսային եղանակով ոռոգման պայմաններում
Տարածաշրջանը |
Տարածքը, հա |
Ոռոգման ջրի պահանջվող ծավալները, հազ. մ3 |
Տարբերու-թյան արժեքը, հազ. դրամ |
||
նորմատի-վային |
գերնորմա-տիվային |
տարբե-րությունը |
|||
Աշտարակ |
6588 |
53626 |
79286 |
25660 |
282260 |
Թալին |
3533 |
27278 |
46405 |
19127 |
210397 |
Արմավիր |
1146 |
11049 |
18206 |
7157 |
78727 |
Բաղրամյան |
6312 |
51029 |
84306 |
33277 |
366047 |
Էջմիածին |
3136 |
28508 |
44854 |
16346 |
179806 |
Արարատ |
3302 |
34022 |
48837 |
14815 |
162965 |
Արտաշատ |
1982 |
17328 |
27968 |
10640 |
117040 |
Մասիս |
821 |
7420 |
11526 |
4106 |
45166 |
Նաիրի |
3234 |
31148 |
47584 |
16436 |
180796 |
Ընդամենը |
30054 |
261 408 |
408 972 |
147 564 |
1 623 204 |
12. Այսպիսով, գյուղացիական տնտեսություններից գերնորմատիվային ջրա-պահանջարկի պատճառով լրացուցիչ գանձման է ենթակա (գործող սակագնով՝ 11 դրամ/մ3) ավելի քան 6 մլրդ դրամ:
13. Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակը ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է՝ փորձնական երկու համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ, որն էլ կնպաստի մակերեսային ոռոգումից արդիական համակարգերով ոռոգման անցմանը։
14. Ծրագրի իրականացման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հիմնական խնդիրը՝ ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ ճնշումային փակ ցանցով կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի համար պիտանի՝ մաքուր ջուրը մոտեցնել հողակտորներին:
15. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ (Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ բնակավայրեր) և Արմավիրի մարզի Մեծամոր (Ակնալիճ բնակավայր) համայնքներում:
16. Ծրագրի մասնակիցներն են՝
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքները (այսուհետ՝ համայնքներ).
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերը և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրը:
- գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն՝ ընտրված և սույն ծրագրի 25-րդ կետում նշված գործողություններն իրականացնող անձինք (այսուհետ՝ նախագծող).
- գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն՝ մրցութային եղանակով ընտրված, սույն ծրագրի 32-րդ կետում նշված գործողություններն իրականացնող կապալառու կազմակերպությունը (այսուհետ՝ կապալառու).
- Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ՊՈԱԿ)
17. Արարատ համայնքի նշված բնակավայրերի հողատարածքների ոռոգման համար ջրաղբյուր է հանդիսանում Կախանովի կոլեկտորը (դրենաժային ջրեր), որտեղից ջուրը պոմպերով մղվում է մինչև 243 մ ստատիկ բարձրության վրա: Պոմպակայանի թողունակությունը 3300 մ3/ժ է, որը սպասարկում է մոտ 1500 հա հողատարածք՝ պտղատու այգիներ: Մեխանիկական թանկ՝ միջինը 88 կՎտ*ժ/մ3 ջուրն օգտագործվում է մակերեսային ոռոգման նպատակով, որի արդյունավետությունը բավականին ցածր է: Փաստացի կորուստը կազմում է մոտ 25%, արդյունքում մշակվում է ընդամենը մոտ 1000 հա հողատարածք:
18. Ներկայումս վերոհիշյալ 1000 հա հողատարծքը ոռոգելու համար մատակարավում է մոտ 7.7 մլն մ3 ջուր, որից մոտ 25%, կամ 1,625 մլն մ3 կորուստ է (1,925,000x0.88=1,694,000 կՎտ*ժ): Կաթիլային ոռոգման պարագայում փաստացի կորուստը ձգտում է զրոյի:
19. Ակնալիճ բնակավայրում ոռոգումը հիմնականում իրականացվում է մեխանիկական եղանակով, բնակավայրն ունի շուրջ 1200 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից վերջին տարիներին փաստացի ոռոգվում է շուրջ 450 հա։ Ոռոգվող հողատարածքների շուրջ 60%-ը խաղողի այգիներ են, 10-15%-ը` բանջարաբոստանային մշակաբույսեր, մնացածը՝ առվույտ, ցորեն, պտղատու այգիներ: Ոռոգման հիմնական աղբյուր են հանդիսանում 12 խորքային հորերը միջինը 45 լ/վ թողունակությամբ, օգտագործվում է նաև դրենաժներից պոմպերով մատակարարվող և Սևանա լճի ջուրը, որոնք ամռան պիկային սեզոնին խիստ սահմանափակ են: Ներկայումս յուրաքանչյուր հորը մակերեսային ոռոգման պարագայում ապահովում է միջինը 25 հա: Ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրման պարագայում մեկ հորի սպասարկման տարածքը կաճի միջինը մինչև 45 հա և, դրենաժային ջրերի հավելմամբ, երաշխավորված ոռոգվող տարածքները կավելանան, ոռոգման ջրով կապահովվեն գյուղատնտեսական նշանակության 700-750 հա հողերը: Սույն ծրագրի իրականացման արդյունքում փորձնական բնակավայրերում կկրճատվի նաև Սևանա լճից իրականացվող լրացուցիչ ջրառը:
