Հիշել նախագիծը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Անձի՝ հավասարության պայմաններում հանրային ծառայության անցնելու իրավունքը երաշխավորված է տարբեր միջազգային ակտերով, ինչպես օրինակ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի 25-րդ հոդվածով:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն թիվ 25 մեկնաբանությամբ, անդրադառանալով «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի 25-րդ հոդվածին, նշել է, որ պետությունը անձի՝ հավասարության պայմաններում հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացումն ապահովելու համար պետք է սահմանի հանրային ծառայության անցնելու պայմանների, ընթացակարգերի, առաջխաղացման, լիազորությունների կասեցման և դադարեցման օբյեկտիվ և խելամիտ չափանիշներ: Հանրային ծառայության անցնելու մատչելիությունն ապահովելու միջոցներ ևս պետք է ձեռնարկվեն:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածը «վարչական պաշտոն» հասկացությունը սահմանել է որպես հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական վարչական պաշտոններն են, ի թիվս այլնի, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնները:

Այս առումով հարկ է նկատել, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի հաշվառմամբ՝ վարչապետին ենթակա մարմիններ են հանդիսանում Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը և Պետական պահպանության ծառայությունը:

Անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի կարգավորումներին՝ հարկ է նկատել, որ վերջինիս 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«2. Պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Նշված կարգավորման համանմանությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:»:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն.

«9. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալները պաշտոնի են նշանակվում և ազատվում սույն հոդվածով սահմանված կարգով` լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:»:

Ընդ որում, վերոգրյալ օրենքների իմաստով պետական լիազոր մարմին է հանդիսանում Ազգային անվտանգության ծառայությունը:

Մեջբերված իրավանորմերից ակնհայտ է դառնում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներին ևս պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, սակայն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրավոր միջնորդության հիման վրա:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Պետական պահպանության ծառայության պետի և պետի տեղակալների նշանակման և ազատման հետ կապված գործող իրավանորմերին՝ հարկ է նկատի ունենալ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի կարգավորումները: Մասնավորապես, նշված օրենքի 15.1-րդ հոդվածի համաձայն.

«1. Ծառայության պետի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ծառայության պետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

2. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:

Նույն օրենքի 15.2-րդ հոդվածի համաձայն.

«1. Ծառայությունում նախատեսվում են ծառայության պետի տեղակալի ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, և նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները (վերաբերում է զինվորական տեղակալներին պաշտոնի նշանակման պայմաններին):

3. Ծառայության պետի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ ծառայության պետի ներկայացմամբ, իսկ ծառայության պետի տեղակալի ոչ զինվորական ծառայության պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի առաջարկությամբ:»:

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ Պետական պահպանության ծառայության պետին և նրա ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, իսկ Պետական պահպանության ծառայության պետի զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ ծառայության պետի ներկայացմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են, իսկ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ և առկա են ծառայության տնօրենի տեղակալի ինչպես զինվորական ծառայության պաշտոններ, այնպես էլ ոչ զինվորական ծառայության պաշտոններ: Ծառայության տնօրենի տեղակալների և Պետական պահպանության ծառայության պետի զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալի դեպքում գործում են համանման կարգավորումներ, մասնավորապես՝ վերջիններիս պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, մի դեպքում՝ Ծառայության տնօրենի գրավոր միջնորդությամբ, մյուս դեպքում՝ Պետական պահպանության ծառայության պետի ներկայացմամբ, իսկ Ծառայության տնօրենի, Պետական պահպանության ծառայության պետի և վերջինիս ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված կարգավորումներն այլ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ Պետական պահպանության ծառայության պետին և վերջինիս ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

Վերը նշված կարգավորումների հաշվառմամբ՝ քննարկվող նախագծերը մշակվել են վարչապետին ենթակա երկու մարմինների՝ Ծառայության և Պետական պահպանության ծառայության ղեկավարների և տեղեկալների պաշտոնների, պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունների նկատմամբ միատեսակ կարգավորումներ ապահովելու նպատակով։

 3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանայվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրա տեղակալների նշանակման և ազատման հետ կապված դրույթները՝ Պետական պահպանության ծառայության վերաբերելի կարգավորումների համանմանությամբ, որպիսի պայմաններում հնարավոր կլինի «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում ապահովել հանրային իշխանության մարմիններում պետական վարչական պաշտոնների նշանակման և ազատման հավասար հիմքեր: Ըստ այդմ՝ գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց։

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից։

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերն ուղղակիորեն չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, այլ մշակվել են՝ հիմք ընդունելով Վարչապետի 14.06.2023 թվականի թիվ 02/10.36/20045-2023 և 29.05.2023 թվականի թիվ 02/10.36/18071-2023 հանձնարարականները:

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.08.2023 - 08.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2002

Տպել