Հիշել նախագիծը

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման ներդրումը հնարավոր կդառնա Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով միատեսակ փաթեթավորմանը վերաբերող իրավական կարգավորումներ սահմանելուց հետո։

  • Քննարկվել է

    25.12.2023 - 09.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2784

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Բիզնես Ասոցիացիա

31.12.2023

Գրում ենք՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (Օրենք) առաջարկվող փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Նախագիծն առաջարկում է, ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ կիրառել միատեսակ փաթեթավորման պահանջ, երբ այդպիսիք ներդրվեն ՄՄ ՏԿ 035/2014-ով (ՏԿ): Առաջարկվող օրինագիծը, ըստ երևույթին, հիմնված է վերազգային տեխնիկական կանոնակարգերի ապագա փոփոխությունների վերաբերյալ սխալ համոզմունքների վրա, քանի որ այդպիսին պահանջում է կոնսենսուս ԵԱՏՄ անդամ երկրների միջև, որոնք արտահայտել են հստակ և միանշանակ դիրքորոշում, որ համաձայն չեն ծխախոտի արտադրանքի նկատմամբ միատեսակ փաթեթավորման կիրառման ողջամտությանը: ԵԱՏՄ անդամ երկրներ Ռուսաստանն ու Բելառուսը դեմ են միատեսակ փաթեթավորմանը ոչ առանց պատճառի. արտադրանքն իրեն առանձնացնող բրենդավորումից զատելը, լավագույն դեպքում, կասկածելի քաղաքականություն է, քանի որ միատեսակ փաթեթավորման և ծխելու տարածվածության նվազման տոկոսադրույքների միջև ուղղակի հարաբերակցությունն արտահայտող բավարար ապացույցներ չկան: Ընդհակառակը, միատեսակ փաթեթավորումը կարող է ստեղծել բարենպաստ միջավայր ապօրինի առևտրի համար, քանի որ հստակ բրենդավորման բացակայության պայմաններում, ավելի հեշտ է դառնում կեղծ ապրանքներ արտադրելը: Ավելին, միատեսակ փաթեթավորումը ոչ միայն խախտում է մտավոր սեփականության սկզբունքները, այլև կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների՝ սպառողական ընտրության, մրցակցության և պետական եկամուտների նվազման։ Այնուամենայնիվ, մեր հիմնական մտահոգությունն այն պոտենցիալ բացասական ազդեցությունն է, որ այս փոփոխությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության իմիջի վրա՝ որպես միջազգային հանրության դերակատարի, երբ այդպիսի հանրության անդամներից ակնկալվում է հետևել վերջիններիս միջև համաձայնեցված կանոններին։ Ինչ վերաբերում է ծխախոտային արտադրանքին, ապա ԵԱՏՄ անդամ երկրների միջև կա համաձայնեցված կանոն՝ ամրագրված ՏԿ-ում, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, և որը հստակ թույլատրում է արտադրանքի բրենդային փաթեթավորումը: Առաջարկվող փոփոխությունը հակասում է երկրի միջազգային պարտավորություններին, քանի որ ՕՐԵՆՔԸ ՏԿ-ի հետ ներդաշնակեցնելու փոխարեն, այն փորձում է շրջանցել համայնքի կանոնները՝ ներմուծելով փաթեթավորման պահանջներ, որոնք ներկայումս ոչ միայն պլանավորված չեն ներդնել ԵԱՏՄ-ում, այլև բախվում են ԵԱՏՄ անդամ երկրների ակնհայտ հակադրությանը: Հրամայական է, որ որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի օրենսդրական որոշումները համահունչ լինեն իր միջազգային պարտավորություններին և հիմնված լինեն հետազոտական տվյալների վրա հիմնված համապարփակ վերլուծության և հնարավոր հետևանքների լիակատար ընկալման վրա: Օրենսդրական փոփոխությունների հիմքում ընկած անհիմն ենթադրությունները կարող են վտանգել իրավական որոշակիությունը՝ բիզնեսի և ներդրումային միջավայրի հիմնաքարը, ստեղծելով միջավայր, որտեղ ներդրողները վարանում են ներգրավվել՝ իրավական դաշտի շուրջ անորոշության պատճառով: Սա իր հերթին կարող է խոչընդոտել տնտեսական զարգացմանը և երկիր այնքան անհրաժեշտ ներդրումների ներգրավմանը։ Իրավական որոշակիության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի խթանման և միջազգային հանրության վստահելի անդամի իմիջը պահպանելու համար՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը վերանայել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները և կիրառել առկա և համաձայնեցված չափանիշները, որոնք հիմնված են գործող ՏԿ-ի վրա: Շնորհակալություն ուշադրության համար։ Պատրաստ ենք հետագա քննարկումների՝ լուծելու ցանկացած խնդիր և նպաստելու առողջ և արդյունավետ օրենսդրական կարգավորումների մշակմանը:

