Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման

Նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝

«1.   Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

  1. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:(...)»

Ի կատարումն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի հիշյալ դրույթի՝ 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունվեց «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 664-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 441-Ն որոշումը: Տվյալ որոշումն այնուհետև ուժը կորցրած ճանաչվեց ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որով հաստատվեցին դատախազների համազգեստը, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազի տարբեր հանձնարարականներով և հրամաններով դատախազներին հանձնարարվել է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով:

Դատախազի՝ մշտապես պատշաճ համազգեստով ներկայանալը պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս, ի թիվս այլնի, հանրության լայն շրջանակներում դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի նկատմամբ հանրային վստահությունը և ընկալելիությունը բարձրացնող գործոններից է:

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Որոշման հավելվածում՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս սահմանելով նաև տաբատը՝ հաշվի առնելով դրա պրակտիկ հարմարավետությունը, տարվա տարբեր եղանակներին այն կրելու առավելությունները: Պատահական չէ, որ այլ իրավապահ մարմիններում պաշտոններ զբաղեցնող իգական սեռի ներկայացուցիչներին տրվող համազգեստի բաղկացուցիչ մաս է տաբատը: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 958-Ն որոշմամբ, ինչպես նաև «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշմամբ, համապատասխանաբար, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող կանանց, ինչպես նաև ոստիկանության կին ծառայողների համազգեստի բաղկացուցիչ մաս է հանդիսանում տաբատը:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

 Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառելով տաբատը:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ իգական սեռի դատախազների համազգեստը կդառնա ավելի պրակտիկ և հարմարավետ, ինչն իր հերթին կնպաստի պաշտոնեական պարտականությունների պատշաճ իրացմանը:

 

 

 

ՀՀ գլխավոր դատախազություն

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեից կառաջանա տարեկան լրացուցիչ մոտ 3 մլն 500 հազար դրամի ֆինանսավորման անհրաժեշտություն:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

  • Քննարկվել է

    07.11.2023 - 22.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1913

Տպել