Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը ՀՀ կառավարության 2022թ․ մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշմամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացել են նոր իրողություններ և անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել ծրագիր-ժամանակացույցը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Այսպես, առաջարկվում է՝ Հավելված 1-ի՝ Գլուխ 1-ի 18 կետի 2 ենթակետից հանել վերջին պարբերությունը, իսկ Գլուխ 3-ից՝ 43 և 49 կետերը։ Հիմնավորումները ներկայացված են ստորև Հավելված 2-ի կետ 1.4 և կետ 2.2-ում։ Նախատեսվում է նաև գլուխ 3-ի 3.3.4 ենթագլխում ավելացնել 78.1-րդ կետ՝ նպատակ հետապնդելով ստեղծել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության տեղեկատվական ազգային համակարգ պետական և համայնքային շենքերի և ենթակառուցվածքների վերաբերյալ կամ վերջինների կողմից իրականացվող վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառի ծրագրերի մասով, որը կնպաստի թիրախավորված և տվյալահեն քաղաքականության և միջոցառումների մշակման համար: Տվյալները նաև կծառայեն պատշաճ մշտադիտարկում և գնահատում իրականացնելու համար: Հավելված 2-ի 1.3. կետի կատարման նպատակով Ասիական զարգացման բանկի 1 մլն դոլար տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվում է հողմային էներգիայի ներուժի գնահատում, որի աշխատանքները կավարտվեն 2024թ. դեկտեմբերին։ Սրանով պայմանավորված 1․3. կետի վերջնաժամկետը փոփոխվում է 2025թ. նոյեմբեր։ 1․4․ Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առանց գնման երաշխիքի արևային կայանների տրված լիցենզիաների թիվը, հետևապես նաև դրվածքային հզորությունները շարունակաբար աճում են, և այլևս նպատակահարմար չէ գնման երաշխիքով լիցենզիաների տրամադրումը։ Դրան զուգահեռ շեշտակի աճում է ինքնավար էներգաարտադրող տեղակայանքների հզորությունը։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)՝ Հավելված 1-ում (17 ենթակետ), համաձայն որի փաստորեն 14. կետում նախատեսված 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցումը մրցույթով չի իրականացվի։ 2.1. կետով նախատեսված է հետազոտությունների իրականացում տնային տնտեսությունների հատվածում և հանրակրթության ոլորտում էներգասպառման ելակետային տարվա (2022թ.) տվյալների հստակեցման նպատակով: Սույն առաջադրանքի տակ նախատեսված է հարցում կատարել հանրային շենքեր և տնային տնտեսություններ թիրախային խմբերի համար: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ սպառողների խմբերը հիմնովին տարբերվում են թե՛ իրենց էներգասպառման, թե՛ գնահատման հատկանիշներով։ Հանրային շենքերում սովորաբար կա կազմակերպված հաշվապահություն, որից տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի հրահանգով հնարավոր է կազմակերպված, կենտրոնացված տվյալների հավաք իրականացնել՝ համայնքի վարձատրվող ծառայողների ջանքերով։ Տնային տնտեսությունների (ՏՏ) դեպքում գոյություն չունի տվյալների հավաքագրման ուղղահայաց նմանատիպ եղանակ։ ՏՏ-ների էներգասպառման գնահատման համար կիրառվում է ուղիղ այցերի միջոցով սոցիոլոգիական հարցումների մեթոդը՝ վարձու սոցիոլոգիական ծառայությունների ներգրավմամբ հատուկ հարցաթերթերի լրացում։ Ավելին, հանրային և ՏՏ էներգասպառողների դեպքում կա նաև հիմնարար տարբերություն կախված քաղաքային և գյուղական համայնքներում գտնվելու փաստից․ հանրային շենքերի էներգասպառումը սկզբունքորեն չի տարբերվում տեղանքից ելնելով, իսկ ՏՏ-ներում զգալիորեն տարբերվում են գյուղական և քաղաքային բնակավայրերի էներգասպառման թե՛ կառուցվածքը, թե վարքագիծը, և պահանջվում է շատ ավելի խորը գնահատում՝ ավելի մանրամասն հարցման միջոցով։ Ելնելով վերոգրյալից, նշված առաջադրանքի շրջանակներում ՏՏ-ների հետագա հետազոտության շարունակումը պահանջում է հավելյալ միջոցներ և ռեսուրս, ուստի առաջարկվում է սահամանափակվել առկա տեղեկատվությամբ, իսկ ամբողջական տվյալների հավաքագրումը դիտարկել այլ ծրագրերի շրջանակներում: Բացի այդ, առաջարկվում է նշված միջոցառման ժամկետը երկարացնել 6 ամսով, ինչը պայմանավորված է հանրակարթական դպրոցների մասով տվյալների հավաքագրման տարբեր էլեկտրոնային հարթակների առկայությունից, որոնց պատասխանատուները ևս տարբեր են: Անհրաժեշտություն է առաջացել ամբողջականացնել հավաքագրված տվյալները և ապահովել բացակայող ելակետային տվյալների ստացումը` էներգետիկ տվյալների հավաքագրման փոխկապակցված թվային համակարգի ստեղծման միջոցով: 2.1. կետի ժամկետի փոփոխությունը համապատասխանաբար անդրադառնում է նաև 2.6. կետի ժամկետի վրա, որի կատարման վերջնաժամկետը համապատասխանաբար փոփոխվում է 2024թ. հուլիս։ Միաժամանակ, Վիճակագրական կոմիտեի կողմից առաջարկվում է 2.1 կետի «համակատարող մարմինը (մարմինները)» սյունակից հանել «ՀՀ ՎԿ» բառերը, հատկապես որ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների օգտագործում այլևս չի նախատեսվում, իսկ նախատեսման պարագայում՝ այդ հետազոտությունների ժամկետները և արդյունքների տարածման եղանակները պետք է սահմանվեն վիճակագրական ծրագրերում: 2.2. կետով նախատեսված «Կանաչ» պարտատոմսերի թողարկման նպատակով ուսումնասիրության իրականացում» միջոցառման հետ կապված ՀՀ ֆինանսների նախարարությունը, պարտքային