Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 -2026 ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԺԾԾ հիմնական նպատակն է ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ երեք տարիների համար և առաջիկա տարվա բյուջեի ծախսային ծրագրերի ֆինանսական գնահատականը: Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը և թե ինչպես են դրանք նպաստելու համայնքի նպատակների իրագործմանը:
1․ ՀՀ համայնքային բյուջեների ՄԺԾԾ ոլորտային գերակայությունները
Գերակայությունները որոշվում են ինչպես համայնքի զարգացման հնգամյա ծրագրի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա:
Համայնքային կառավարման ոլորտում իրականացվում են համայնքային ծառայության կատարելագործման, տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև համայնքային ծառայողների անձնակազմի կարողությունների զարգացում։
Տնտեսության ոլորտում շարունակվում են ներդրումները ճանապարհային տրանսպորտի, քաղաքաշինության, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում):
Տրանսպորտի բնագավառում իրականացվելիք ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններն են ներհամայնքային փողոցների հիմնանորոգումները և լուսավորության ցանցի կառուցումն ու պահպանումը։
Տնտեսական զարգացման բնագավառի հիմնական գերակա ուղղությունն է գյուղատնտեսության, տեղական զբոսաշրջության և էկոտուրիզմի զարգացման, արևային էներգիայով աշխատող օբյեկտների կառուցման միջոցառումների իրականացումը։
Բնապահպանության բնագավառում կարեւորվում է աղբահանության սանիտարական մաքրման, ինչպես նաև թափոնների կառավարման գործընթացների և միջոցառումների, տարածքների կանաչապատման, բնապահպանական այլ միջոցառումների իրականացումը:
Քաղաքաշինության բնագավառի քաղաքականության հիմնական ուղղություններն ու ծախսային գերակայություներն են,
-բնակավայրերի բարեկարգման, բազմաբնակարան բնակելի շենքերի հիմնանորոգման, ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են ծախսային՝ հետևյալ գերակայությունները.
Սոցիալական ապահովության բնագավառում շարունակվում են առանձնակի ուշադրության կենտրոնում պահվել անապահով ընտանիքների, թոշակառուների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամություն ունեցողներին լուծում պահանջող խնդիրները,
Կրթության բնագավառում պահպանվում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության բարեփոխումների շարունակական ընթացքը, առանձնակի ուշադրություն է դարձվում կրթության որակի բարձրացմանը, աշխատողների վերապատրաստման և նյութատեխնիկական հագեցվածության հարցերին: Շարունակվում է նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքների իրականացումը։
Կարեւորվում է համանքային ենթակաության մշակույթի և սպորտի բնագավառների՝ մշակույթի տների, գրադարանների, հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները։
ՄԺԾԾ գործընթացի արդյունքում սահմանվել են։
- Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները կամ նպատակները այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են համայնքային բյուջեների եկամուտները, ծախսերը (վարչական և ֆոնդային) և պակասուրդի մակարդակը։
Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները:
Հաշվի առնելով երկարաժամկետ հարկաբյուջետային քաղաքականության նպատակները, ակնկալվող եկամուտների մակարդակը և ծախսերի անհրաժեշտությունը՝ որոշվել են ընդհանուր ծախսերի մակարդակը (և, հետևաբար, պակասուրդը) առաջիկա բյուջետային տարվա և ՄԺԾԾ ժամանակահատվածի հաջորդ երկու տարիների համար:
Ռազմավարական ծախսային գերակայությունները. ՄԺԾԾ գործընթացում ոլորտային և ծախսային գերակայությունների սահմանումը թույլ կտա, որպեսզի առաջիկա տարվա համայնքային բյուջեի նախագծի կազմման գործընթացն ուղղորդվի համապատասխան մշակված ռազմավարությունների դաշտով:
2․ 2024-2026 թվականների համար ծրագրի կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024-2026 թվականներին նախագծվում են իրականացնել հետևյալ ծրագրերը.
Գավառ քաղաքի, Գանձակ, Սարուխան, Կարմիրգյուղ, Նորատուս, Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Բերդկունք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Ծաղկաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ:
Գավառ համայնքի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման և գույքերով համալրման աշխատանքներ:
Գավառ համայնքում ոռոգման համակարգերի կառուցում։
Գավառ համայնքի Լանջաղբյուր և Գեղարքունիք բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում։
Գավառ համայնքում լուսավորության ցանցի ընդլայնման և արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ։
Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցում։
Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և մուտքերի հիմնանորոգման աշխատանքներ։
Թվարկված ծրագրերը վերջնական չեն, յուրաքանչյուր տարի, ելնելով ֆինանսական հնարավորություններից ու նախորդ տարվա ծրագրերի ավարտական աստիճանից, դրանք ենթարկվում են փոփոխության, ինչպես նաև առաջանում են նոր առաջնահերթություններ:
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքները հնարավորություն են ընձեռում՝ ելնելով ֆինանսական հնարավորություններից յուրաքանչյուր տարվա ընթացքում համայնքի բյուջեում կատարել համապատասխան ոլորտային տեղաշարժեր, ճշտել ծրագրերը, դրանք համապատասխանեցնել ֆինանսական հնարավորություններին և ապահովել դրանց կատարումը:
-
Քննարկվել է
07.11.2023 - 22.11.2023
-
Տեսակ
Ֆինանսական արձանագրություն
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
Դիտումներ` 2067
Տպել