Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի «ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը և պայմանները վերանայելու, հստակեցնելու, 2024թվականից այդ ծառայությունը անխոչընդոտ ներդնելու  անհրաժեշտությունից։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման ընդունումից հետո, հանրապետությունում փորձարկվել է անձնական օգնականի ծառայության ներդրման պիլոտ ծրագիրը և դրա արդյունքների վերլուծության ժամանակ, վեր են հանվել խնդիրներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնք և հիմք են հանդիսացել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: Միաժամանակ, քանի որ դեռևս հանրապետությունում չեն ներդրվել օրենքով նախատեսված Անկախ կյանքի կենտրոնները, հետևապես, անձնական օգնականի ծառայության կազմակերպումը, հաշմանդամություն ունեցող անձանց ուղղորդումը չէր կարող իրականացվել այդ մարմինների միջոցով, ուստի այդ գործառույթը նախագծով վերապահվել է ՄՍԾ-ին:

     Անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի վերլուծության արդյունքների հիման վրա նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման վերանայում՝ անձնական օգնականի ծառայություն տրամադրել նաև հենաշարժական, տեսողական, հոգեկան-մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (գործող որոշմամբ նախատեսված էր միայն ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցողներին տրամադրել անձնական օգնականի ծառայություն): Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց նախատեսվում է տրամադրել ամսական 60 ժամ անձնական օգնականի ծառայություն, իսկ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակման դեպքում՝ 80 ժամ: Անձնական օգնականին 1 ժամվա համար նախատեսվում է սահմանել 1050 դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի ինչպես խմբագրական, այնպես էլ անձնական օգնականի ծառայության կազմակերպման և շահառուների ուղղորդման հարցում կատարել փոփոխություններ և հստակեցնել որոշ գործառույթներ: Մասնավորապես լրամշակվել են նաև անձնական օգնականի և շահառուի իրավունքներն ու պարտականությունները, հաշվի առնելով ինչպես պիլոտ ծրագրի արդյունքները, այնպես էլ միջազգային փորձը: Նախագծում ներառվել են նաև որոշ ձևաչափեր, մասնավորապես՝ դիմումի ձևը, որը հնարավորություն է տալիս անձին ներկայացնել նախնական հատուկ պահանջներ անձնական օգնականի վերաբերյալ, պայմանագրի օրինակելի ձևը, անձնական օգնականի օրագրի ձևը։ Նախագծով վերանայվել է նաև ծառայություն ստանալու իրավունք ունեցող թիրախ խումբը և սահմանվել ծառայության առավելագույն ժամաքանակները, այս դեպքում ևս հաշվի է առնվել միջազգային փորձը:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել անձնական օգնականի ծառայության հետ կապված իրավահարաբերությունները և բարելավել  օրենսդրական դաշտը։

6.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 

Նախագծի ընդունման արդյունքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում կառաջանա լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն։  ՀՀ 2024 բյուջեի հայտով անձնական օգնականի ծառայության ներդրման համար նախատեսվել է 151,048․8 հազ.դրամ` հաշմանդամություն ունեցող 189 անձի  անձնական օգնականի ծառայություն մատուցելու նպատակով։

2023թ․ հուլիսին ֆունկցիոնալության գնահատման համակարգով առաջնակի գնահատվածներից հենաշարժական, տեսողական, հոգեկան/մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակմամբ անձանց թիվը կազմել է շուրջ 315 հոգի: Մինչև տարեվերջ նախատեսվում է, որ թիվը կկրկնապատկվի՝ 630 հոգի:  2024 թվականի հունվարի 1-ից կրկնակի գնահատվողները նույնպես կանցնեն ֆունկցիոնալության գնահատում։ Առաջնակի գնահատվածները սովորաբար կազմում են ամբողջ գնահատվածների 1/3-ը։ Հետևաբար, անձի ֆունկցիոնլության գնահատման համակարգի ուսումնասիրությունների և փորձնական ծրագրի արդյունքների համադրությամբ կանխատեսվում է, որ 2024թ․ անձնական օգնականի ծառայություն կտրամադրվի շուրջ 189 անձի (630*3/10), որի համար կպահանջվի 151 0488 հազ դրամ։

7.

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

 

Նախագիծը անուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներին և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

 

  • Քննարկվել է

    17.10.2023 - 02.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3843

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հանրային քննարկման ժամանակահատվածում անցկացրել է խորհրդակցություն հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքի անդամների և մասնագետների հետ։ Այդ հանդիպման ժամանակ ծառայություն մատուցող կազմակերպության ներկայացուցչի կողմից հնչել են մտահոգություններ, որ այժմ էլ անձը կարողանում է միաժամանակ օգտվել նախարարության պատվիրակված տարբեր ծառայություններից միայն մեկից։ Հաշվի առնելով գործնականում հնարավոր թյուրըմբռնումներն՝ անհրաժեշտ է ամրագրել, որ անձի անձնական օգնականի ծառայություն ստանալը չի խոչընդոտում մյուս սոցիալական ծառայություններից օգտվելուն, հակառակը՝ խրախուսելի է, այդ թվում՝ երբ խոսքը խնամքի կամ մարդկային աջակցության այլ ծառայությունների մասին է։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Անհրաժեշտ է սահմանել ծառայություն տրամադրել-չսահմանելու որոշման բողոքարկման ընթացակարգ, որը պետք է երաշխավորի բողոքների մանրամասն քննարկումը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Դրական է, որ նախագծով վերջ է դրվում այն քննարկումներին, որոնց համաձայն անձնական օգնականները չեն կարող կամ չպետք է գտնվեն ուսումնական հաստատություններում և աջակցեն հաշմանդամություն ուենցող անձանց (երեխաներին), այդ թվում՝ երբ անհրաժեշտ է հընթացս ապահովել կրթության բովանդակության մատչելիությունը տարբեր եղանակներով։ Մեր համոզմամբ՝ անձնական օգնականը կարող է և պետք է լինի բոլոր տեղերում, որտեղ որոշում է հաշմանդամություն ունեցող անձը (երեխան)։

Տեսնել ավելին