««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 56. Ընդհանուր դրույթներ պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին
- Պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա բռնագանձում տարածվում է, եթե՝
- դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ.
- բռնագանձվում են պարբերական վճարումներ.
- չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար։
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների բռնագանձումը շարունակվում է նաև այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա։
- Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։
- Պարտապանի ամուսնու՝ սույն գլխով նախատեսված եկամուտները բռնագանձման ենթակա չեն::
Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը
- Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից պահվում է հիսուն տոկոսից ոչ ավելի, այնպես որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից: Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված աշխատավարձը, դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտներից կարող է պահվել յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը, եթե բռնագանձվում է ալիմենտ, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ կամ հանցագործությամբ պատճառված վնասի գումար։
- Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումը։
- Պարտապանի կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի։:
Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածում 5-րդ կետը սոցիալական աջակցություն բառերից հետո լրացնել ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
21.11.2023 - 06.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2291
Տպել