ՄԻՔԱՅԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄԻՔԱՅԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միքայել Գևորգի Հարությունյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 2-ին: 2016 թվականին ընդունվել և 2020 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան: Նույն թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող: ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից արժանացել է շնորհակալագրերի:
Միքայել Հարությունյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ հասակից, միջազգային ձեռքբերումները՝ 2014 թվականից: 2011 թվականին նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի Պաշտպան» մեդալը:
2015 թվականից համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Մի շարք նկարներ գտնվում են Մայր Աթոռի Վեհարանի թանգարանում, Գերագույն հոգևոր ժողովների սրահում, Գանձատանը և այլն: Նրա նկարները մշտական տեղ են գտել Էջմիածնի Սբ. Գայանե վանքում (Խորանի սրբապատկեր), Սբ, Հռիփսիմե վանքում, Եղվարդի Սբ. Սարգիս եկեղեցում (Խորանի սրբապատկեր), Կանադայի Լավալ քաղաքի Սբ. Խաչ եկեղեցում (Խորանի սրբապատկեր): Այդ նկարները օգտագործվում են նաև եկեղեցական զգեստների, եկեղեցական պարագաների ոլորտում, հայկական և օտարերկրյա հոգևոր կայքերում և այլ մեդիա հարթակներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել Հարությունյանն արժանացել է հուշամեդալի և անվանական նվերի:
Ունեցել է 4 անհատական ցուցահանդես Հայաստանի Հանրապետությունում: Միքայել Հարությունյանի մասին հոդվածներ են տպագրվել ամերիկյան, ֆրանսիական, իտալական, հրեական, հայ-ռուսական և հայկական ամսագրերում, թերթերում: Նրա աշխատանքները տպագրվել են բազմաթիվ հայկական և արտասահմանյան գրքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում:
Միքայել Հարությունյանի աշխատանքները գտնվում են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում (Ֆրեզնո, ԱՄՆ), Բ. Ելցինի անվան ՌԴ նախագահական գրադարան-թանգարանում (Սանկտ-Պետերբուրգ), Իսրայելի քնեսեթի թանգրանաում (Երուսաղեմ), Սուրբ Ղազար կզում (Վենետիկ, Իտալիա), որի համար արժանացել է հուշամեդալի, Հայկական ազգային մշակույթի թանգարանում (Մոսկվա), ինչպես նաև աշխարհի 17 երկրների անհատ կոլեկցիոներների անձնական հավաքածուներում:
Միքայել Հարությունյանը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 6-ի N 1300-Ա որոշմամբ ստացել է տարկետում՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, իսկ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի N 888-Ա որոշմամբ՝ 2022 թվականի ամառային զորակոչից միչև նրա 26 տարին լրանալը:
Միքայել Հարությունյանը 2022 թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝
2022 թվականի Catholic Art Institut-ի կողմից կազմակերպված «Sacred Art Prize-2022» միջազգային մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, Չիկագո, ԱՄՆ.
2023 թվականին Portrait Society of America-ի կողմից կազմակերպված «Future Generation» միջազգային հեղինակավոր մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, ինչպես նաև անդամակցումություն նշյալ կազմակերպությանը, իսկ իր աշխատանքը տպագրվել է հանրահայտ International Artist և American Art Collector ամսագրերում, Վաշինգտոն, ԱՄՆ.
2023 թվականին «Art Seasons» միջազգային մրցույթին արժանացել է 1-ին մրցանակի «Ձմեռը հայկական գյուղում» կտավի համար, Մոսկվա, ՌԴ.
Միքայել Հարությունյանը մասնակցել է նաև բազմաթիվ այլ հայկական, համահայկական և միջազգային մրցույթների, ցուցահանդեսների:
2017 թվականին իր հեղինակած նկարներից մեկը Ֆլորիդա նահանգում դարձել է ամերիկյան «Man in the hat» սիգարների լոգոտիպը և օգտագործվել դրա հետ կապված տարբեր այլ իրերի վրա:
Միքայել Հարությունյանը 2021 թվականին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի համար հեղինակել է նկար, իսկ 2022 թվականին մասնակցել է այդ նկարի օծման արարողությանը: Արժանացել է Երուսաղեմի Հայոց Պարիարք Նուրհան Արքեպիսկոպոսի շնորհակալական գրությանը:
2022 թվականին դեկտեմբերի Բաղրամյան պողոտայում գտնվող Մարշալ Բաղրամյանի արձանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև գտնվող բարձունքում հին եռագույնի փոխարեն տեղադրվել է Միքայել Հարությունյանի նախագծած նոր եռագույնի տարբերակը:
Կոմիտաս Վարդապետին և Խրիմյան Հայրիկին նվիրված նկարներով ԱրցախՓոստը տարբեր տարիներին թողարկել է նամականիշներ և փոստային բացիկներ:
2024 թվականի հունվարին ՀայՓոստի կողմից նախատեսվում է թողարկել նամականիշ և փոստային բացիկ նվիրված բարերար Հրանտ Վարդանյանին (դիմանկարի աշխատանքները ընթացքի մեջ են):
Միքայել Հարությունյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչներ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), Փարավոն Միրզոյանը, Վլադիմիր Մարգարյանը (Վալմար), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, Փարիզի դեկորատիվ արվեստների ազգային բարձրագույն ակադեմիայի պրոֆեսոր Ջիուզեպպե Կակկավալեն, իտալացի արվեստի խորհրդատու Կլաուդիո Կոմպոստին (Միլան), արվեստագետ, քանդակագործ, Art for the World ժամանակակից արվեստի միջազգային կազմակերպության անդամ Միքայել Օհանջանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավիկ Իսահակյանը և Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Անահիտ Չարենցը:
Միքայել Հարությունյանը առաջիկայում հրավեր ունի Շվեյցարիայում հանդես գալու անհատական ցուցահանդեսով՝ տեղի պատկերասրահի հետ համագործակցելու հեռանկարով: Հրավերներ ունի նաև ցուցահանդեսներով հանդես գալու Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
Հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Միքայել Հարությունյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
24.11.2023 - 10.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1746
Տպել