Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի հիմնավորումը

Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թվականի դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թվականների նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները (այսուհետ Վերլուծություն)՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հետևյալով՝

  •  Վերլուծության արդյունքները ընդգծում են քաղաքականության և ինստիտուցիոնալ միջավայրի ապահովման կարևորությունը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալները մեծացնելու համար, ինչը հնարավորություն կտա ապահովել նվազագույն ծախսերով էներգիայի արտադրությունը, ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու մրցունակությունը և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից։ Միևնույն ժամանակ, Վերլուծության արդյունքների համաձայն՝ Հայաստանը կարող է ունենալ ամբողջապես ածխածնային չեզոք էլեկտրաէներգետիկական համակարգ, եթե ատոմային և վերականգնվող էներգետիկան զարգանան զուգահեռ։ Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկվում է սահմանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030 և 2040 թվականների համար: 
  • Վերջին ամիսներին էապես աճել է առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի արևային կայաններին տրամադրված էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիաների քանակը, որոնք իրենց արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառեն մեծածախ էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածներում՝ առանց սակագնային աջակցություն ստանալու: Դրան զուգահեռ, մեծ ծավալով աճում է նաև ինքնավար էներգաարտադրությունը, որոնց զարգացումը գերազանցում է Ռազմավարությամբ նախանշված զարգացման միտումները: Հաշվի առնելով նշվածը՝ նախատեսվում է վերանայել արևային կայանների կառուցման Ռազմավարությամբ սահմանված հզորության սահմանաչափերը և սահմանել նոր հզորության սահմանաչափ էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցային պայմաններով գործող արևային կայանների համար:

Պայմանավորված վերոգրյալով՝ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչև 2040 թվականը)՝ Հավելված 1-ում։

Ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում՝ Հավելված 2-ում կատարված փոփոխությունների հիմնավորումները ներկայացված են ստորև

Այսպես՝ Հավելված 2-ի՝

Կետ 1.4 Հաշվի առնելով Վերլուծության բազային և 21 քաղաքականության սցենարների արդյունքները և ելնելով էներգետիկ անվտանգության ու տնտեսական նկատառումներից, Վերլուծությամբ առաջարկվել է դիտարկել ավելի փոքր հզորությամբ մոդուլային ռեակտորների ներդնումը, ինչը Հայաստանին հնարավորություն կտա բարելավել մատակարարման անվտանգությունը՝ չառաջացնելով լրացուցիչ ֆինանսական բեռ երկրի տնտեսության և էլեկտրաէներգիայի սպառողների համար: Ուստի, Ռազմավարությամբ նախատեսվում է նոր ատոմակայանի ընտրության հարցում, տնտեսական նպատակահարմարության դեպքում, դիտարկել նաև փոքր մոդուլյար ռեակտորներ:

Կետ 1.6 Հայաստանի Հանրապետության կառավարության (գործելով Հայաստանի Հանրապետության անունից), «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի (որպես Կառուցապատող) և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Էս. Էլ.-«ԷֆԷսԷլ Սոլար» Էս. Էլ.-ի (որպես Հովանավոր) միջև 2020թ. հունիսի 26-ին կնքված՝ Հայաստանում` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին 2022թ. հուլիսի 13-ին փոփոխված և վերաշարադրված` կառավարության աջակցության համաձայնագրով Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերջնաժամկետ էր սահմանված 2023թ. սեպտեմբերի 1-ը։

Սակայն կառուցապատողի կողմից իրականացված աշխատանքները և մատակարարված ապրանքների խմբաքանակը չեն ապահովում սահմանված ժամկետում կառուցապատողի կողմից կայանի կառուցումը:Աշխատանքների ձգձգումները և դանդաղումը՝ կառուցապատողն, ի թիվս այլ խնդիրների, պայմանավորել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ազդեցություն է ունեցել Ծրագրի տարածքում գտնվող անձնակազմի ֆիզիկական անվտանգության վրա, ինչի պատճառով աշխատանքները դադարեցվել են: Դրանով պայմանավորված, Կառուցապատողը հիմնական սարքավորումներ և նյութեր չի տեղափոխել Ծրագրի տեղանք մինչև ձմռան սկիզբը, ինչի հետևանքով տեղի են ունեցել Ծրագրի իրականացման զգալի ուշացումներ: Գնահատելով իրավիճակը՝ Կառուցապատողը ներկայում խնդրել է դիտարկել Համաձայնագրով սահմանված՝ Նախատեսված Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը 11 ամսով՝ մինչև 2024թ. հուլիսի 31-ը, երկարացնելու հնարավորությունը։

Ներկայում Կոմերցիոն Շահագործման Ամսաթիվը 11 ամսով՝ մինչև 2024թ. հուլիսի 31-ը, երկարացնելու համարՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ։