20. Համայնքներն ընտրելիս հաշվի են առնվել նաև հետևյալ գործոնները՝
- ոռոգման ջրի միջինից բարձր ինքնարժեքը,
- աշխարհագրական դիրքը՝ երկու գոտում էլ ստացվում է Հայաստանի Հանրապետության առաջին բերքը, որի ինքնարժեքի նվազումը դրական ազդեցություն կունենա շուկայական գների վրա։
21. Ծրագրով նախատեսվում է ըստ անհրաժեշտության իրականացնել հետևյալ աշխատանքները.
- գործող պոմպակայանի և ճնշումային խողովակաշարի վերանորոգում և հարմարեցում սույն ծրագրով նախատեսված խնդիրների լուծմանը,
- հողային պոլիէթիլենային մեմբրանով ջրավազանի կառուցում,
- գործող խորքային հորերի վերանորոգում և հարմարեցում սույն ծրագրով նախատեսված խնդիրների լուծմանը կամ նոր խորքային հորերի հորատում,
- ֆիլտրման հանգույցի կառուցում,
- բաշխիչ ճնշումային ցանցի կառուցում, կարգավորման և ջրաչափական հանգույցների տեղադրում,
- կենտրոնացված ավտոմատ կառավարման համակարգի ներդրում,
- այլ աշխատանքների իրականացում:
- Համայնքների ղեկավարները սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում սույն ծրագրի 21-րդ կետով ներկայացված աշխատանքների իրականացման նպատակով շինարարական օբյեկտների նախագծման տեխնիկական բնութագրերը ներկայացնում են համապատասխան մարզպետի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար:
- Համապատասխան մարզպետի աշխատակազմն ուսումնասիրում է սույն ծրագրի 22-րդ կետով ներկայացված տեղեկատվությունը և առաջարկությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում համայնքի ղեկավարին։
- Համայնքի ղեկավարն ամփոփում է սույն ծրագրի 23-րդ կետով ստացված առաջարկությունները և գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ընտրում է նախագծող կազմակերպություն։ Նախագծող չընտրվելու դեպքում իրականացվում է գնման նոր գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։
- Նախագծողը պետք է իրականացնի գլխամասային հանգույցի և մոտեցնող ճնշումային ցանցի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն՝ hամայնքի կողմից նախագծողի հետ կնքվում է պայմանագիր և պայմանագրի պատճենը ներկայացվում է նախարարություն և մարզպետի աշխատակազմ։
- Նախարարությունը պայմանագրի պատճենը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ՝ սույն ծրագրի 26-րդ կետում նշված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
- Ծրագրի շրջանակում նախագծողի կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (ակտերը) կազմվում են նախագծողի և համայնքի ղեկավարի կողմից ու ներկայացվում նախարարություն և համապատասխան մարզպետի աշխատակազմ։
- Նախարարությունը սույն ծրագրի 28-րդ կետի կատարողական ակտերի հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին։
- Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է նախագծողի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը և մարզպետի աշխատակազմին։
- 30-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում համայնքի կողմից «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կապալառուի ընտրության համար կազմվում է մրցույթի հրավեր, որի տեքստը և տպագրված հայտարարությունը ներկայացվում են մարզպետի աշխատակազմ: Ընդ որում՝ կապալառուի ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի գնային առաջարկի չգերազանցումը նախագծողի կողմից ներկայացված նախահաշվային արժեքի չափից: Գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորումն իրականացվելու է հետևյալ համամասնությամբ՝
- նախարարություն՝ պայմանագրային արժեքի 90 տոկոսը.
