ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2023 թվական     N ------Լ

 

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ   է.

  1. Հաստատել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                           ՎԱՐՉԱՊԵՏ                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

        Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ------- -- -ի

N ---Լ որոշման

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ

 

  1. ՆԿԱՐԱԳԻՐ

1.1. «Ակադեմիական քաղաք» նախագիծը Հայաստանի Հանրապետության այն ծրագիրն է, որի իրականացմամբ Հայաստանն իրացնելու է միջազգային գիտակրթական և նորարարական քարտեզի վրա իր ուրույն դիրքը զբաղեցնելու հավակնությունը: Այն հանդիսանալու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունը կազմակերպվելու է՝ անմիջականորեն լծորդվելով հետազոտություններին՝ այդպիսով ապահովելով գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` խարսխվելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքների վրա՝ այսպիսով ծառայելով հանրությանը սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին:

1.2. Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը:

1.3. Ակադեմիական քաղաքը հանդիսանալու է միջգիտակարգային, միջմշակութային, միջազգային շփումների հարթակ, ինչը հանգեցնելու է թե՛ գիտակրթական, թե՛ սոցիալական նորարությունների:

1.4. Ակադեմիական քաղաքի հիմնադրման իրավական հիմքերը դրված են  «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքում (այսուհետ` Օրենք), որի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։ 

1.5. Ակադեմիական քաղաքը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են.

ա) ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների  լավագույն 500-ի մեջ,

բ) առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։

1.6. Այս թիրախների իրացումն անխուսափելիորեն առաջ է բերում համապատասխան ենթակառուցվածքների պահանջ, որոնցից են ուսումնառության կազմակերպման արդի պայմանները, ժամանակակից գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ լաբորատոր, նախատիպավորման, փորձարկման և այլ ենթակառուցվածքները, մարզական, հանգստի, գրադարանային, հանրակացարանային և այլ միջավայրերը, որոնք մրցունակ հետազոտությունների և բարձրագույն կրթական համակարգի նախապայման են։

1.7. Ակադեմիական քաղաքը, այսպիսով, հանդիսանում է մրցունակ կրթական, հետազոտական, նորարարական գործունեությանն ուղղված ֆիզիկական, իրավական, կառավարչական ենթակառուցվածքների ամբողջություն:

1.8. Ակադեմիական քաղաքի նախագծումն իրականացվելու է՝ վեր բարձրանալով բարձրագույն կրթության և հետազոտությունների վերաբերյալ ձևավորված ավանդական պատկերացումներից, և ստեղծվելու է մի տարածություն, որը գեղեցիկ և կանաչ միջավայր լինելուց բացի՝ ապահովելու է փոխկապակցվածություն, շարժունություն և ճկունություն, որոնք նպաստելու են գիտելիքի ազատ շրջապտույտին և միջմշակութային շփումներին, ինչը կարևոր է կրթական, գիտական և նորարարական-ստեղծարար գործունեության համար:

1.9. Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կյանքի կոչելու գործընթացը Հայաստանի Հանրապետությունն իրականացնելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի լավագույն մասնագետներին և մասնագիտացված կառույցներին, որոնք ունեն որոշակի փորձառություն նմանատիպ համակարգերի նախագծման և կայացման հարցում:

1.10. Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:

1.11. «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման, իրականացման, համակարգման և հետագա կառավարման մարմին է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ)։

1.12. Ակադեմիական քաղաքը կայանալու է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և պետական գիտական կազմակերպությունների հենքի վրա` դրանք ֆիզիկապես տեղափոխելով հատկացված տարածքներ և հզորացնելով առկա հետազոտական, կրթական ենթակառուցվածքները, ինչպես նաև համալրելով նոր ենթակառուցվածքներով:

1.13. Միաժամանակ, ակադեմիական քաղաքը բաց է լինելու նաև այն միջպետական և ոչ պետական բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, որոնք նպատակահարմար կգտնեն իրենց գործունեությունը կազմակերպել ակադեմիական քաղաքի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը կխրախուսի նաև այդ կառույցների տեղափոխումը։

1.14. Ակադեմիական քաղաքի գործառնության ապահովման և կառավարման առանձնահատկությունները կամրագրվեն օրենսդրությամբ՝ ապահովելով դրա բնականոն գործառնությունը: Կհստակեցվեն նաև ակադեմիական քաղաքում բնակության, գործունեության ծավալման, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հետ հարաբերություններին վերաբերող դրույթները։ 

 

2. ԿԱՌՈւՑՎԱԾՔ

2.1. Սույն հայեցակարգի շրջանակներում ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա.