Կետ 1.8 ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 8-ի N 935–ն որոշման համաձայն փոփոխություն է կատարվել «Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին կառավարության աջակցության համաձայնագրում։ Մասնավորապես՝ «Հետաձգող Պայմանների Վերջնաժամկետ» և «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» մասերում նոր վերջնաժամկետ է սահմանվել՝ 2023թ. դեկտեմբերի 25-ը։ Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված ԱՅԳ-1 արևային կայանը շահագործման կհանձնվի 2025թ. դեկտեմբերին։

Կետեր 1.10 և 1.11 Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առանց գնման երաշխիքի արևային կայանների տրված լիցենզիաների թիվը, հետևապես նաև դրվածքային հզորությունները շարունակաբար աճում են, և այլևս նպատակահարմար չէ գնման երաշխիքով լիցենզիաների տրամադրումը։ Դրան զուգահեռ շեշտակի աճում են արևային ինքնավար կայանները։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ 1.10 կետում նախատեսված 325 ՄՎտ գումարային հզորությունը նվազեցվում և սահմանափակվում է 225 ՄՎտ-ով, նվազեցվող 100 ՄՎտ-ից 50 ՄՎտ կավելացվի ինքնավար կայանների չափաքանակին՝ 1.11 կետում 300 ՄՎտ-ից դառնալով 350 ՄՎտ, իսկ մնացած 50 ՄՎտ-ը կհաշվարկվի արդեն իսկ տրված առանց գնման երաշխիքի կայանների հզորության չափաքանակում։

Կետ 2.1 «Չարենցավան-3» 110 կՎ լարման ենթակայանի վերակառուցում» ծրագրի/գործողության շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ և «Efacec Engenharia e Sistemas, S.A.» (Պորտուգալիա) ընկերության (այսուհետ՝ Կապալառու) միջև 2021թ. մարտի 12-ին կնքվել և ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 1-ին կնքված «110 կՎ «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում», № HV-W-ESRAF-1/2015_2 պայմանագրի Փոփոխություն № 3-ը, որով վերամեկնարկել են ենթակայանի վերակառուցման աշխատանքները: Վերամեկնարկած պայմանագրով «Չարենցավան-3» ենթակայանի վերակառուցման աշխատանքների ավարտ էր սահմանված 2023թ. մարտի 16-ը: Կապալառու Efacec Engenharia e Sistemas S.A ընկերության կողմից բազմիցս խախտվել են պայմանագրային պարտավորությունները և ավարտին չի հասցվել ենթակայանի վերակառուցումը: «Չարենցավան-3» 110 կՎ լարման ենթակայանի վերակառուցման շրջանակներում Կապալառուի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջև 2023թ. հունիսի 06-ին տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են պայմանագրի փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու դրույթները։ Իրականացվել են գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում կազմվել է գույքագրման ակտ, որում արձանագրվել է հաշիվ ապրանքագրերով ներկրված և ստացված սարքավորումների ոչ ամբողջական լինելու փաստը (մասնավորապես բացակայում են սարքավորումների հետ  ներառված անհրաժեշտ  մետաղական կոնստրուկցիաները, մալուխներն ու հողանցումը): Գույքագրման ակտը երկկողմանի ստորագրվել է, և ներկայումս Efacec Engenharia e Sistemas S.A ընկերության հետ ընթանում է բանակցային գործընթաց պայմանագրի դադարեցման վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից` 2.1 կետով նախատեսված միջոցառման ժամկետը սահմանվում է  2026թ. դեկտեմբեր։

Կետ 2.5 2022թ. փետրվար 18-ին հայտարարվել է «Շինուհայր» ենթակայանի վերակառուցման կապալառուի ընտրության մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված «Կասկադ էներգո» ՍՊԸ և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջև 2022թ. ապրիլի 27-ին կնքվել է 220/110/35/10/6 «Շինուհայր» ենթակայանի վերակառուցման կապալային աշխատանքների պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) 5,255,000.0 ԱՄՆ դոլար գումարով:

«Շինուհայր» ենթակայանի վերակառուցման կապալային աշխատանքների Պայմանագրի կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 550 օր։ Պայմանագրի համաձայն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սահմանված նյութերի, սարքեր և սարքավորումների հանձնման արձանագրության ստորագրումից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված արձանագրությունը պետք է ստորագրվի ֆինանսական համաձայնագրի ստորագրելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում:

2022թ. մայիսի 18-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի № 204-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել Ընկերության 2022-2024թթ. ներդրումային ծրագրին, որով մասնավորապես «Շինուհայր» ենթակայանի վերակառուցման աշխատանքների համար հատկացվել են ֆինանսական միջոցներ։

2022թ. հուլիսի 6-ին «Կասկադ էներգո» ՍՊ ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջև կնքվել է «Շինուհայր» ենթակայանի վերակառուցման կապալային շխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ համաձայնագիրը։

Ելնելով վերոգրյալից` 2.5 կետով նախատեսված միջոցառման ժամկետը երկարաձգվում է մինչև 2024թ. դեկտեմբեր։