Նարինե Աբելյան

27.12.2023

Նորմատիվ իրավական ակտերիմասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Տվյալ դեպքում նախագծի կարգավորումը վերաբերում է ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնների սահմանմանը, համաձայն որի՝ 4. Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (այսուհետ՝ միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): Միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգը պարտադիր սահմանում է՝ 1) սպառողական տարայի վրա ապրանքանիշի անվան և արտադրանքի տեսակի անվանման մասին և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության նշումների առավելագույն երկարության միավորը. 2) սպառողական տարայի վրա սպառողին մոլորեցնող բառերի կամ գույների օգտագործման բացառմանն ուղղված կարգավորումները. 3) սպառողական փաթեթի վրա բառերի կամ նշանների տառատեսակին, չափին, դրանց տեղակայմանը ներկայացվող պահանջները։ Գտնում ենք, որ վերոնշյալ նորմի կարիքն առհասարակ չկա, քանի որ «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ»-ը (ՄՄ ՏԿ 035/2014) արդեն իսկ կարգավորում է ծխախոտային արտադրատեսակների այդ թվում սպառողական տարաների տեսքը և բովանդակությունը, և, քանի որ ունի անմիջական կիրառություն՝ ներպետական կանոնակարգերի անհրաժեշտությունը բացակայում է։ Բացի այդ, օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանության մասով ևս առկա է խնդիր․ Նորմատիվ իրավական ակտի գործողությունը որոշակի ժամկետի կամ պայմանի առաջանալու հետ կապելու դեպքում, այդ մասին նորմատիվ իրավական ակտում ներառում են անցումային դրույթ։ Այսինքն՝ նորմում որոշակի պայման նշելը, որի ի հայտ գալու դեպքում նորմը կգործի, օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից, սխալ է։ Գտնում ենք, որ օրենսդրական փոփոխություն կատարելու դեպքում անհրաժեշտ է օրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել և դրա մասին լրացում կատարել անցումային դրույթներում։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` (…) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ (…)։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Ազգային ժողովի և հանրաքվեով ընդունված օրենքների, պարտավոր է իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, եթե ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Այսինքն՝ ցանկացած պարագայում Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտն ունի կիրառության նախապատվություն ներպետական օրենսդրության նկատմամբ, որպիսի պայմաններում համանման հարաբերություններ կարգավորող ներպետական նորմի գոյության նպատակն անհասկանալի է, իսկ դրա վերաբերյալ նախագիծ ներկայացնելն առարկայազուրկ։ Առաջարկ․ ուժը կորցրած ճանաչել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