ա) Տեխնոլոգիական կլաստեր,

բ) Արվեստների կլաստեր,

գ) Կրթական կլաստեր,

դ) Սպայական կլաստեր:

2.2. Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ Օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ մասնավոր կամ միջազգային բուհ:

2.3. Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, Հիմնադրամը, ինչպես նաև ըստ նպատակահարմարության` ոլորտին առնչվող այլ պետական և մասնավոր կառույցներ։

2.4. Յուրաքանչյուր կլաստերի հզորությունը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով տվյալ կլաստեր տեղափոխվող կառույցներում ընդգրկված ուսանողների և աշխատակիցների առկա թվերը, որին ավելացվել է հզորության՝ մինչև կլաստերների գործարկումն ակնկալվող առնվազն 30% աճը։

 

3. ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ

3.1. Տեխնոլոգիական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 14 500 ուսանողի և 500 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական, հետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 3 000 ակադեմիական կազմի աշխատակիցներ, վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:

3.1.1. Տեխնոլոգիական կլաստերում կրթությունը, գիտահետազոտական աշխատանքները և նորարարական գործունեությունը հիմնականում իրականացվելու են կիրառական բնույթի հետազոտությունների և փորձակոնստրուկտորական աշխատանքների շուրջ` առանց անտեսելու հիմնարար կրթության և հետազոտությունների դերը:

3.1.2. Տեխնոլոգիական համալսարանը կազմավորվելու է Հայաստանում գործող տեխնոլոգիական ուղղվածության կրթական ծրագրեր իրականացնող բուհերի հիմքի վրա և հենված է լինելու այդ համալսարանների լավագույն ու կայացած համակարգերի վրա, ինչպես նաև ներառելու է ժամանակակից և ապագայում կարևորություն ներկայացնող նոր հետազոտական ուղղություններ և կրթական վերանայված ծրագրեր:

3.1.3. Տեխնոլոգիական կլաստերը միավորելու է նաև.

ա) Նյութագիտության և քիմիայի հետազոտությունների կենտրոնը[1],

բ) Ֆիզիկական հետազոտությունների կենտրոնը,

գ) Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը,

դ) Գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնը,

ե) Հաշվողական տեխնոլոգիաների կենտրոնը:

3.1.4. Կենտրոնները կազմավորվելու են համապատասխան ուղղվածությունների գիտահետազոտական կազմակերպությունների հիմքի վրա՝ ըստ անհրաժեշտության վերանայելով ուղղությունները և համալրելով նոր ուղղություններով:

3.1.5. Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը կհանդիսանա նոր կառուցվածք, որում գործունեությունը կծավալվի տեխնոլոգիական մշակումների և նորարարական լուծումների ուղղությամբ, որը կունենա նաև նախատիպավորման համար անհրաժեշտ նախաարտադրական ենթակառուցվածքներ (մեքենաշինական պարկ, փորձարկումների անգարներ/հարթակներ, նուրբ դետալների արտադրամասեր, աշխատախցեր), որոնց ամբողջական ցանկը պետք է հստակեցվի մասնագիտական քննարկումների արդյունքում:

3.1.6. Գյուղատնտեսական կրթությունը, ինչպես նաև հետազոտություններն ու մշակումներն իրականացվելու են ագրոտեխնոլոգիական ուղղվածության գերակայությամբ, ինչի նպատակով կլաստերի տարածքում տեղակայվելու են նաև ջերմոցներ, ինտենսիվ այգի, գինեգործական փորձարարական կայան,  մեքենատրակտորային պարկ/անգարներ, փորձարարական վարելահողեր, անասնաֆերմա,  կաթնամթերքների փորձարարական գործարան, կերային արտադրություն, ջրային ավազան, փորձարարական նպատակներով օգտագործվող այլ հողատարածքներ:

3.1.7. Տեխնոլոգիական կլաստերում նախատեսվելու է նաև ստարտափների համալսարանական ինկուբատորը, որը համալսարանական հետազոտությունների և առևտրայնացման պոտենցիալ ունեցող մշակումների հիման վրա ձևավորված սկսնակ ձեռնարկություններին հատուկ պայմաններով կտրամադրի աշխատանքային տարածքներ` իրենց կայացման առաջին փուլերը հաղթահարելու ժամանակահատվածում։ Սրան զուգահեռ, համալսարանը կապահովի նաև վարչարարական բեռի թեթևացման և համապատասխան հավելյալ հմտությունների զարգացման գծով աջակցություն:

3.1.8. Նույն կլաստերում տեղակայվելու է նաև Տեխնոլոգիական ավագ դպրոցը, որում ավագ դասարանների համար կիրականացվի բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) և, մասնավորապես, տեխնոլոգիական խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, դպրոցի համար հասանելի կլինեն նաև կլաստերի համապատասխան ենթակառուցվածքները` նախագծային ուսումնառության  բաղադրիչի իրականացման համար։ Դպրոցի աշակերտների համար ևս կնախատեսվի կացարանային գոտի:

3.2. Արվեստների կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 2 000 ուսանողի և 200 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 900 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:

3.2.1. Արվեստների համալսարանը կազմվելու է ներկայումս Հայաստանում գործող արվեստի բուհերի հիմքի վրա, ընդ որում, դրան կարող են մաս կազմել նաև մշակութաբանական կրթական ծրագրերը։

