Հիշել նախագիծը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆՐԱՆՑ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ և ԱՐՏՈՆՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին» N 375-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություն (որոշման նախագիծը շարադրվել է նոր խմբագրությամբ) կատարելը պայմանավորված է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի (այսուհետ Ծրագիր) շահառուների բժշկական օգնության և կազմակերպման, առողջապահության նախարարության և ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների և բժշկական կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման, պայմանագրային գումարների հաշվարկման, շահառուների առողջապահության էլեկտրոնային բազայի ստեղծման և վարման, շահառուների ըստ ապահովագրական կազմակերպությունների բաշխման, շահառուների բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթի գործընթացների կանոնակարգման, հստակեցման և խմբագրական բնույթի այլ փոփոխությունների անհրաժեշտությամբ: Մասնավորապես.

  1. Որոշման վերնագրում և որոշման ողջ տեքստում «առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպություններ» հասկացությունը փոխարինվել է «բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպություններ»-ով, քանի որ Ծրագրի շահառուներ են ոչ միայն վերը նշված կազմակերպությունների, այլ նաև օրինակ մասնագիտացված կազմակերպությունների (շտապ օգնություն, արյան փոխներարկման կայաններ, հիվանդանոցային ընդհանուր պրոֆիլի ծառայություններ մատուցող և այլն) աշխատակիցները:
  2. Հստակեցվել է Ծրագրի շրջանակներում շահառու դառնալու և շահառուի կարգավիճակը դադարելու կամ աշխատանքից ազատվելուց հետո այն պահպանելու ժամկետները և պայմանները՝ այդ թվում համատեղությամբ աշխատանքի դեպքում:
  3. Հստակեցվել է առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով շահառուների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման պայմանները:
  4. Սահմանվել և հստակեցվել են պայմանագրային գումարների հաշվարկման մեթոդաբանությունը, առողջապահության նախարարության և ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների և բժշկական կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքման նախապայմանները և դրանց ժամկետները: Նախկինում յուրաքանչյուր տարվա սկզբին խնդիրներ էին առաջանում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մասով՝ կապված պայմանագրերի կնքման ուշացման հետ: Նախագծով հստակորեն տարանջատվում են ըստ ապահովագրական ընկերությունների շահառուների կցագրման և պայմանագրային գումարի հաշվարկման գործընթացները: Նախագծով նախատեսվում է արդեն իսկ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ից սկսել ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման գործընթացը (տեսակարար կշիռների հաշվարկման համար ելակետային տվյալների ստացում, բացառությունների սահմանում և այլն) և հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ ավարտել բոլոր շահառուների կցագրումը ապահովագրական ընկերություններին:
  5. Նախագծով սահմանվել է նաև մեկ շահառուի հաշվով ապահովագրական վճարի օրական մեծության հաշվարկման մեթոդաբանությունը:
  6. Նախագծով սահմանվել է ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրերի չկնքման դեպքում Որոշմամբ սահմանված առավելագույն վնասաբերությունը գերազանցող մեծության փոխհատուցման չափը և պայմանները:
  7. Նախագծով փոփոխություն է կատարվել նաև հիվանդանոցային ծառայությունների փաթեթում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները և դրանց անվանումները համապատասխանեցվել է առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկմանծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանով (նախկին առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով հաստատված ցանկի փոխարեն) հաստատված ցանկով սահմանված ծառայությունների անվանումներին և ձևակերպումներին՝ առանց կրճատելու նախկինում թվարկված որևէ ծառայություն։
  8. Նախագծով առաջարկվում է նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում ավելացնել «15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունը արտոնյալ պայմաններով (համավճարային սկզբունքով)՝ պետության կողմից փոխհատուցվող գումարի չափը սահմանելով «նորագոյացությունների ճառագայթային բուժում» ծառայության (որը փոխհատուցվում է Ծրագրի շրջանակներում) չափով և շահառուներին ընտրության հնարավորություն տալ:

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող աշխատանքների՝ մասնավորապես շահառուների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացը կանոնակարգելու, պայմանագրային գումարների հաշվարկման համար սահմանված ժամկետների հստակեցման, պայմանագրային գումարների հաշվարկման թափանցիկության, դրանք առավել կառավարելի դարձնելու, հաշվառելի դարձնելու հանգամանքով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի կազմմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցները:

4. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվում է առողջապահական ծառայությունների մատուցումը առավել որակյալ, առավել կառավարելի, թափանցիկ, հաշվառելի և նպատակային դարձնելն է:

 5. Նախագծի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    15.11.2023 - 30.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2437

Տպել