«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի սահմանումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:
Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում աջակցության գումարները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախսերը կատարած լինելու պայմաններում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպատակ ունենալով կանխել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատկացումը, սակայն, հարկային օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համաձայն գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցություն ստացած հարկ վճարողների մոտ շահութահարկով հարկման հետևանքներ է առաջացնում, ինչը տվյալ դեպքում արդարացված չէ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը և խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
-
Քննարկվել է
20.09.2023 - 12.10.2023
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 3955
Տպել