3.2.2. Արվեստների կլաստերը միավորելու է նաև․

ա) Մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը՝ կազմավորված ոլորտի գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա,

բ) Արվեստների ավագ դպրոցը, որտեղ աշակերտներին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև աշակերտներին հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները,

գ) ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը, որը ծառայելու է թե՛ իբրև ուսումնական միջավայր, թե՛ իբրև թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների կազմակերպման արդիական հագեցված տարածք, ընդ որում, հաշվի առնելով ներկայումս ժամանակակից համերգասրահի խիստ պակասը՝ նախատեսվում է, որ նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրը կծառայի որպես ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերի համար հիմնական համերգային հարթակներից մեկը,

դ) Հայաստանի ազգային թանգարան-պահոցը, որը հանդիսանալու է ինչպես ժամանակակից ցուցասրահ, որի գիտական ողջ ապահովումն իրականացնում է Մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը, այնպես էլ Հնագիտական գտածոների և նյութերի արխիվ-պահոց,

ե) աշխատանոցներ/արվեստանոցներ, որոնք արվեստի բնագավառի երիտասարդ մասնագետների համար կհանդիսանան անհատական կարիերայի կամ փորձարարական գաղափարների մեկնարկի հարթակներ, որոնք կտրամադրվեն որոշակի ժամանակահատվածով և արտոնյալ պայմաններով` մինչև գաղափարի կայանալը:

3.2.3. Արվեստների համալսարանի կազմում նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթության ծրագրերի ներառում՝ ուղղված կինոյի և այլ ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանը։

3.2.4. Արվեստների կլաստերի տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում, որը տարբեր ժամանաշրջանների ոճով կառուցված ու կինոարտադրության միջավայր ծառայող շենքերի ու փողոցների համախումբ է: Բացի կինոարտադրությունից՝ այն կընձեռի նաև որոշակի զբոսաշրջային հնարավորություններ։

3.3. Կրթական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 15 000 ուսանողի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 1 400 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների թվաքանակը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:

3.3.1. Կրթական համալսարանը կազմավորվելու է ներկայումս գործող համապատասխան ուղղվածության բուհերի և կրթական ծրագրերի հիման վրա։ Ընդ որում, նախատեսվում է, որ կրթական համալսարանում էապես վերափոխվելու են ծրագրերը՝ կրթության ոլորտի արդիական տարբեր մասնագիտություններով ուսուցումն ապահովելու համար, ինչպես օրինակ՝ կրթական տեխնոլոգիաները, գնահատումը և հետազոտությունները։

3.3.2. Կրթական կլաստերի մեջ մտնելու է նաև կրթական հետազոտությունների կենտրոնը, որը նորովի կազմավորվող հետազոտական կառույց է՝  ոլորտում անհրաժեշտ գիտական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև միջազգային մակարդակի փորձագիտական ներուժի ձևավորման համար:

3.4. Սպայական կլաստերի կառուցվածքը և հզորությունը կհստակեցվեն մասնագիտական քննարկումների արդյունքում:

3.4.1. Սպայական համալսարանը նախատեսված է միասնական տրամաբանությամբ և ծառայության վերաբերյալ որոշակի միասնական սկզբունքների շուրջ կրթական գործընթացի կազմակերպման համար: Այն կունենա երկու բաղադրիչ (ֆակուլտետ, դպրոց կամ այլ կազմակերպական ձև)` արտաքին անվտանգային և ներքին անվտանգային:

3.4.2. Ըստ անհրաժեշտության, Սպայական համալսարանում ներդրվելու են նաև նոր և թարմացված կրթական ծրագրեր` համագործակցելով միջազգային գործընկեր համալսարանների հետ։

3.4.3. Արտաքին անվտանգային բաղադրիչը կազմավորվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և բարձրագույն կրթություն իրականացնող համալսարանների լավագույն և կայացած համակարգերի վրա․ գործունեությունը միտված է լինելու ռազմական ոլորտի, արտաքին անվտանգությունն ապահովող սպայական կազմի ուսուցմանը և հետազոտությունների իրականացմանը:

3.4.4. Ներքին անվտանգային բաղադրիչը կազմված է լինելու ներքին անվտանգային համակարգերի համար կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների հիմքից, ինչպես ոստիկանության և ճգնաժամային կառավարման ոլորտներն են, և զբաղվելու է ներքին անվտանգային խնդիրները սպասարկող սպայական կազմի և մասնագետների պատրաստմամբ (ոստիկաններ, փրկարարներ, փորձագետներ և այլն):

3.4.5. Սպայական կլաստերում գործելու է նաև Սպայական ավագ դպրոցը և քոլեջը։

3.4.6. Նույն կլաստերը կարող է միավորել նաև․

ա) Կրիմինալիստիկայի և դատափորձագիտության հետազոտական կենտրոնը,

բ) Երկրաբանության և ռիսկերի գնահատման կենտրոնը:

 

