ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-Ի N 647-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորման հետ կապված որոշ հարցեր կանոնակարգելու և հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման գործող կարգի համաձայն ատեստավորումն անցկացնում է որոշմամբ նախատեսված ատեստավորման հանձնաժողովը, որում ի պաշտոնե ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ որպես հանձնաժողովի նախագահ, տնօրենի տեղակալները՝ որպես հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը՝ որպես ատեստավորման հանձնաժողովի քարտուղար: Նշված կազմով հանձնաժողովն իրականացնում է ազգային անվտանգության մարմինների բոլոր զինծառայողների ատեստավորման գործընթացը, որն իրականացվում է 3 փուլով՝ ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի, ընդ որում՝ հանձնաժողովի կողմից ապահովվում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր ատեստավորման ամբողջ ընթացքը: Հաշվի առնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում ատեստավորման գործընթացն արդեն մեկնարկել է, դրա իրականացման ընթացքում վեր են հանվել որոշակի խնդիրներ, որոնցից մեկը կապված է ատեստավորման հանձնաժողովի գործունեության հետ: Հաշվի առնելով ատեստավորվող ծառայողների մեծ թիվը, ատեստավորման գործընթացի ողջ ծավալը և դրա անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ մեկ կենտրոնական հանձնաժողովի կողմից աշխատանքները պարբերաբար իրականացնելն իրատեսական չէ՝ հատկապես հանձնաժողովի նշված կազմով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որդեգրվել է ատեստավորման հանձնաժողովների ապակենտրոնացման սկզբունքը: Այսպես՝ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման համաձայն՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում են ատեստավորման 5 կենտրոններ և 10 հանձնաժողովներ:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են ատեստավորման հանձնաժողովներ: Այս փուլում անհրաժեշտություն է առաջացել նշված լիազորությունն իրացնելու ուղղությամբ որոշակի փոփոխություններ կատարել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգում, ինչով հնարավոր կլինի լուծել գործնականում առաջացող խնդիրները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգում: Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախագահությամբ և տեղակալների անդամությամբ գործող ատեստավորման հանձնաժողովի կողմից իրականացնել միայն ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումը, իսկ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորել երկու ատեստավորման հանձնաժողովներ, որոնցից մեկը կապահովի բաժնի պետից ցածր սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման գործընթացը, մյուսը՝ ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների:
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կազմակերպման և անցկացման հետ կապված առանձին հարցերը, ինչի արդյունքում կբարձրանա ատեստավորման գործընթացի արդյունավետությունը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պարբերությունից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Քննարկվել է
18.08.2023 - 02.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 2634
Տպել