27.12.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կարծիքը նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում սույն թվականի դեկտեմբերի 25-ին հրապարակված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումներում «Առաջարկվող կարգավորման բնույթը» բաժնի ներքո նշված է հետևյալը՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման վերաբերյալ պահանջը իրագործել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանելուց հետո, որի կապակցությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ՀՀ առողջապահության նախարարության և ԵԱՏՄ անդամ պետությունների առողջապահության նախարարությունների միջև»։ Այն, որ ՀՀ և ԵԱՏՄ անդամ մնացյալ պետությունների առողջապահության նախարարությունները համագործակցում են ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ միատեսակ փաթեթավորման պահանջի ներդրման ուղղությամբ, դեռևս չի ենթադրում, որ դրանք կվերածվեն անդամ-պետությունների դիրքորոշումների։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության դեպքում ՀՀ կառավարության կայքի «Նիստի օրակարգ» բաժնում հրապարակված Կառավարության 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 76 հարցի ներքո հրապարակված փաստաթղթերի փաթեթից Ամփոփաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների փաթեթավորման նկատմամբ կիրառման ենթակա՝ դրանց օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների կապակցությամբ, ներպետական մակարդակով միասնական կարծիք գոյություն չունի։ Այդ մասին, ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նկատառումների, արձանագրել է հենց ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով հետևյալը՝ «․․․Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունների դիրքորոշումները քննարկվող հարցի վերաբերյալ սկզբունքորեն տարբերվում են միմյանցից։ ․․․»: Այն պայմաններում, երբ ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունները քննարկվող հարցի շուրջ ունեն սկզբունքորեն տարբերվող դիրքորոշումներ, թույլ է տալիս եզրակացնել, որ առկա է Հայաստանի Հանրապետության կողմից՝ ի դեմս ՀՀ կառավարության, որն իր մեջ ներառում է բոլոր նախարարությունները և Կառավարությանն առընթեր մարմինները, ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ միատեսակ փաթեթավորում կիրառելու առողջապահության նախարարության դիրքորոշումը չպաշտպանելու, չորդեգրելու և որպես անդամ-պետության դիրքորոշում ԵԱՏՄ մակարդակով չներկայացնելու կանխավարկած։ Ավելին, ինչպես գիտենք ԵԱՏՄ մակարդակով որոշումների ընդունումը պահանջում է անդամ-պետությունների բացարձակ կոնսենսուս։ Նախագծին կից հիմնավորումներում նշված է՝ «Սակայն, այս պահի դրությամբ, նշված առաջարկի վերաբերյալ դեռևս չեն ստացվել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող թվով 2 պետությունների դիրքորոշումները»։ ՀՀ առողջապահության նախարարությունը նշում է միայն այն անդամ-պետությունների մասին, որոնք դեռևս չեն հայտնել ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման կապակցությամբ իրենց կարծիքը, սակայն չի նշում, որ ԵԱՏՄ անդամ-պետություններից Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը ներկայացրել են բացասական կարծիք։ Այդ է պատճառը, որ ԵԱՏՄ Հանձնաժողովի Կոլեգիային կից Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման խորհրդատվական հանձնաժողովը դեռևս չի նախաձեռնել Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ ՄՄ ՏԿ 035/2014-ի վերանայումը՝ ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ միատեսակ փաթեթավորման ներդրման տեսանկյունից։ Նման պայմաններում պարզ է դառնում, որ բացակայում է ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ միատեսակ փաթեթավորման ներդրման համար անհրաժեշտ որոշման կապակցությամբ ԵԱՏՄ անդամ-պետությունների կոնսենսուսը։ Սրան զուգահեռ, Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով Եվրասիական Տնտեսական Միությանը ստանձնել է որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ Եվրասիական Տնտեսական Միության մասին պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ մասին հետևելու պարտավորություն, ըստ որի՝ «Միության տեխնիկական կանոնակարգերը Միության տարածքում ունեն ուղղակի գործողություն»։ Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ ՄՄ ՏԿ 035/2014-ը ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման պահանջ չի պարունակում։ Ավելին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»։ Ներպետական հակածխախոտային օրենքում միատեսակ փաթեթավորման պահանջը պահպանելով՝ Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ խախտում է ներպետական օրենսդրության հրամայականը՝ բացառել նորմատիվ իրավական ակտի հակասելը հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև Եվրասիական Տնտեսական Միության համայնքի առջև ստացած իր պարտավորությունը՝ ապահովել Միության տեխնիկական կանոնակարգերի ուղղակի գործողությունը Միության տարածքում։ Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ միատեսակ փաթեթավորման պահանջի գործողության մեջ դնելը որոշակի իրադարձության՝ ԵԱՏՄ մակարդակով նման պահանջի ներդրման հետ կապող նախագիծը ենթակա է վերանայման՝ ԵԱՏՄ գործող օրենսդրության և ներպետական օրենսդրության միջև առկա օրենսդրական խոչընդոտի վերացման տեսանկյունից, ըստ որի, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է ճանաչվի ուժը կորցրած։

Տեսնել ավելին