4. ՏԵՂԱԴԻՐՔ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

4.1. Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվում է երկու տեղամաս`

ա) Տեղամաս 1 - ք. Երևանի 17-րդ թաղամասի տարածքը (Հիմնական տեղամաս),

բ) Տեղամաս 2 - Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը (Պահեստային տեղամաս):

4.2. Ճանապարհային ցանց. Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է Հիմնական տեղամասով: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։

4.3. Բնակելի ֆոնդ. ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ և ավագ մակարդակի հետազոտողներ):

4.4. Հաշվի առնելով, որ կլաստերների աշխատակիցների մի մասը ցանկություն կունենա ձեռք բերել սեփականության իրավունքով բնակարաններ, անհրաժեշտ կլինի նաև աշխատակիցների համար կազմակերպել տեղամասերին մերձակա տարածքներում հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ:

4.5. Կլաստերների գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև հարակից համայնքային տարածքների զարգացմանը և տնտեսական գործունեության նոր տեսակների ծավալմանը: Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է նաև ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները:

4.6. Քանի որ տեղամասերից ոչ մեկը նախատեսված չէ կլաստերների համապատասխան քանակությամբ մարդկանց միաժամանակյա գործունեության համար, անհրաժեշտություն է առաջանալու կառուցել/ստեղծել կամ արդիականացնել բոլոր ենթակառուցվածքները՝

ա) էլեկտրահաղորդման և կապի համակարգեր,

բ) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր,

գ) գազատարների և ջերմամատակարարման համակարգեր,

դ) աղբահանության համակարգ։

4.7. Կառուցվելու են նոր ենթակառուցվածքներ՝

ա) ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և այլ արտադրական և փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներ,

բ) հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար,

գ) բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահը (համերգասրահ, կինոթատրոն, թատրոն),

դ) տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ՝ բուհական սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի բնակիչների և աշխատակիցների առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ կենսապայմանների կազմակերպման համար՝ մարզասրահներ, լողավազաններ,

ե) ջրային զանգվածներ,

զ) տրանսպորտային համակարգ,

է) ավտոկայանատեղիներ,

ը) առևտրային և սննդի կետեր,

թ) բուժհաստատություններ, առողջության կենտրոններ,

ժ) երեխաների խնամքի և զարգացման կենտրոններ,

ժա) անվտանգության արդիական համակարգ,

ժբ) այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

4.8. Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար։ Ստադիոնի ենթակառուցվածքները (ավտոկայանատեղիներ, լողավազաններ, մարզասրահներ) մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու է կլաստերների կարիքների համար:

4.9. Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը կհյուրընկալի նաև ոչ պետական կամ միջպետական բուհեր, ինչի համար նախագծման փուլում հիմնական տեղամասում, ըստ հնարավորության կնախատեսվեն որոշակի ազատ գոտիներ` տեղափոխման կամ կառուցման ցանկություն ունեցող բուհերի համար:

4.10. Կլաստերների նախագծման և կառուցման փուլում նախատեսվում են մի քանի հանգուցային կառույցներ, որոնք հանդիսանալու են ծրագրի այցեքարտը։ Դրանք ունենալու են յուրահատուկ ճարտարապետական հորինվածք և բացի ֆունկցիոնալ նշանակությունից՝ լինելու են նաև տվյալ միջավայրի ոճը պայմանավորող դոմինանտ շինությունները:

4.11. Հանգուցային կառույցների ճարտարապետությունն ամբողջությամբ իրականացվելու է միջազգային գործընկերոջ կողմից:

4.12. Ներկա դրությամբ, որպես հանգուցային կառույցներ նախատեսվում են`

ա) բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահը,

բ) չորս կլաստերների կենտրոնական մասնաշենքերը,

գ) ազգային ստադիոնը։

4.13. Ցանկը հետագայում կհամալրվի գլխավոր հատակագծի մշակմանը զուգընթաց, որտեղ արդեն պարզ կդառնան այն հավելյալ շինությունները, որոնց համար կարիք կա հեղինակային ճարտարապետության:

4.14. Մնացյալ շինությունների ճարտարապետությունն իրականացվելու է գործընկերոջ հսկողությամբ և տեղական ներուժով` ներգրավելով այդ թվում ուսանողական համայնքը, ինչը նաև կդառնա անփոխարինելի կենսափորձ ապագա ճարտարապետների համար:

 

5. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

5.1. Նախորդող ժամանակահատվածում (2023 թվականի մարտ-հունիս) ծրագրի պատասխանատու մարմինների կողմից կատարվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Նախնական խոշորացված արժեքներով գնահատվել են ընդհանուր կարիքները՝ զուգահեռ ուսումնասիրելով նմանօրինակ ծրագրերի իրականացման միջազգային փորձը։ Համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող (NUSSLI) ընկերությունների հետ, իսկ Արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ։ Բանակցություններ են տարվել միջազգային գործընկեր այլ կազմակերպությունների հետ՝ բովանդակային աջակցություն ստանալու համար, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:

5.2. Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցը կազմված է երեք հիմնական փուլերից՝

ա) նախագծման փուլ,

բ) կառուցման փուլ,

գ) սպասարկման փուլ։

5.3. Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի սեպտեմբեր ամսվանից և ավարտին կհասնի 2025 թվականի սեպտեմբեր ամսին: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են՝

ա) կարիքների գնահատում,

բ) շահառուների հետ քննարկում,

գ) տեխնիկական առաջադրանքի մշակում,

դ) տարածքների իրավական կարգավիճակի հստակեցում և իրավունքների պետական գրանցման կատարում,

ե) երկրատեխնիկական հանութագրման, տարածքի հանութագրման և սխեմայի մշակման, տարածքի եռաչափ մոդելավորման և այլ ուսումնասիրությունների իրականացում,

զ) տարածքի գլխավոր հատակագծի մշակում,

է) ճարտարապետաշինարարական նախագծի մշակում,

ը) տեխնիկական փորձաքննությունների անցկացում (պարզ / համալիր),

թ) պահանջվող եզրակացությունների և թույլտվությունների ստացում,

ժ) ճանապարհների և լրացուցիչ ենթակառուցվածքների նախագծում,

ժա) տարածքի զարգացման պլանի մշակում:

5.4. Կառուցման փուլը հանդիսանում է ծրագրի առավել տևական փուլը, այն  նախատեսվում է մեկնարկել 2025 հոկտեմբեր ամսվանից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են՝

ա) գլխավոր հատակագծի համաձայն՝ ճանապարհների և ենթակառուցվածքների կառուցում,

բ) գլխավոր նախագծի համաձայն՝ կանաչապատ տարածքների տնկարկում և խնամք,

գ) տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մայրուղային գազատարների և ջրատարների տեղափոխում,

դ) հիմնական շենքային/ենթակառուցվածքային ֆոնդի կառուցում,

ե) մասնավոր ներդրողների կողմից ենթակառուցվածքների կառուցում։

5.5. Կառուցման փուլը, ըստ հնարավորության, պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում ունենանք կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում:

5.6. Սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսվանից, այսինքն կառուցման փուլի ավարտից հետո, սակայն մասամբ՝ կախված կառուցման ընթացքում որոշակի փուլերի ավարտից, կկազմակերպվի արդեն հանձնված ենթակառուցվածքների սպասարկումը: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են՝

ա) տարածքների կոմունալ սպասարկում,

բ) ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքների աշխատանքի համակարգում,

գ) տրանսպորտային կապի համակարգում,

դ) անվտանգության ապահովում,

ե) ընթացիկ բարեկարգումներ և սպասարկում։

 

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

6.1. «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացվում է Օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  N 351-L որոշմամբ, որի հավելված 1-ի 2.2.2. կետով նախատեսված է 2030 թվականին ստեղծել ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:

6.2. Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները:

6.3. Կացարանային, բնակելի, սպորտային և կենցաղային այլ նպատակներով ֆոնդի կառուցման կամ կառավարման համար կներգրավվեն նաև մասնավոր հատվածից ներդրողների միջոցներ` որոշակի պայմաններով` գլխավոր հատակագծին համապատասխանելու և ապագայում քաղաքի ներդաշնակությունը չխաթարելու համար:

 

7. ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

7.1. «Ակադեմիական քաղաք» ծրագրի կայացման համար անհրաժեշտ են միջազգային գործընկերներ, ինչպես ներդրումների և մոնիթորինգի մասով, այնպես էլ բովանդակային բաղադրիչի կայացման համար: Սա նաև հանդիսանում է ծրագրի կայունության և որակի ապահովման գործիք: Միջազգային գործընկեր կառույցների ներգրավումը կնպաստի ծրագրի ընթացքը առավելագույնս մասնակցային դարձնելուն և հետագայում ստեղծված կլաստերների միջազգային ընկալելիության բարձր մակարդակ ապահովելուն:

7.2. Ներկայումս բանակցություններ և նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային ֆինանսական և խորհրդատվական հաստատությունների հետ` տարբեր բնույթի ծրագրերի նախապատրաստման համար, որոնք կապված են ինչպես բուհական համակարգի բովանդակային և կառավարչական բարեփոխումների, այնպես էլ «Ակադեմիական քաղաք» ծրագրի կայացման հետ:

7.3. Արվեստների կլաստերի կայացման հարցում կա նախնական համաձայնություն Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ (University of the Arts London), որը միջազգային ռեյտինգային համակարգերում զբաղեցնում է բավականին բարձր դիրքեր և հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու Արվեստների կլաստերի բովանդակային կայացմանը: Որպես միջնորդ գործընկեր ներգրավվել է նաև Բրիտանական Խորհրդի Հայկական գրասենյակը, որն առաջիկայում կկազմակերպի առաջին մասնագիտական այցելությունը:

7.4. Նմանատիպ համագործակցություններ են հաստատվելու նաև մնացած կլաստերների` փոխադարձ հետաքրքրության հենքով ներգրավելով աշխարհի լավագույն բուհերին:

 

8. ԸՆԹԱՑՔ

8.1. «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքը նախատեսված է ժամանակացույցով և ենթակա է պարբերական վերանայման` կախված փոխկապակցված գործընթացների հնարավոր տեղաշարժերից:

8.2. Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չի խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու:

8.3. Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները (բացառություն կարող են կազմել հնամաշ և վթարային պայմաններում գործունեություն ծավալող, ցածր արդյունավետությամբ կազմակերպությունները, որոնք ընթացքում կմիավորվեն հետազոտություններով կամ ծրագրերով մոտ կազմակերպությունների հետ):

8.4. Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար:

8.5. Գործընթացին զուգահեռ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրել է Հայաստանի Հանրապետության պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ Օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ, ինչը սերտորեն առնչվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Այս գործընթացի արդյունքում ձևակերպվելու են նաև բուհական և հետազոտական համակարգի խոշորացման վերաբերյալ մասնագիտական հայեցակարգային մոտեցումները, որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան:

8.6. Քանի որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը իր մասշտաբով հանդիսանում է նորույթ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ապա այս համակարգի կառավարման և բովանդակային կայացման համար կառուցմանը զուգընթաց կազմակերպվելու են ինչպես ակադեմիական համակազմի, այնպես էլ ադմինիստրատիվ կազմի վերապատրաստումներ գործընկեր համալսարաններում:

 

[1] Այս և հետագայում կենտրոնների համար կիրառվող բոլոր անվանումները պայմանական են` նկարագրելու համար դրանց գործառնական առանձնահատկությունները։  Վերջնական անվանումները հստակեցվելու են մասնագիտական քննարկումների արդյունքում։

  

 

  • Քննարկվել է

    21.07.2023 - 07.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

03.08.2023 15:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13343

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Serj Rostomyan

07.08.2023

Շոկի մեջ եմ: Ես դեմ եմ այս նախագծին, հատկապես Հայֆիլմի վերաբերյալ վերջին նորություններից: Այդ կազմակերպությունը մի զոհաբերեք մի անհասկանալի գաղափարի համար, որը չի նպաստի Հայֆիլմի զարգացմանը: Համամիտեմ եմ մեկնաբանությունների հետ և խնդրում եմ դուրս հանել կինոստուդիան այս նախագծից:

Միլենա Բաղդասարյան

07.08.2023

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը կարդալիս անմիջապես հիշեցի Ջեյմս Սքոթի կողմից նկարագրված 20-րդ դարի «բարձր մոդեռնիստական» նախագծերը, որոնք տխրահռչակ, եթե ոչ ողբերգական, արդյունք ունեցան (James C. Scott 1998, Seeing like a state): Նախագիծը պաթոսով է գրված և բարձր նպատակներ է իր առջև դնում, սակայն այդ նպատակներին հասնելու ուղիներն իրականում կապ չունեն այդ նպատակների հետ: Հստակ է, որ նախագիծը գրվել է ոչ մասնագետների կողմից՝ հաշվի չառնելով գիտական համայնքի ներկայացուցիչների մոտեցումները: Նախագիծը չափազանց լայնածավալ և արմատական է, միաժամանակ շատ թույլ, գործին չնպաստող լուծումների վրա հենված և այդ առումով պոտենցիալ ունի խարխլելու Հայաստանում արդեն գոյություն ունեցող բարձրագույն կրթության և գիտահետազոտական կազմակերպությունները, գիտությունն առհասարակ: Նախագիծը նաև անիրատեսական է իր այդչափ լայնածավալ լինելու պատճառով և բազում գիտությունների ուղղություններ անխուսափելիորեն լուրջ կորուստներ են կրելու, եթե փորձ արվի այս նախագիծը կյանքի կոչել: «Սոցիալական ճարտարագիտության» նման նախագծերի դեմ բազում մտավորականներ են զգուշացրել, բացի Ջեյմս Սքոթից, օրինակ Կարլ Փոփերը, ով «Բաց հասարակություն» իր գրքում զգուշացնում է կտրուկ ինստիտուցիոնալ փոփոխություն ենթադրող պետական նախագծերի դեմ և խորհուրդ է տալիս փոփոխությունները, իրականացնել փոքր, իրատեսական, հանրության հետ համաձայնեցված քայլերով՝ ինստիտուտներին լուրջ վնաս չհասցնելու նպատակով: Գիտական և կրթական համակարգը, որը կառուցվել է տասնամյակներով անհնար է հաջողությամն մի քանի տարվա ընթացքում ոչ միայն լրիվ վերակազմավորել, այլև ավելի բարձր մակարդակի հասցնել, իսկ լուրջ վնասներ հասցնելը միանգամայն հնարավոր է: Գիտական հաստատությունները և ԲՈՒՀ-երը զարգացնելու համար ամենևին անհրաժեշտ չէ դրանք կազմալուծել և մեկ այլ վայրում այլ կերպ փորձել վերամիավորել: Ակադեմիական քաղաքի կառուցումը ինքնին չի կարող բարձրացնել նշված հաստատությունների պոտենցիալը: Իրականում գիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի զարգացումը բովանդակային է խնդիր է, կապված է գիտական կադրերին զարգացման հնարավորություններ տալու, երկրում պահելու, նրանց արդեն իսկ նվիրական աշխատանքը սատարելու հետ: Այդ առումով, սխալ է փորձել նրանց աշխատանքը պետական պաշտոնյաների ուտոպիստական նախագծերին ենթարկելը: Գերմանիայում, որ ես պաշտպանել եմ իմ թեկնածուական ատենախոսությունը (PhD), մարդիկ հպարտանում են իրենց քաղաքների համալսարանների երկար պատմությամբ, իսկ համալսարանների համբավը բարձրանում է այդ հաստատություններում աշխատող գիտնականների շնորհիվ: Այդ առումով, համալսարանները տեղափոխելու փոխարեն գումարն անհրաժեշտ է այլ ուղղություններով ծախսել: Անհրաժեշտ են արտասահմանյան լուրջ համալսարանների հետ համատեղ իրականացվող ծրագրեր, մասնագետների փոխանակում, դասավանդող կադրերի զարգացում: Գիտնականը սովորաբար կայանում է երկար տարիների ընթացքում և հենց գիտնականն է հետազոտությունների և ԲՈՒՀ-երի հենքը: ԲՈՒՀ-երի և գիտության զարգացման համար կարևոր է կադրերի ուսումը, նրանց կողմից փորձի ձեռքբերումը արտասահմանյան լուրջ բուհերում և առաջատար գիտական հաստատություններում և այդ փորձի կիրառումը Հայաստանում: Բացի այդ, ցանկալի է Հայաստան հրավիրել անվանի գիտնականների, ովքեր կդասավանդեն այստեղ թեկուզ 1 կիսամյակ: Ուսանողները նույնպես համալսարան պետք է մտնեն օտար լեզուների շատ լավ իմացությամբ, որպեսզի կարողանան առնվազն անգլալեզու գիտական գրականություն կարդալ (քանի որ ժամանակակաից հետազոտությունների մեծ մասն անգլերեն է լույս տեսնում), սա արդեն դպրոցների խնդիրն է: ԵՊՀ-ի նման ԲՈՒՀ չի կարելի կազմալուծել և տեղավորել ինչ-որ «կլաստերի» շրջանակներում, Հայաստանի համար դա կլինի ողբերգություն: ԵՊՀ-ն և այլ կարևոր ԲՈՒՀ-երը պետք է զարգացնել և կադրերի ֆինանսավորումն է այս դեպքում կարևորագույն խնդիր: ԵՊՀ-ի դասախոսները շատ ավելի ծանրաբեռնված են դասավանդման առումով, քան ցանկացած արևմտյան ԲՈՒՀ-ի պրոֆեսոր, իսկ նրանց աշխատավարձը չափազանց ցածր է: Անշուշտ, բարձրագույն կրթությունը և հետազոտությունները պետք է փոխկապակցված լինեն և ուսանողները արդեն իսկ ներգրավվում են հետազոտական աշխատանքներին իրենց ավարտական կամ կուրսային աշխատանքների, պրակտիկաների, գիտաժողովներին մասնակցելու շնորհիվ: Այնուամենայնիվ, գերազանց հետազոտող նախապատրաստելու համար շատ կարևոր է հենց հիմնարար տեսական գիտելիքի ձեռքբերումը, ինչը շատ ավելի լայն դաշտ է, քան հետազոտական գործընթացը (որը շատ ավելի նեղ և խորացված գործունեություն է): Փայլյուն նեղ մասնագետ դառնալու համար նախ անհրաժեշտ է տիրապետել գիտության ավելի լայն տեսական հարստույթանը, որը հենց