Հիշել նախագիծը

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                                                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 21-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
  1. Սահմանել ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված՝ էլեկտրոնային համակարգով գործողությունների իրականացման դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի` սույն որոշմամբ նախատեսված գործողությունների իրականացման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման օրը:


  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
  ՎԱՐՉԱՊԵՏ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման

ԿԱՐԳ
ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ

  1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման և գրանցումը մերժելու հետ կապված հարաբերությունները, բացառությամբ որպես տարանցման հայտարարագիր՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառման դեպքերի։
  2. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված դեպքերում ուղևորային մաքսային հայտարարագիրը որպես մաքսային տարանցման հայտարարագիր ներկայացնելու դեպքում, այդպիսի հայտարարագրի գրանցումը կամ գրանցման մերժումը կատարվում է Օրենսգրքով՝ տարանցման հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու համար նախատեսված կարգով:
  3. Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը մերժելու գործառնություններն իրականացվում են այն մաքսային մարմնի կողմից, որն իրավասու է ընդունելու ուղևորային մաքսային հայտարարագրերը:
  4. Ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ հայտարարագրին գրանցման համար տրամադրելու միջոցով:
 5. Թղթային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրի գրանցումը մաքսային մարմնի կողմից կատարվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային հայտարարագրման համակարգում հետևյալ տեղեկությունների լրացումից հետո՝
  1) որպես հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձի կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում՝ հայտարարատուի անունից և հանձնարարությամբ գործող անձի անունը, ազգանունը, հայրանունը.
  2) մաքսային ներկայացուցչի անվանումը, եթե հայտարարագրումն իրականացվել է մաքսային ներկայացուցչի կողմից, ինչպես նաև հայտարարատուի անունից հանդես գալու լիազորությունները հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ.
  3) ֆիզիկական անձի անձնագրային տվյալները (սերիա, համար).
  4) անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եղանակը.
  5) հայտարարագրվող դրամական միջոցների կամ դրամական գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:
  6. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային հայտարարագրման համակարգ մուտքագրվում են՝ ֆիզիկական անձի կողմից հայտարարագրի ներկայացումից հետո առավելագույնը 15 րոպեի ընթացքում:
 7. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունների՝ էլեկտրոնային համակարգում լրացումից հետո ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնի կողմից, իսկ ուղևորային մաքսային հայտարարագրում ներառված այլ՝ սույն կարգի 5-րդ կետում չնշված տեղեկությունները մաքսային մարմնի կողմից մուտքագրվում են էլեկտրոնային հայտարարագրման համակարգ՝ հայտարարագրի գրանցումից հետո մինչև մաքսային մարմնի աշխատանքային օրվա ավարտը, իսկ այն դեպքում, երբ հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմնի աշխատանքային ժամերի ավարտին նախորդող մինչև 4 ժամը, ապա տեղեկությունները լրացվում են մինչև հայտարարագրի գրանցման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:
  8. Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման համարն ունի հետևյալ ձևաչափը՝
«1._____»/«2._____»/«3._____»/«4._____», որտեղ՝
  1) առաջին բաղադրիչի ներքո լրացվում է ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնի ծածկագիրը.
  2) երկրորդ բաղադրիչի ներքո լրացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը.
  3) երրորդ բաղադրիչի ներքո լրացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման հերթական համարը.
  4) չորրորդ բաղադրիչի ներքո լրացվում է անձնական օգտագործման ապրանքների՝ մաքսային սահմանով տեղափոխման եղանակը հետևյալ կարգով՝
  ա. ուղեկցվող ուղեբեռով ֆիզիկական անձի մաքսային սահմանը հատելու դեպքում լրացվում է «1» թվագրումը.
  բ. չուղեկցվող ուղեբեռով ֆիզիկական անձի մաքսային սահմանը հատելու դեպքում լրացվում է «2» թվագրումը.
  գ. փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների դեպքում լրացվում է «3» թվագրումը:
 9. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերով պայմանավորված՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունների լրացումն անհնարին լինելու դեպքում, ուղևորային մաքսային հայտարարագրի թղթային օրինակի վրա, համապատասխան սյունակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից լրացվում է հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունն ու անձնական համարակալված կնիքը:
 10. Սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքում անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումից հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից իրականացվում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի մեջ առկա տվյալների լրացումն ու հայտարարագրի գրանցման համարի ձևավորումը՝ այդպիսի հետևանքների վերացումից հետո մինչև մաքսային մարմնի աշխատանքային օրվա ավարտը, իսկ եթե անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումը տեղի է ունեցել մաքսային մարմնի աշխատանքային օրվա ավարտին նախորդող մինչև 4 ժամվա ընթացքում, ապա ուղևորային մաքսային հայտարարագրի մեջ առկա տվյալների լրացումն ու հայտարարագրի գրանցման համարի ձևավորումն իրականացվում է մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:
 11. Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մերժումն իրականացվում է Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
 12. Թղթային եղանակով ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մերժման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ուղևորային մաքսային հայտարարագրի «Ծառայողական նշումների համար» սյունակում կատարում է «Գրանցումը մերժվել է հետևյալ հիմքով՝ _____» գրառումը՝ նշելով մերժման հիմքն ու ամսաթիվը, ինչպես նաև վավերացնում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով:
 13. Էլեկտրոնային եղանակով ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մերժման դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձը ուղևորային մաքսային հայտարարագրի «Ծառայողական նշումների համար» սյունակում կատարում է «Գրանցումը մերժվել է հետևյալ հիմքով՝ _____» գրառումը՝ նշելով մերժման հիմքն ու ամսաթիվը, ինչպես նաև նշում է կատարում մաքսային մարմնի պաշտոնատար անձի վերաբերյալ։
 14. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձի վերաբերյալ նշումը չի կատարվում, եթե ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մերժումն իրականացվել է ռիսկերի կառավարման համակարգի միջոցով:
 15. Ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման մերժման դեպքում գրանցման մերժմանն առնչվող այլ գործառնությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 546-Ն որոշմամբ սահմանված կարգով:

  • Քննարկվել է

    08.08.2023 - 23.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2258

Տպել