Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2023 թվականի N___- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N1325-Ն
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Կառավարությունը որոշում է.
- Սահմանել hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 14-ի
N1235-Ն որոշման
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ՝ ՌԷԳ) կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) և փորձաքննության գործընթացներում hանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակության, հանրային լսումների ընթացակարգի, ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվության վերավերյալ շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգի և ժամկետների սահմանման հետ կապված իրավահարաբերությունները։
- Հանրության իրազեկման, հանրային լսումների ծանուցման (այսուհետ՝ ծանուցում), հանրության մասնակցության գործընթացները կազմակերպվում և իրականացվում են «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մաին» (Օրհուսի) կոնվենցիայի և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պահանջներով և սույն հավելվածով։
- Ծանուցումը, նախատեսվող գործունեության իրականացման կամ հիմնադրույթային փաստաթղթի ընդունման վերաբերյալ հանրային լսումների կազմակերպման և ապահովման նպատակով, սույն հավելվածի 10-րդ, 30-րդ և 31-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրումն է ՇՄԱԳ, ՌԷԳ և փորձաքննության գործընթացի մասնակիցներին։
- Հանրային լսումների նպատակն է ապահովել շահագրգիռ հանրության մասնակցությունը ՌԷԳ-ի կամ ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացներում որոշումների ընդունմանը։
- Շահագրգիռ հանրության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին ապահովվում է հանրության իրազեկման, հանրային լսումների ծանուցման և հանրային լսումների միջոցով՝ հիմնադրութային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթի և ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության գործընթացներում։
- Հանրային լսումները կազմակերպվում և իրականացվում են վարչական նշանակություն ունեցող շենքերում և տարածքներում։
- Հանրային լսումների ժամանակ գնահատման և փորձաքննության գործընթացներին շահագրգիռ հանրությունը մասնակցում է առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ տրամադրելու միջոցով։ Հանրային լսումների ընթացքում, շահագրգիռ hանրությունը օրենքով սահմանված ժամկետներում իրավունք ունի լիազոր մարմին և նախաձեռնողին ներկայացնելու ցանկացած գրավոր և բանավոր առաջարկություն, դիտողություն և կարծիք՝ առանց դրանց հիմքում ընկած պատճառների հիմնավորման:
- Հանրության կարծիքը համարվում է դրական, եթե լսմանը ոչ մեկը չի ներկայանում կամ դիտողություններ կամ առաջարկություններ չի ներկայացվում:
- Օրենքով նախատեսված է 2 հանրային լսում՝
- առաջին հանրային լսումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման փուլում,
- երկրորդ հանրային լսումը կազմակերպվում և իրականացվում է փորձաքննության գործընթացում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման հմակարգի մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) համակարգում գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Փորձաքննական կենտրոնի) կողմից։
- ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ գնահատում) գործընթացում շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով՝ տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողը իրականացնում են պաշտոնական կայքերի կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) նախատեսվող գործունեության, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:
- Իրազեկման բովանդակության մեջ նշվում է նախատեսվող գործունեության իրականացումը բնութագրող հակիրճ ընդհանրական տեղեկատվությունը, ինչպես նաև նախատեսվող հանրային լսմանը շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը։
- Առաջին հանրային լսումն ապահովելու նպատակով նախաձեռնողը, որը մտադիր է իրականացնել Oրենքի 12-րդ հոդվածով սահմանված նախատեսվող գործունեություն, գրավոր ծանուցում է այն համայնքի ղեկավարին, որի վարչական սահմաններում իրականացվելու է գործունեությունը:
- Ծանուցումը ներառում է՝
1) նախաձեռնողի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը,
2) նախատեսվող գործունեության անվանումը` Oրենքի 12-րդ հոդվածին համապատասխան, նպատակը, համառոտ նկարագիրը,
3) նախատեսվող գործունեության իրականացման վայրը:
- Համայնքի ղեկավարը նախաձեռնողի ծանուցումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կատարում է հանրության ծանուցում, որը ներառում է՝