համալսարաններն են տրամադրում: Նախագծում, օրինակ, նշվում է. «Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը»: Իրականում, Երևան քաղաքում արդեն կայացած են մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման կառույցները և ակադեմիական քաղաքը երբեք չի կարողանա փոխարինել վերջիններին: Ցանկացած ծրագիր նախագծելիս պետք է հաշվի առնել, թե արդյոք մասնագետները կհամագործակցեն: Հայաստանում մենք ունենք գերազանց գիտական կադրերի պակաս: Նման նախագծի պարագայում շատ քիչ մասնագետներ, ովքեր արդեն հաստատված են իրենց բնակարաններում, ում երեխաները հաճախում են կոնկրետ դպրոցներ և այլն, կհամաձայնվեն աշխատանքի մեկնել Երևանի 17-րդ թաղամաս կամ ընտանիքներով տեղափոխվել հանրակացարաններ: Գերազանց կադրերից շատերը հնարավոր է նախընտրեն արտագաղթել կամ աշխատանքի անցնել մասնավոր սեկտորում, քանի որ նրանց համար Հայաստանում կստեղծվեն հավելյան դժվարություններ: Սա կհանգեցնի առանց այդ էլ սակավ կադրերի կորստին: Ինչ վերաբերում է բնակարանների ձեռքբերմանը, ապա որոշ ծրագրերի արդյունքում բազում գիտնականներ արդեն իրենց խնայողությունները ներդրել են և ներդնում են բնակարաններ գնելու համար, և ակադեմիական քաղաքում բնակարան գնելու համար ֆինանսական միջոցներ չեն ունենա: Ինչ վերաբերում է գիտական հաստատություններին, ապա փորձ է արվում հետազոտական ինստիտուտները կցել կրթական հաստատություններին: Գիտահետազոտական հաստատությունները կազմալուծելը, այլ հաստատություններին կցելը, ստորադասելը վտանգերով լի է: Հայաստանում ունենք բազում արդյունավետ հետազոտական հաստատություններ, որոնց անհրաժեշտ է սատարել՝ բռնի կազմալուծելու և ֆիզիկապես տեղափոխելու փոխարեն: Ուսումնական կլաստերին նրանց ներգրավելը անպատասխանատու է. գիտական դիսկուրսրը զարգանում է կրթությունից լրիվ անկախ, գիտական դիսկուրսն է, որ պետք է առաջնորդի կրթությունը, այլ ոչ թե ծառայի վերջինիս: Համալսարաններ, զանազան կենտրոններ, գիտահետազոտական ինստիտուտներ ունենալը տվյալ ծրագրի հայեցակարգում դիտարկվում է որպես «ավանդական» մոտեցում, որից պետք է վեր բարձրանալ, սակայն առաջարկվող լուծումը հիմնված չէ հաջողված փորձի վրա, ավելի շատ ուտոպիա է, պետական պաշտոնյաների մտահղացում: Քննադատվող «ավանդական» մոտեցումը գերազանց է գործում, օրինակ Գերմանիայում, որը հիմա Եվրոպայում գիտության զարգացման առումով առաջատար երկրներից է: Իմ կարծիքով, որը կիսում են բազում այլ գիտնականներ, ակադեմիական քաղաքի ծրագիրը գրվել է Երևանի կենտրոնում անշարժ գույք ազատելու նպատակով. Սա փորձ է հատուկ այս կազմակերպությունների համար կառուցված շենքերը խլել գիտության և կրթության ոլորտից և հավանաբար ծառայեցնել բիզնեսի նպատակներին: Ակադեմիական քաղաքի այս նախագիծը Հայաստանում կնշանակի գիտության և արվեստի գավառականացում: Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչ դեր են վերապահում գիտությանը ներկա իշխանությունները՝ դուրս մղելով վերջիններիս մայրաքաղաքի կենտրոնից: Մյուս կողմից, ակադեմիական քաղաքի կառուցմանը հնարավոր է ներգրավվեն պետական պաշտոնյաների հարազտների կազմակերպությունները, ինչը հնարավոր է նույնպես մոտիվացիայի աղբյուր է որոշ պաշտոնյաների համար: Հայաստանի համար հիմա շատ կարևոր է տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերական կոմպլեքսի զարգացումը, ընդլայնումը: Ակադեմիական քաղաքի համար նախատեսված միջոցները պետք է ուղղել այդ ուղղություններով նոր կրթական, հետազոտական, արդյունաբերական կազմակերպություններ ստեղծելուն և զարգացնելուն, որպեսզի այս բարդ պայմաններում Հայաստանը կարողանա իրականացնել իր ինքնապաշտպանությունը բարձր տեխնոլոգիաներ պահանջող պատերազմների կոտեքստում: Մյուս կողմից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսումը պետք է հասանելի և անվճար դարձնել բոլոր ցանկացող ուսանողների համար, այս ոլորտը հատկապես պետք է ֆինանսավորվի պետության կողմից: Արդյունքում տարիներ անց Հայաստանը կշահի նման մասնագետնրի առկայությունից:

мигран Галстян

06.08.2023

Ես դեմ եմ քվեարկել, քանի որ Ակադեմիական քաղաքի ճանապարհային քարտեզը հստակ չէ, բովանդակային առումով հումանիտար և հասարակական գիտությունների հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կառավարության կողմից դեռ հստակ ձևակերպված չէ: Այս նախագծով ակադեմիական գիտությունը դարցել է գիտության կցորդ և պասիվ սպասարկող: Օրինակ, անհասկանալի է թե հնագիտական, ազգագրական, բանահյուսական գիտությունները որտեղ են հայտնվելու: Համալսարանո՞ւմ:Համալսարանը <դանայան տակառ> չէ, որ բոլոր հայագիտական և հումանիտար գիտություններին ընդունի: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխաները, իհարկե հնարավոր չէ նախագծում ներառել, բայց մենք իրավունք ունեն չէ՞ նախօրոք իմանալու:

Տեսնել ավելին