Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝

  1. 126-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Շահութահարկի վճարումից ազատ­վում են ազատ տնտեսական գոտու շահա­գոր­ծող համարվող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան տարած­քում ստեղծ­ված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից Հայաստանի Հանրապետության աղբյուրներից կամ Հայաս­տանի Հան­րա­­պե­տու­թյու­նից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկա­մուտ­ների մասով։»։

  1. 363-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«3․ Գործարքը համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է (կատարվել է)՝

1) հարկ վճարողի և հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրում (աշխարհագրական տարածքում) գրանցված անձի միջև` անկախ այդ հարկ վճարողի և այդ անձի միջև փոխկապակցվածության հանգամանքից․

2) ռեզիդենտ և ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող՝ ռեզիդենտ անձանց միջև՝ անկախ այդ անձանց միջև փոխկապակցվածության հանգամանքից:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2011 թվականի մայիսի 25-ի Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

  1. 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ ստացել են Կառավարության կողմից տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը չի կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:»։

  1. 7-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման, ազատ տնտեսական գոտու շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի հաստատման և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 14. Ազատ տնտեսական գոտում թույլատրվող գործունեության տեսակները և սահմանափակումները

  1. Ազատ տնտեսական գոտում թույլատրվում է տնտեսական գործունեության ոլորտների հետևյալ բաժիններում ներառված գործունեության տեսակների իրականացումը.
  • մշակող արդյունաբերություն.
  • գյուղատնտեսություն.
  • Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում.
  • թափոնների կառավարում և վերամշակում.
  • առևտուր.
  • պահեստային տնտեսություն.
  • ուղևորափոխադրումներ ճոպանաքարշերով, ճոպանուղիներով, ճոպանավոր վերհաններով և այլն, եթե դրանք ընդգրկված չեն քաղաքային և մերձքաղաքային տրանսպորտային համակարգում.
  • կացության և հանրային սննդի կազմակերպում.
  • ծրագրային ապահովման մշակում.
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն.
  • մշակույթ, զբոսաշրջություն, զվարճություններ և հանգիստ.
  • սպասարկման այլ ծառայություններ։
  1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված բաժիններում ընդգրկված՝ տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, յուրաքանչյուր անգամ սահմանվում են ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
  2. Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, ներառյալ՝ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: 

  • Քննարկվել է

    29.11.2023 - 14.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2400

Տպել

Առաջարկներ`

Լենա Խաչատրյան

14.12.2023

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, առաջարկում ենք ԱՏԳ տարածքում որպես թույլատրվող գործունեության տեսակ նախատեսել տեղեկատվական ծառայությունների մատուցման, հաղորդակցական տեխնոլոգիաներ մշակման, ինչպես նաև հոսթինգի, մայնինգի ծառայությունները։ 2․ «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում խոշոր ներդրումային նախագծերի իրագործումը և նորարարական /ինովացիոն/ ընկերությունների քանակի ավելացումը նպաստել և ապագայում ևս կնպաստի ՀՀ-ում ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, այդ նպատակով անհրաժեշտ է «ԷԿՈՍ» ԱՏԳ տարածքում տրամադրել աշխատատեղերի և գրասենյակների վարձակալության և սպասարկման ծառայություններ։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք թույլատրվող գործունեության ոլորտների ցանկում ավելացնել վարձակալության ծառայությունը կամ պարզաբանել, թե արդյո՞ք տարածքի վարձակալությունը դիտարկվելու է սպասարկման այլ ծառայությունների ներքո մատուցվող ծառայության տեսակ։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Օրենքի 14-րդ հոդվածի ձևակերպումից հստակ չէ, թե ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության նախատեսված ոլորտներում առկա կոնկրետ գործունեության տեսակները ինչպի՞սի չափանիշների հիման վրա են ընտրվելու։

Տեսնել ավելին