գործիքակազմի ընդլայնման նպատակադրման շրջանակում, ուսումնասիրում է ESG (environmental, social and governance) շրջանակին բնորոշ գործիքների, այդ թվում՝ «կանաչ» պարտատոմսերի թողարկման գործընթացը, և այս առումով կարողությունների հետևողական բարելավումը շարունակական բնույթ է կրում: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կիրառվող պարտքային տարբեր գործիքների միջոցով ներգրավվող փոխառու միջոցների և «կանաչ» ֆինանսների ներգրավման ընթացակարգերը, թողարկման տեխնիկայի առումով, գրեթե նույնական են: «Կանաչ» պարտատոմսերի թողարկման համաշխարհային լավագույն փորձը հուշում է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի «Կանաչ» պարտատոմսերի սկզբունքներին համապատասխան, որոնք բխում են կանաչ տաքսոնոմիայից: Հաշվի առնելով, որ 8.6. Կանաչ տաքսոնոմիայի մշակում և հաստատում միջոցառումը ներառված է ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշման հավելված 1-ով, ուստի ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել 2.2. կետը: 2.3. կետով նախատեսված է «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման միջոցառումների ծրագրի մշակում»: Հարկ է նշել, որ շենքերի և շինությունների ամբողջ ֆոնդերի շուրջ 60%-ը կառուցվել է խորհրդային տարիներին, որոնք գտնվում են սեյսմիկ ոչ բավարար վիճակում: Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սահմանափակությունը, անհրաժեշտ է լուծել վերջինների երկրաշարժադիմացկունության առաջնահերթ խնդիրները և իրականացնել սեյսմակայունության գնահատում, ապա նոր անդրադառնալ էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանը: Միևնույն ժամանակ, ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված են ՀՀ օրենսդրության մոտարկման աշխատանքներ շենքերի էներգարդյունավետության և էներգախնայողության դիրեկտիվներին, «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման միջոցառումների ծրագրի մշակում» միջոցառումը նպատակահարմար է իրականացնել նշված աշխատանքների ավարտից հետո, քանի որ դրանցով պայմանավորված նախատեսվում են նոր կարգավորումներ և նորմեր։ Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության եզրակացությունում նշված առաջարկի վերաբերյալ Քաղաքշինության կոմիտեն առաջարկություններ չի ներկայացրել: Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2.3. կետը։ 2.5. կետի «Հայաստանում էլեկտրամոբիլների կիրառման խթանման, լիցքավորման ցանցի ներդրման և ընդլայնման հայեցակարգի մշակում» և 3.1 կետի «Էլեկտրական էներգիայով սնուցվող, էներգաարդյունավետ սարքավորումների օգտագործման ընդլայնմանը միտված մաքսային կարգավորումների փոփոխությունների նախագծի մշակում» միջոցառումների իրականացումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելված 1-ի ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված «Էլեկտրամոբիլների և էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցների և հարակից ենթակառուցվածքների ներդրման ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում: Ուստի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել 2.5. և 3.1 կետերը։ Սակայն, հաշվի առնելով Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության եզրակացությունում նշված առաջարկը, Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է հավելյալ քննարկումներ կազմակերպել շահագիգիռ մարմինների ներկայացուցիչների միջև: Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք 2.5 և 3.1 կետերի կատաման վերջնաժամկետի փոփոխություն: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 398-Լ որոշման հավելված 1-ի 54-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածները՝ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 398-Լ որոշման հավելվածի 2-րդ մասում ավելացնել 2․8 կետ՝ «Հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանի մշակում»։ Միաժամանակ, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ էներգաարդյունավետության թիվ 2012/27/ԵՄ դիրեկտիվի և Շենքերի էներգաարդյունավետության թիվ 2010/31/ԵՄ դիրեկտիվի դրույթների մոտարկումը ենթադրում է նաև էներգասպառողների շրջանում էներգաարդյունավետության մասին հանրային իրազեկման ծրագրերի մշակում և իրակացում։ |
Կարգավորման նպատակը |
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան սահմանել ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրատեսական ժամկետներ: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Ակնկալվող արդյունքը |
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն ծրագիր-ժամանակացույցի միջոցառումների իրականացման իրատեսական ժամկետներ, որոնցով կապահովվեն ՀՀ կառավարության 2022թ․ մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» 398-Լ որոշմամբ սահմանված միջոցառումների ժամանակին կատարումը: |
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 398-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ |
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. մարտի 24-ի N 398-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրից։ |
-
Քննարկվել է
24.11.2023 - 10.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1681
Տպել