- սույն հավելվածի 13-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվությունը,
- հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը,
- շահագրգիռ հանրության առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման համար սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը,
- շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների ներկայացման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ տեղեկատվությունը,
- համայնքի ղեկավարի կողմից տվյալ հանրային լսման համար նշանակված կամ լիազորված անձի տվյալները, ով պատասխանատու է լսման կազմակերպման և անցկացման համար (անուն, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը)։
- Հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը համայնքի ղեկավարը որոշում է նախաձեռնողի հետ համատեղ։
- Համայնքի ղեկավարը, մինչև հանրության ծանուցումը, ծանուցման ենթակա տեղեկատվությունը տրամադրում է նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում) հրապարակելու նպատակով:
- Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսումների վերաբերյալ ծանուցումը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, փակցվում է մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա, հրապարակվում է ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում։
- Համայնքի ղեկավարը ծանուցման օրվանից հետո՝ ոչ շուտ, քան 21-րդ և ոչ ուշ, քան 25-րդ աշխատանքային օրն իրականացնում է հանրային լսում՝ ազդակիր բնակավայրում։
- Ազդակիր բնակավայրերի թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային լսումը կազմակերպվում է այն բնակավայրում, որի վարչական սահմանում նախատեսվում է իրականացնել նախատեսվող գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությունը:
- Համայնքի ղեկավարի կամ նախաձեռնողի կողմից, հանրային լսման անցկացման վայրի, օրվա կամ ժամի փոփոխման դեպքում (համատեղ համաձայնեցված)՝ ապահովելով սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետները՝ համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է հանրությանը՝ սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով գրանցվածների հետադարձ էլեկտրոնային փոստով՝ լսման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
- Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են սույն հավելվածի 14-րդ կետում նշված ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։
- Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ սույն հավելվածի 14-րդ կետի 5-րդ ենթակեսով նախատեսված անձի էլեկտրոնային փոստի միջոցով:
- Հանրային լսումը վարում է համայնքի ղեկավարը կամ համայնքի ղեկավարի կողմից նշանակված տվյալ հանրային լսման համար պատասխանատուն, ով ապահովում է լսման ամբողջ ընթացքի արձանագրումը, լուսանկարահանումը կամ տեսաձայնագրումը: Հանրային լսումը կարող է լուսանկարահանել կամ տեսաձայնագրվել նաև այլ մասնակիցների կողմից, դրա մասին նախապես տեղեկացնելով վարողին։
- Լսման ընթացքում շահագրգիռ հանրության կողմից բարձրացված բանավոր բոլոր կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների պատասխանը տրվում է անմիջապես՝ նախաձեռնողի կամ վարողի կողմից։
- Հանրային լսման ժամանակ, բացի բանավոր հնչեցված կարծիքներից, դիտողություններից ու առաջարկություններից, քաննրկվում են նաև սույն հավելվածի 21-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված կարծիքները, դիտողություններն ու առաջարկություները՝ անկախ դրանց հեղինակի հանրային լսմանը ներկա գտնվելու հանգամանքից։ Հեղինակի հանրային լսմանը ներկա չգտնվելու դեպքում պատասխանը ներկայացվում է հետադարձ կապի միջոցով՝ լսման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հանրային լսման արձանագրության մեջ, որը կազմվում է լսման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, նշվում են լսումների վայրը, օրը և ժամը, մասնակիցների կազմը, ինչպես նաև լսումներում հնչեցված բոլոր կարծիքները դիտողություններն ու առաջարկությունները,ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու դիտարկումները, լուսանկարահանող կամ տեսաձայնագրող մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման հասցե, հեռախոսահամար): Արձանագրությունն ստորագրում են վարողը, արձանագրողը և նախաձեռնողը: Մասնակիցների ցանկը` ստորագրություններով կցվում է արձանագրությանը:
- Համայնքի ղեկավարը հանրային լսումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը ներկայացնում է համայնքի ավագանուն և նախաձեռնողին։
- Համայնքի ավագանին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով, հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն տրամադրելու վերաբերյալ, որը պետք է պարունակի պատճառաբանական հիմնավորումներ։
- Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու որոշման կայացման օրվանից հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, լիազոր մարմնին և նախաձեռնողին է տրամադրում համայնքի ավագանու որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունները, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները։
- ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ, ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով՝ լիազոր մարմինը, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և նախաձեռնողը իրականացնում են պաշտոնական կայքերի կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներով (մամուլ, զանգվածային լրատվության այլ միջոցներ, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հանրային նշանակության շենքերի ցուցատախտակներ) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթղի, փորձաքննական գործընթացի վերաբերյալ շահագրգիռ հանրության իրազեկում:
- Իրազեկման բովանդակության մեջ նշվում է հիմնադրույթային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը բնութագրող հակիրճ ընդհանրական տեղեկատվությունը, ինչպես նաև նախատեսվող հանրային լսմանը շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը։
- Փորձաքննության գործընթացում հանրային լսումն ապահովում է Փորձաքննական կենտրոնը՝ համայնքի ղեկավարի հետ համատեղ՝ նախաձեռնողի մասնակցությամբ։
- Փորձաքննության գործընթացում ազդակիր համայնքը կամ բնակավայրը որոշում է Փորձաքննական կենտրոնը՝ հիմք ընդունելով հիմնադրութային փաստաթղթի նախագծի և ՌԷԳ հաշվետվության կամ Նախատեսվող գործունեության նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև փորձաքննության գործընթացում համապատասխան պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացրած մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունը կամ հիմնավորված կարծիքը ստանալուց հետո, իսկ լրամշակման անհրաժեշտության դեպքում նախաձեռնողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրամշակված փաթեթը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ որոշման մասին տեղեկացնում համայքի ղեկավարին և նախաձեռնողին։
- Հանրային լսման իրականացման վայրը, օրը և ժամը որոշվում է Փորձաքննական կենտրոնի կողմից՝ համայնքի ղեկավարի և նախաձեռնողի հետ համատեղ։
- Փորձաքննության գործընթացում համապատասխան պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունը կամ հիմնավորված կարծիքը ստանալուց հետո, իսկ լրամշակման անհրաժեշտության դեպքում նախաձեռնողի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լրամշակված փաթեթը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Փորձաքննական կենտրոնն իրականացնում է հանրային լսման վերաբերյալ ծանուցում։
- Ծանուցումը հրապարակում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով։ Փորձաքննական կենտրոնը ապահովում է ծանուցման տեղադրումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում:
- Փորձաքննական կենտրոնը ծանուցուման մասին տեղեկատվությունը նախապես ներկայացնում է Համայնքի ղեկավարին՝ մարզպետարանի կամ ազդակիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի կամ հանրային նշանակության շենքերի (մշակույթի, արվեստի, գիտական, կրթական, ուսումնական նշանակության շենքերի) հայտարարությունների ցուցատախտակի վրա փակցնելու, ազդակիր համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում, և նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում (առկայության դեպքում) հրապարակելու համար։
- ՌԷԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝
- նախաձեռնողի անունը (անվանումը),
- հիմնադրույթային փաստաթղթի նախագծի անվանումը,
- ամփոփ նկարագիրը,
- հիմնադրույթային փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը,
- հիմնադրույթային փաստաթղթի նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի` ներառյալ առողջության մասին տեղեկատվությանը,
- հանրային լսումների իրականացման ժամկետները, վայրը,
- տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները
- Փորձաքննական կենտրոնի տնօրենի կողմից նշանակված տվյալ հանրային լսման համար պատասխանատուի տվյալները (անուն, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը),
- հիմնադրութային փաստաթղթի նկատմամբ անդրսահմանային գնահատման ընթացակարգի կիրառման հավանականությունը:
- ՇՄԱԳ-ի հանրային լսումների ծանուցման բովանդակությունը պարունակում է՝
- նախաձեռնողի անունը (անվանումը).
- նախատեսվող գործունեության տեսակը.
- նախատեսվող գործունեության իրականացման վայրը և ամփոփ նկարագիրը.
- հանրային լսումների իրականացման ժամկետները և հասցեն.
