Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Բուհ)

Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից:

Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:

Առաջարկվում է նաև հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից:

Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը:

  • Քննարկվել է

    08.08.2023 - 23.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3454

Տպել

Առաջարկներ`

Գագիկ Կարապետյան

22.08.2023

Առաջարկում ենք նախագծի առաջին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում միջին մասնագիտական, բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ունեցող ոչ առևտրային կազմակերպություններին, հանրակրթական դպրոցներին կամ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստեղծված հիմնադրամին ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ:»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.08.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ առկա են հետևյալ դիտարկումները․ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար ֆինանսական կայունությունը առաջնահերթ խնդիրներից է հանդիսանում։ Տարիներ շարունակ ֆինանսական կայունությունը նշվել է որպես Հայաստանի ՔՀԿ հատվածի թույլ կողմ (Տե՛ս, օրինակ, 2020 Civil Society Organization Sustainability Index Armenia, September 2021, https://storage.googleapis.com/cso-si-dashboard.appspot.com/Reports/CSOSI-Armenia-2020.pdf; UNDER THE SPOTLIGHT: A Close Look into the Established and Emerging Civil Society Actors in Moldova and the South Caucasus, People in Need, Tomas Komm, Anna Zamejc, Elena Terzi, 2021, https://www.peopleinneed.net/media/publications/1710/file/civil_society_report_pin_2021_md_south_cauc.pdf)։ ՔՀԿ-ների զգալի մասը իրենց գործունեության և ծրագրերի իրականացման համար ֆինանսավորվում են միջազգային աղբյուրներից, որը հաճախ հիմք է տալիս դոնորների օրակարգից կախված լինելու մեջ ՔՀԿ-ներին ուղղված՝ հանրային տարբեր հարթակներում հնչող մեղադրանքների համար։ Ֆինանսական միջոցների բազմազանեցումը հնարավորություն կտա ՔՀԿ-ներին կախված չլինել առավելապես դրամաշնորհային ծրագրերից և ապահովել ամենօրյա գործունեությունը՝ իրենց առջև դրված նպատակների, այլ ոչ թե զուտ ծրագրային ֆինանսավորման շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանում սահմանափակ շրջանակ ունեն անհատների ու առևտրային ընկերությունների կողմից կատարվող նվիրատվությունները, որոնք ամբողջ աշխարհում ՔՀԿ-ների ֆինանսավորման կարևոր աղբյուր են հանդիսանում՝ թույլ տալով նրանց իրականացնել իրենց առաքելությունը և հասնել ֆինանսական անկախության որոշակի մակարդակի։ Նվիրատվությունների մշակույթի թերի զարգացվածության պատճառներից մեկը հարկային խթանների պակասն է։ Աշխարհի տարբեր պետություններ, գիտակցելով ՔՀԿ-ների դերը հասարակության կարիքները բավարարելու գործում, հարկային արտոնությունների միջոցով խթանում են մասնավոր միջոցների ուղղորդումը դեպի հանրային բարիքի ստեղծում, որն օգուտ է բերում ողջ հասարակությանը: Նախագծի հիմնավորման մեջ որպես հիմք է նշվում միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: Համաձայնելով նախագծի հեղինակների հետ՝ նշենք, որ միջազգային փորձը վերաբերում է ոչ միայն կրթական, այլ տարբեր այլ ոչ առևտրային կազմակերպությունների օգտին կատարած նվիրատվություններին։ Այսպես, ըստ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» իրականացրած հետազոտության (https://ecnl.org/publications/tax-benefits-stimulating-philanthropy), բազմաթիվ եվրոպական երկրներում շահութահարկ վճարողների համար նվիրատվությունների՝ հարկման բազայից նվազեցնելու բավականաչափ բարձր շեմ է սահմանված։ Չեխիայում նվիրատվությունները նվազեցվում են հարկային բազայի մինչև 10%-ի չափով. յուրաքանչյուր նվիրատվության արժեքը պետք է լինի առնվազն 75 եվրոյին համարժեք գումար: Բուլղարիաում նվիրատվությունները նվազեցվում են տարեկան դրական ֆինանսական արդյունքի մինչև 10%-ի չափով, Լեհաստանում ևս կիրառվում է 10% շեմը: Խորվաթիայում կարող է նվազեցվել նախորդ տարվա համախառն տարեկան եկամտի մինչև 2%-ը կամ ավելին՝ կառավարության համապատասխան որոշման դեպքում: Գերմանիայում նվիրատվությունները նվազեցվում են տարեկան հարկվող եկամտի մինչև 20%-ի չափով, իսկ Նիդերլանդներում նվիրատվությունները նվազեցվում են շահույթի առավելագույնը 50%-ի չափով, առավելագույնը 100,000 եվրոյով: Բացի այդ, սահմանված են նաև բնաիրային նվիրատվությունների՝ ԱԱՀ-ից ազատման մեխանիզմներ։ Հունգարիայում բոլոր բնաիրային նվիրատվությունները, որոնք աջակցում են հանրային օգուտին ծառայող կազմակերպությունների (public benefit organisation) հասարակական գործունեությանը, ենթակա չեն ԱԱՀ հարկման: Բուլղարիայում նվիրաբերված ապրանքների ներմուծման դեպքում այդ ապրանքները ազատվում են ԱԱՀ հարկից, եթե դրանք նվիրաբերվում են բարեգործական կազմակերպություններին: Առաջարկ Հաշվի առնելով նախագծով առաջարկվող կարգավորումները, որոնք հնարավորություն կտան շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, բուհերին և միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից, ինչպես նաև այս հաստատություններին հատկացված նվիրատվությունները ազատել ԱԱՀ-ից, կարևոր ենք համարում նշված պայմանները սահմանել ոչ միայն կրթական հաստատություններին, այլև բոլոր ոչ առևտրային կազմակերպությունների, մասնավորապես հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին նվիրատվություններ կատարելու դեպքում, քանի որ վերջիններիս իրականացրած գործունեությունը ևս ծառայում է հանրային շահին, այդ թվում՝ կրթական, սոցիալական, մշակութային և այլ հասարակական կարիքներին։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Շուշանիկ Գասպարյան

10.08.2023

Շատ գովելի առաջարկ է, բայց պետք է հաշվարկել նվիրատվության չափը և իրենց հարկային վճարումները, այնպես չլինի որ նվիրատվությունների միջոցով հարկային պարտավորությունները կրճատվեն և շահեկան դուրս գան:

Տեսնել ավելին