Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 1431-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_______ հունիսի 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1431-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 25-րդ կետի երկրորդ նախադասությունը «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի XXV.1 գլխով նախատեսված դեպքերի» բառերով․
2) 38-րդ կետի 2-րդ ենթակետում «գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը» բառերը փոխարինել «սույն կարգի 70․1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով․
3) հավելվածը XXV գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ XXV.1-ին գլխով`
«XXV.1 ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԻՄՔՈՎ
70․1․ Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական անհնազանդությունը, որոնք նավթային գործունեության իրավունք ունեցող անձը չէր կարող կանխատեսել, կանխարգելել, և որոնց հետևանքով նավթային գործունեության իրավունք ունեցող անձը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն կարգով սահմանված պարտավորությունները:
70․2․ Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով արտոնագրի ժամկետը երկարաձգվում է առավելագույնը այդ հանգամանքների և նավթային գործունեության իրավունք ունեցող անձի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով։
70․3․ Սույն կարգի 70․1-ին կետով սահմանված հանգամանքների ծագման պահից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք ունեցող անձը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին։ Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում նավթային գործունեության իրավունք ունեցող անձի՝ լիազոր մարմին ներկայացված դիմումը քննարկման ենթակա չէ:
70․4․ Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգման համար սույն կարգի 70․1-ին մասով սահմանված հանգամանքների վերացման պահից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք ունեցող անձը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են սույն կարգի 66-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները, սույն կարգի 70․1-ին կետով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով ծրագիրը։
70․5․ Սույն կարգի 70․4-րդ կետով ներկայացվող՝ փոփոխված ժամանակացույցով ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված։
70․6․ Դիմումը մուտքագրվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։»
70․7․ Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։ Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
70․8. Դիմումը մերժվում է նաև սույն կարգի 70․1-ին մասով սահմանված հանգամանքների և նավթային գործունեության իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում։
70․9. Սույն կարգի 70․6-րդ կետով սահմանված կարգով դիմումը բավարարելու դեպքում Լիազոր մարմինը այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին: Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում արտոնագրի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած»:
4) 72-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 70․5-րդ կետով սահմանված դեպքի» բառերով․
5) հավելվածի «Ձև 2»-ի 8-րդ կետում «զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ» բառերը փոխարինել «քաղաքացիական անհնազանդության» բառերով:
2․ Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով լրացվող՝ Կարգի 70․1-ին կետով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նավթային գործունեության իրավունք ստացած և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին այդ իրավունքը պահպանած անձանց վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ Սույն կետում նշված դեպքերում նավթային գործունեության իրավունք ունեցող անձինք Կարգի 70․3-րդ կետով սահմանված տեղեկությունները լիազոր մարմին են ներկայացնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի արդյունքում առաջացած հետևանքների հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգման համար նախատեսված դիմումը և դրան կից նյութերը ներկայացվում են Կարգի 70․4֊րդ կետով սահմանված ժամկետում:
3․ Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքերում արտոնագրի ժամկետը երկարաձգվում է 4 տարի ժամկետով, անկախ անհաղթահարելի ուժի հիմքով նավթային գործունեության իրավունք ունեցող(ունեցած) անձի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետից, եթե վերջինս արտոնագրի գործողության երկարաձգման ավելի կարճ ժամկետ չի նշել դիմումում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
-
Քննարկվել է
03.11.2023 - 18.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2095
Տպել