- փաստաթղթերին ծանոթանալու և տեղեկատվության ստացման հնարավորությունը, առաջարկություններ ներկայացնելու համար նախատեսված հասցեն,
- Փորձաքննական կենտրոնի տնօրենի կողմից նշանակված տվյալ հանրային լսման համար պատասխանատուի տվյալները (անուն, ազգանունը, պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը)։
- Փորձաքննության ընթացքում հանրային լսումներն իրականացվում են ծանուցումից ոչ շուտ, քան 15-րդ օրը և
1) ոչ ուշ քան 25-րդ օրը՝ հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում,
2) ոչ ուշ քան 20-րդ օրը՝ Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում:
- Փորձաքննական կենտրոնի կամ Համայնքի ղեկավարի կամ նախաձեռնողի կողմից, հանրային լսման անցկացման վայրի, օրվա կամ ժամի փոփոխման դեպքում (համատեղ ամաձայնեցված)՝ ապահովելով սույն հավելվածի 40-րդ կետով սահմանված ժամկետները՝ Փորձաքննական կենտրոնը, Համայնքի ղեկավարը և նախաձեռնողը այդ մասին տեղեկացնում են հանրությանը՝ սույն հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով նախատեսված միջոցներով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով գրանցվածների հետադարձ էլեկտրոնային փոստով՝ լսման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:
- Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունները, դիտողությունները կամ կարծիքները ներկայացվում են՝
1) հիմնադրույթային փաստաթղթի նախագծի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` ծանուցումից հետո՝ 25 աշխատանքային օրվա ընթացքում,
2) Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում՝ ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
- Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ սույն հավելվածի 38-րդ կետի 8-րդ և 39-րդ կետի 6-րդ ենթակետերով նախատեսված էլեկտրոնային փոստով:
- Հանրային լսումը վարում է Փորձաքննական կենտրոնի տնօրենը կամ նրա կողմից նշանակված տվյալ հանրային լսման համար պատասխանատուն, ով ապահովում է լսման ամբողջ ընթացքի արձանագրումը, լուսանկարահանումը կամ տեսաձայնագրումը: Հանրային քննարկումները կարող են լուսանկարահանել կամ տեսաձայնագրվել նաև այլ մասնակիցների կողմից, դրա մասին նախապես տեղեկացնելով վարողին։
- Հանրային լսուման ընթացքում ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները ներկայացնում է Նախաձեռնողը:
- Եթե նախատեսվող գործունեությանը վերաբերող հիմնադրութային կամ նախագծային փաստաթղթերը և ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունները պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն, ապա Նախաձեռնողն այդ տեղեկատվությունը դուրս է բերում հաշվետվությունից՝ դրա հրապարակային մասը մատչելի դարձնելով շահագրգիռ հանրությանը:
- Հանրային լսմանը կարող են հրավիրվել փորձաքննական գործընթացում ներգարվված փորձագետները, պետական և մասնագիտացված մարմինների ներկայացուցիչները։
- Լսման ընթացքում շահագրգիռ հանրության կողմից բարձրացված բանավոր բոլոր կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների պատասխանը տրվում է անմիջապես՝ նախաձեռնողի կամ վարողի կողմից։
- Հանրային լսման ժամանակ, բացի հնչեցված բանավոր կարծիքներից, դիտողություններից ու առաջարկություններից, քննարկվում են նաև սույն հավելվածի 42-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված կարծիքները, դիտողություններն ու առաջարկություները՝ անկախ դրանց հեղինակի հանրային լսմանը ներկա գտնվելու հանգամանքից։ Հեղինակի հանրային լսմանը ներկա չգտնվելու դեպքում պատասխանը ներկայացվում է հետադարձ կապի միջոցով՝ լսման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Հանրային լսման արձանագրության մեջ, որը կազմվում է լսման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, նշվում են լսումների վայրը, օրը և ժամը, մասնակիցների կազմը, ինչպես նաև լսումներում բարձրացված բոլոր կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները, դրանց վերաբերյալ տրված պատասխաններն ու դիտարկումները, լուսանկարահանող կամ տեսաձայնագրող մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման հասցե, հեռախոսահամար): Արձանագրությունն ստորագրում են վարողը, արձանագրողը և Նախաձեռնողը: Մասնակիցների ցանկը` ստորագրություններով կցվում է արձանագրությանը:
- Լսման ընթացքում ներկայացված կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները նախաձեռնողը և լիազոր մարմինը պետք է հաշվի առնեն: Հաշվի չառնելու դեպքում տրվում են հիմնավոր պատճառաբանումներ:
- Փորձաքննական կենտրոնը, լսման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է հանրային լսման արձանագրության, լուսանկարների կամ տեսաձայնագրության, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների տեղադրումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում։
- Լսման արձանագրությունները, լուսանկարները, տեսաձայնագրությունները, հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկությունները, Փորձաքննական կենտրոնի կողմից պահպանվում են «Արխիվային գործի մասին» օրենքով սահմանված ժամկետով և կարգով:»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
-
Քննարկվել է
20.11.2023 - 08.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2066
Տպել