Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2023 թվական     N ------Ն

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել՝

1) գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողների գիտական աստիճանի ամենամսյա հավելավճարի չափը՝ գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ.

2) գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ------- -- -ի

N --- -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    1. Սույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված գիտական աստիճանի հավելավճարը (այսուհետ` Հավելավճար) գիտական աշխատողներին վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ֆինանսական միջոցները գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններին և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորոբաժանումներին (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրելուն առնչվող հարաբերությունները:
    2. Հավելավճարի իրավունք ունեն գիտական աստիճան ունեցող, գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային՝ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման ծրագրերում (այսուհետ` Ծրագիր) ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողները (այսուհետ՝ Գիտական աշխատող):
    3. Գիտական աշխատողներին Հավելավճարը վճարվում է ըստ աշխատած օրերի քանակի:
    4. Մահվան պատճառով փոփոխության դեպքում Հավելավճարը տրամադրվում է անկախ տվյալ ամսում աշխատած օրերի քանակից:
    5. Հավելավճար տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող գիտական աստիճան ունեցող Գիտական աշխատողներին, իսկ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Գիտական աշխատողներին Հավելավճարը չի տրամադրվում:
  2. ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
    1. Ծրագիր իրականացնող Կազմակերպությունը յուրաքանչյուր բյուջետային տարվա առաջին ամսվա առաջին տասնօրյակում Կոմիտեի առցանց համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով Կոմիտե է ներկայացնում Գիտական աշխատողների Հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հայտ (այսուհետ՝ Հայտ), որի դիմելու ընթացակարգը սահմանում է Կոմիտեն:
    2. Հայտում ներառված տվյալների համապատասխանության դեպքում Կոմիտեի և Կազմակերպության միջև կնքվում է Գիտական աշխատողներին Հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հանձնարարության պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
    3. Ծրագիր իրականացնող Կազմակերպությունը յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչև 3-րդ տասնօրյակի վերջին աշխատանքային օրը Համակարգի միջոցով Կոմիտե է ներկայացնում Ծրագրում ընդգրկված գիտական աստիճան ունեցող Գիտական աշխատողների թվաքանակի և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն), իսկ վերջին եռամսյակի Հաշվետվությունը՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին տասնօրյակը:
    4. Եռամսյակի ընթացքում փոփոխությունների առկայության դեպքում Կազմակերպությունը Հաշվետվության հետ միասին Կոմիտե է ներկայացնում Հայտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (ընդունման, ազատման, երկարատև արձակուրդի կամ երկարատև գործուղում ուղարկելու հրամաններ և այլն):
    5. Հաշվետու եռամսյակից շուտ կատարված, սակայն Հայտով չներկայացված փոփոխությունները, անկախ չներկայացման պատճառներից, հաշվի չեն առնվում:
    6. Կազմակերպության կողմից սույն կարգով սահմանված ժամկետներում Հաշվետվությունը կամ այլ պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Հավելավճարների վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրումը Կոմիտեի կողմից դադարեցվում է:
    7. Սույն կարգի 11-րդ կետով դադարեցված ֆինանսական միջոցների տրամադրումը վերսկսվում է սույն կարգով սահմանված Հաշվետվության կամ այլ պահանջվող տեղեկատվության ներկայացնելուց հետո՝ հաջորդող ամսվանից:
    8. Սույն կարգի 11-րդ կետով դադարեցված ժամանակահատվածի համար Կոմիտեի կողմից Կազմակերպությանը ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում, որը հիմք չի հանդիսանում Կազմակերպության կողմից Գիտական աշխատողներին Հավելավճար չվճարելու համար:
    9. Ծրագիր իրականացնող Կազմակերպությունը, յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջին եռամսյակի Հաշվետվությունը կազմելիս, անհրաժեշտություն առաջանալու պարագայում, Կոմիտեի հետ կնքում է Գիտական աշխատողներին Հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հանձնարարության պայմանագրի գնի կամ այլ պայմանների փոփոխության մասին hամաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր):
    10. Հայտի, Պայմանագրի, Հաշվետվության և Համաձայնագրի ձևերը գեներացնում է Համակարգը:
    11. Կոմիտեն՝
  • հավաքագրում է Կազմակերպությունների կողմից տարեսկզբին Հայտով ներկայացված և եռամսյակային պարբերականությամբ Հաշվետվություններով ներկայացվող տվյալները.
  • հավաքագրված տվյալները ներառում է Ծրագրում ընդգրկված գիտական աստիճան ունեցող Գիտական աշխատողների վերաբերյալ ստեղծված շտեմարանում.
  • իրականացնում է ներկայացված տվյալների համեմատություն՝ համապատասխան փոփոխությունների ներառման և ամփոփման նպատակով.
  • Ծրագիր իրականացնող Կազմակերպություններին Գիտական աշխատողներին Հավելավճար վճարելու նպատակով ֆինանսական միջոցների փոխանցումն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը՝ ըստ Կազմակերպությունների կողմից ներկայացված Հավելավճար ստացող Գիտական աշխատողների ճշգրտված թվաքանակի:
  • Քննարկվել է