- համայնք՝ պայմանագրային արժեքի 10 տոկոսը:
- Կապալառուն պետք է իրականացնի սույն ծրագրի 25-րդ կետով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված աշխատանքները:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի դրույթների համաձայն՝ hամայնքի կողմից կապալառուի հետ կնքվում է պայմանագիր, և պայմանագրի պատճենը ներկայացվում է նախարարություն և մարզպետի աշխատակազմ։
- Նախարարությունը պայմանագրի պատճենը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ՝ սույն ծրագրի 33-րդ կետում նշված պայմանագրի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
- Ծրագրի շրջանակում կապալառուի կողմից իրականացված աշխատանքների կատարողական փաստաթղթերը (ակտերը) կազմվում են կապալառուի և համայնքի ղեկավարի կողմից ու ներկայացվում նախարարություն և համապատասխան մարզպետի աշխատակազմ։
- Նախարարությունը սույն ծրագրի 35-րդ կետի կատարողական ակտերի և մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված մոնիթորինգի դրական եզրակացության հիման վրա համայնքի հետ կնքում է պայմանագիր և 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորման գումարը փոխանցում համայնքին։
- Գնման պայմանագրով սահմանված ժամկետում համայնքը ֆինանսավորման գումարներն անկանխիկ եղանակով փոխանցում է կապալառուի հաշվեհամարին և այդ մասին տեղեկացնում նախարարությանը և մարզպետի աշխատակազմին։
- Մարզպետի աշխատակազմի կողմից սահմանված մոնիթորինգի կարգի (համաձայնեցված նախարարության հետ) հիման վրա ստեղծվում է աշխատանքային խումբ (ընդգրկելով նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցներ):
- Նախարարության կողմից աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունների նպատակով իրականացվում են այցելություններ։ Այցելությունների ընթացքում թերությունների բացահայտման դեպքում տեղեկատվություն է ներկայացվում մարզպետի աշխատակազմ։ Մարզպետի աշխատակազմն առաջարկում է համայնքի ղեկավարին, որպեսզի կապալառուն երկամսյա ժամկետում ուղղի թերությունները։
- Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝
- գնման ընթացակարգի չկայացումը,
- շինարարական նյութերի գների բարձրացումը:
- Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
- ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և տարեկան առնվազն 5950,0 հազ. մ3 ջրային ռեսուրսի խնայողություն,
- միավոր ջրային ռեսուրսից ստացվող համախառն ներքին արդյունքն ավելանալու է շուրջ 3 անգամ,
- ոռոգման ջրի կորուստների կրճատում,
- բերքատվության աճ և բերքի որակի բարելավում,
- գյուղատնտեսության ոլորտում աշխատող բնակչության եկամուտների ավելացում, գյուղական աղքատության մակարդակի կրճատում,
- մշակվող հողատարածքների արդյունավետ օգտագործում և ընդլայնում,
- ոռոգման արդիական տեխնոլոգիաների տարածում գյուղացիական տնտեսություններում,
- Սևանա լճից ջրառի նվազեցում,
- թանկ մեխանիկական ջրի օգտագործման արդյունավետության բարձրացում, էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում մինչև 25%:
- Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի նախագծողի կողմից իրականացված աշխատանքների ամբողջական ֆինանսավորման գումարի և կապալառուի կողմից իրականացված աշխատանքների ընդհանուր ֆինանսավորման գումարի 90 տոկոսը, որը հնարավոր կլինի հաշվարկել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրերի կնքման արդյունքում։ Ծրագիրը կիրականացվի պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսելու դեպքում։
-
Քննարկվել է
04.01.2024 - 24.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2779
Տպել