Կետ 2.16 «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրով գլխավոր կապալառուների ընտրության նպատակով երեք լոտերով նախաորակավորված հայտատուներին 2023թ. հունիսի 19-ին ներկայացվել է մրցութային փաթեթները, հայտերի ներկայացման վերջնաժամկետներ սահմանելով համապատասխանաբար 2023թ. հոկտեմբերի 24-ը, հոկտեմբերի 25-ը և դեկտեմբերի 25-ը։ Այս ամսաթվերից հետո, մրցույթների արդյունքում նախատեսվում է պայմանագրերի կնքումը և աշխատանքների մեկնարկը։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ 2.16 միջոցառման իրականացման ժամկետ է սահմանվում 2027թ. դեկտեմբերը։

Կետ 4.6 Հաշվի առնելով «Էլեկտրաէներգետիկայի մասին» նոր օրենքի նախագծի քննարկումների ընթացքը՝ Ռազմավարությամբ սահմանված վերջնաժամկետը նախատեսվում է տեղափոխել 2024 թվականի դեկտեմբեր:

Կետեր 5.1 և 5.2 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում փոփոխություններ են կատավարվել և երակարձգվել են ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի և ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման նպատակով իրականացվող միջոցառումների ժամկետները, ինչը հիմք ընդունելով 5.1 և 5.2 ենթակետերով միջոցառումների կատարման ժամկետ է սահմանվում 2021-2026թթ.։

Կետեր 5.5, 5.5.1 և 5.5.2 Հաշվի առնելով Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց գործողության վերջնաժամկետը և աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Հայաստանում և Վրաստանում էլեկտրաէներգետիկական շուկաների ազատականցման գործընթացները 5.5 5.5.1 ենթակետերով նախատեսվող միջոցառումների կատարման ժամկետ է սահմանվում 2021-2026թթ., իսկ 5.5.2-ը՝ 2026թ.:

Կետ 6.2 «Ջերմամատակարարման մասին» օրենքի մշակման նպատակով ԵՄ-ն էներգետիկայի համար ծրագրի շրջանակներում իրականացնում է բացերի վերլուծություն և միջազգային փորձի ուսումնասիրություն, որոնք մենկնարկային փուլում են և պահանջում են տևական աշխատանք։ Բացի այդ ՀՀ-ԵՄ ԸՀԳՀ-ով իրականացվում են ԵՄ հրահանգներին և կանոնակարգերին ՀՀ օրենսդրության մոտարկման աշխատանքներ, որոնք նույնպես կապված են նոր օրենքի մշակման հետ։ Վերոնշյալը հաշվի առնելով միջոցառման կատարման նոր ժամկետ է սահմանվում 2025թ. դեկտեմբերը։

Կետեր 7.1 և 7.2 «Գազամատակարարման մասին» օրենքի մշակման նպատակով ԵՄ-ն էներգետիկայի համար ծրագրի շրջանակներում իրականացրել է բացերի վերլուծություն, դրա արդյունքներով մեկնարկել է նաև օրենքի նախագծի մշակումը։ Այնուամենայնիվ նշված վերլուծությունը ենթակա է մասնագիտական մանրակրկիտ քննարկման, նկատի ունենալով դրանով նախատեսվող նոր կարգավորումները և կառուցակարգերը, ինչը պահանջում է տևական աշխատանք։ Վերոնշյալը հաշվի առնելով 7.1 ենթակետի միջոցառման կատարման նոր ժամկետ է սահմանվում 2025թ. դեկտեմբերը, դրանից բխող 7.2 ենթակետինը՝ 2026թ. դեկտեմբերը։

Կետեր 9.4, 9.5, 9.6, 9.7 և 9.8  Տեղեկատվական անվտանգության հիմնական միջոցառումների ցանկում առկա որոշ կետեր Ընկերությունների կողմից արդեն իսկ իրականացվել են։ Սակայն կապված ֆինանսավորման և աշխատանքների մեծ ծավալի հետ աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2025թ. դեկտեմբեր։

Նոր կետ 4.5.1 Հաշվի առնելով, որ ներկայումս գործող «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» 2004թ. նոյեմբերի 9-ի թիվ ՀՕ-122-Ն օրենքը կորցրել է իր արդիականությունը, և Ռազմավարությամբ դրված նպատակներն ապահովելու համար կարիք կա նշված օրենքի կարգավորումները վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» նոր օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը: Ելնելով նշվածից, Ռազմավարությամբ նախատեսվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» նոր օրենքի նախագծի մշակում մինչև 2024 թվականի դեկտեմբեր:

Կարգավորման նպատակը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն՝

էներգետիկայի բնագավառում նախանշվող թիրախները համապատասխանեցնել արդի զարգացումներին և ստեղծել իրավական հիմքեր տվյալահեն որոշումներ կայացնելու համար, սահմանել ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրատեսական ժամկետներ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ակնկալվող արդյունքը

Կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվեն ծրագիր-ժամանակացույցի միջոցառումների իրակականացման իրատեսական ժամկետներ, որոնցով կապահովվեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) միջոցառումների ժամանակին կատարումը:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040 թվականը) և այլ ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    21.07.2023 - 07.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2773

Տպել