«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1. Անհրաժեշտություն
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Նշենք, որ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության (4-րդ ենթակետ) դրույթների՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը մի քանի պարտադիր բաղադրիչներից բացի, ներառում է նաև ընդունելության քննության ձևը (մրցութային, ոչ մրցութային): Տվյալ դեպքում, բոլոր այն մասնագիտությունների (կրթական ծրագրերի) դեպքում, որոնց համար ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի (պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) պահանջներից բխող «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը չի նախատեսվում որպես մրցութային միասնական ընդունելության քննություն (այլ ներառված է որպես կամընտրական), ապա ցանկում «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունը պարտադիր նախատեսվում է որպես ոչ մրցութային ընդունելության քննություն։ Նշենք նաև, որ ՀՀ կառավարության նույն որոշման 42-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի համաձայն՝ այդ ենթակետում նշված բոլոր մասնագիտությունների համար պահպանվում է «Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի ընդունելության քննությունն որպես պարտադիր միասնական ընդունելության քննություն հանձնելու պայմանը։
Նախագիծը ներկայումս ներկայացնելու համար հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 26.04.2012թ. N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների՝ 2024/2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը ու տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար ապահովելով ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում:
Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները՝ լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:Որոշման նախագծով կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:
4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ
6. Ակնկալվող արդյունքը
Բուհերի ընդունելության մրցույթի իրականացում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:
-
Քննարկվել է
01.08.2023 - 16.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3450
Տպել