Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ՀՀ կառավարության իրավասություններից է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (օրենքի իմաստով՝ միասին՝ կարգավորվող նյութերի) ներմուծման ընդհանուր չափաքանակների (քվոտաների) սահմանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 754-Ն որոշմամբ սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)՝ ըստ տարիների և այդ նյութերի համապատասխան խմբերի։ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն  Հայաստանի Հանրապետության տարածք կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների: Կարգավորվող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը՝ համաձայն միջազգային պայմանագրերի: Կառավարությունը կարգավորվող նյութերի՝ ըստ տարիների ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի օզոնի քարտուղարության կողմից երկրի համար սահմանված հիմնամակարդակը, որը Հայաստանի համար սահմանվել է 2023 թվականի հունիսին և կազմում է 475,254 մետրիկ տոննա CO2  համարժեքով:

ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակը մինչև 2023 թվականը սահմանվել է անսահմանափակ՝ համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պահանջների։ Ըստ այդ պահանջների՝ 2024 թվականից Հայաստան ներմուծվող հիդրոֆտորածխածինների ընդհանուր չափաքանակը սառեցվելու է հիմնամակարդակի չափով, իսկ հետագա տարիներին նվազեցվելու է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, որի համաձայն ներմուծման չափաքանակներն ըստ տարիների նվազեցվելու են հիմնամակարդակի նկատմամբ հաշվարկված հետևյալ քանակներով՝ 2029թ-10%,     2035թ.-30%, 2040թ.-50%, 2045թ.-80%։ Հաշվի առնելով օրենքի և հիշատակված միջազգային պայմանագրի նշված պահանջները՝ անհրաժեշտ է սահմանել նաև հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) 2024 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար:

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը:

  • Քննարկվել է

    19.09.2023 - 04.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2404

Տպել