    09.10.2023 - 24.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3486

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ֆլորա Սարուխանյան

17.10.2023

Որպես համակարգի աշխատող, վստահեցնում եմ, որ ակնկալիքը, որի համար նման փոփոխություն է կատարվում, չի արդարանալու։ Գիտական աստիճան ունեցող գիտաշխատողը, ով ստիպված է համատեղությամբ աշխատել, ընտրել է այդ տարբերակը ոչ լավ պայմաններից եւ, հաստատ, ոչ 25000 կամ 50000 դրամի տարբերության համար։ Այս նախագծի հաստատման պարագայում, վստահ եմ, որ մեծ մասը ոչ թե կընտրի գիտական ոլորտը որպես հիմնական աշխատավայր, այլ կհրաժարվի դրանից։ Այնպես որ, եթե ակնկալիքը, իրոք գիտական ոլորտում կադրերի ամրապնդումն է, ապա սխալ մոտեցում է ընտրված։ Բացի այդ, հավելավճարը տրվում է գիտական աստիճանի (որակավորման) դիմաց, ոչ թե աշխատանքային դրույքաչափի, որը որակի ապահովման երաշխիք չէ։ Համաձայն եմ Պրն Եղիազարյանի կարծիքի հետ, որ սույնով խախտվում են աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածը եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

vano Yeghiazaryan

12.10.2023

Հավելավճարը տրվում է դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճանի համար, իսկ եթե դոկտորը ոչ լրիվ աշխատաժամանակով է աշխատում, դա չի նշանակում, որ նա դոկտորի գիտական աստիճան չունի: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված է. Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար: Հետևաբար դոկտորի գիտական աստիճանի համար տրվող 50.000 դրամ հավելավճարը պետք է վճարել բոլոր գիտաշխատող դոկտորներին` անկախ աշխատաժամանակի տևողությունից:

vano Yeghiazaryan

12.10.2023

Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողը ևս համարվում է աշխատող, իսկ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը, որն այս դեպքում ՀՀ կլառավարության որոշման նախագծում խախտվում է: Գիտաշխատողի լրիվ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելը կապ չունի նրա գիտական արտադրանք տալու կարողությունների հետ. կան ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողներ, որոնք տալիս են ավելի բարձր գիտական արտադրանք, քանի լրիվ աշխատաժամանակով աշխատողները: Ավելին` երկու դեպքում էլ գործ ունենք իրավաբանորեն նույն եզրույթի` աշխատողի հետ, որին մի դեպքում հավելավճար են տալիս, մյուս դեպքում` ոչ, որն արադարցի չէ, և դրանով խախտվում է աշխատողի իրավունքների ու հնավորությունների հավասարության սկզբունքը: Ուստի առաջարկում եմ որոշման նախագծից հանել «առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող» արտահայտությունը, քանի որ դրանով խախտվում է Աշխատանքային օրեսգրքի 3-րդ հոդվածով սահմանված հիմնական սկզբունքներից մեկը:

Տեսնել ավելին