Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Անհրաժեշտությունը

   Սույն օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (թանկարժեք մետաղների) արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Նախագծի նպատակն է՝ կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների) արտաքին առևտուրը, ստեղծել առավել երկար արտադրական շղթաներ, խթանել թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը տեղում՝ բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրից ներմուծումը կրճատելու և առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքներ արտադրելու և արտահանելու համար։

Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արդեն իսկ արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչպես նաև լիցենզավորվող գործունեություն է սահմանվել մի շարք սև և գունավոր մետաղների արտահանումը՝ սահմանելով պետական տուրք։ Նշված կարգավորումները խթան են հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք արտահանելու համար։

Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ (այդ թվում՝ օտարերկրյա)։

Առաջարկվող կարգավորումները առավել արդյունավետ կդարձնեն թանկարժեք մետաղների վերամշակման գործընթացը՝ խորացնելով այն պարզ ձուլակտորներից դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությունը և արտահանումը։

Մասնավորապես, առաջարկվում է Նախագծով ներկայացված ապրանքների արտահանման գործընթացը իրականացնել լիցենզիաների տրամադրման միջոցով և սահմանել պետական տուրք ոսկու և պլատինի ձուլակտորների, ինչպես նաև պալադիումի արտահանման համար տրամադրվող լիցենզիաների համար։

Նախագծով առաջարկվող ապրանքների յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար պետական տուրքը հաշվարկվել է այն տրամաբանությամբ, որպեսզի ապահովվի մրցակցային գներ արտահանման և տեղում վերամշակման համար։

Արտահանման վերը նշված ծավալների պահպանման դեպքում պետբյուջեի կանխատեսվող մուտքերը (պետական տուրքի տեսքով) կարող են ավելանալ համապատասխանաբար շուրջ՝  2.29 մլրդ դրամով:

Ներկայումս թանկարժեք մետաղների բորսայական գները պահպանվում են համեմատաբար բարձր մակարդակի վրա,  ուստի՝ բիզնեսի համար նպատակահարմար է արտահանել այդ ապրանքներն արտաքին շուկա, քան մշակել տեղում։

 

    Հաշվի առնելով, որ «Պետական  տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 2-6-րդ մասերում ներառված ապրանքների համար նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ՝ Նախագծով առաջարկվում է նույն պահանջը սահմանել նաև առաջարկվող (Նախագծի 1-ին հոդվածի 7-9 մասերով սահմանված) ապրանքների արտահանման համար, որի նպատակով առաջարկվում է Նախագծի 38-րդ հոդվածի վերջին պարբերությունում «2-6-րդ» թվերը փոխարինել «2-9-րդ» թվերով:

    Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ (կարգ), որը կկանոնակարգի՝  ապրանքների արտահանման համար լիցենզիաների տրամադրման  գործընթացը:

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

 

ՀՀ Ազգային Ժողովի կողմից սույն Նախագծի ընդունման և այն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության որոշման նախագիծը (կարգը), կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արտադրական շղթաների երկարացում, առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի խթանում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների դիրքորոշումները:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող թանկարժեք մետաղների վերամշակման խորացումը՝ ինչը կնպաստի առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

 

 

  • Քննարկվել է

    24.11.2023 - 09.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1779

Տպել