Դեմ եմ նոր օրենքի նախագծին
21.07.2023
ուսուցիչների ու զինվորների աշխատավարձերը բարձրացրեք ու թոշակառուների թոշակը ոչնչություններ
3 - Կողմ
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Կարգավորման ենթակա խնդիրը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման նպատակն է՝ 1) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձնահատկությունները տարածել հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների նկատմամբ, հաշվի առնելով, որ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հավասարապես իրականացնում են ՊԵԿ-ի իրավասությունը սահմանող հարկային կամ մաքսային ոլորտի իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ, 2) հարկային և մաքսային ծառայություններում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, հարկային և մաքսային ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․
Ա. Հարկային ծառայության մասով․
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համաձայն հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:
Oրենսգրքով սահմանված է նաև այն իրավական ակտերի շրջանակը, որոնցով կարող են կարգավորվել հարկային հարաբերությունները։ Նշված շրջանակի մեջ ներառված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքը։ Միաժամանակ հստակ նախատեսված է, որ օրենսգրքով թվարկված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ։
Մինչդեռ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված տարանջատման արդյունքում ստացվելու է, որ հարկային հարաբերությունների առանձին բաղադրիչներին առնչվող գործառույթներ իրականացվելու են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և դրանից բխող ակտերով։ Այսինքն, ստացվելու է, որ հարկային հարաբերությունների առանձին տարրեր իրականացվելու են հարկային ծառայող չհանդիսացող անձանց կողմից։
Այս առումով, հարկ է նշել, որ «Հարկային ծառայության մասին» օրենքի համաձայն հարկային ծառայությունը հարկային ծառայողի կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը և չի իրականացվում այլ հանրային ծառայողների կողմից:
Այսինքն, եթե հարկային մարմինն ընկալենք որպես հարկային և քաղաքացիական ծառայություն իրականացնող ծառայողների միավորում, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ քաղաքացիական ծառայողները, որպես այլ հանրային ծառայողներ իրավունք չունեն իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնք ուղղված են հարկային մարմնի խնդիրների և լիազորությունների իրականացմանը, օրինակ՝ գործարքների մոնիտորինգ (իրականացվում է հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից), հարկ վճարողների սպասարկում, հարկային պարտավորությունների հաշվառում (իրականացվում է հարկ վճարողների սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների կողմից), գույքի արգելանք, չկատարված հարկային պարտավորությունների գանձում (իրականացվում է իրավաբանական վարչության կողմից) և այլ գործառույթներ:
Բ․ Մաքսային ծառայության մասով․
Համանման կարգավորումներ սահմանված են նաև մաքսային ծառայության մասով: Մասնավորապես՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները։ Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովումը իսկ 5-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված մաքսային ծառայության պաշտոնների վրա:
Համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, ՀՀ մաքսային օրենսգրքի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի դրույթների` վերոնշյալ գործառույթներն իրականացնում են ՀՀ մաքսային մարմինները՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակներում:
Մաքսային մարմինների կողմից Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում համապատասխան ընթացակարգերի իրականացումը, մաքսային կանոնների խախտման դեպքերում վարչական վարույթների իրականացումը և նշված գործընթացների հետ կապված՝ օրենքով նախատեսված գործողությունների կատարումը վերապահված է բացառապես մաքսային մարմնի մաքսային ծառայողներին։
Ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի՝ օրենքով պետք է սահմանվեն այն առանձնահատկությունները, որոնք հաշվի առնելու դեպքում, համապատասխան պաշտոնները չեն հանդիսանա քաղաքացիական ծառայության պաշտոններ։ Այդ առանձնահատկությունները բազմիցս ներկայացվել են։ Խնդիրն այն է, որ հարկային/մաքսային ծառայության պաշտոններից դուրս են մնացել հետևյալ ստորաբաժանումները՝
Այս ստորաբաժանումներից յուրաքանչյուրը, թեպետ, որոշ դեպքերում անվանակից են այլ պետական մարմիններում համանման ստորաբաժանումների հետ, սակայն դրանց գործառույթներից յուրաքանչյուրը պարունակում է հարկային/մաքսային ծառայության ու դրանից բխող գործողությունների իրականացման խորը գիտելիքներ ունենալու անհրաժեշտություն և առանձնահատկություն։ Մասնավորապես, անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ոչ թե ընդհանրական գործառույթներ է իրականացնում այլ մարմինների համանուն ստորաբաժանումների նման, այլ կառավարում, կարգավորում, սպասարկում է ողջ հարկային/մաքսային էլեկտրոնային համակարգերը։ Ընդ որում, նշված համակարգերի կառավարում, կարգավորում կարող է իրականացնել ոչ թե ցանկացած ՏՏ մասնագետ, այլ բացառապես հարկային/մաքսային համակարգերի ու կարգավորումների խորը գիտելիքներ ունեցող և հարկային/մաքսային կարգավորումներն ու առանձնահատկությունները խորությամբ պատկերացնող անձ, քանի որ միայն այդ դեպքերում է հնարավոր ՏՏ-ի առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը (ռիսկերի վերհանումը, հարկային/մաքսային գործառնությունների որոշ կոմպետենտների թվայնացումը և այլն)։
Նույն մոտեցմամբ միջազգային համագործակցության վարչության գործառույթները բացի ստանդարտ այլ մարմիններում համանման վարչությունների կողմից իրականացվող գործառույթներից, ներառում են նաև հարկային/մաքսային համագործակցության միջազգային մի շարք կազմակերպությունների հետ քննարկումներն ու բանակցությունները, ֆորումներին մասնակցությունը և այլն։ Սրանք իրենցից ներկայացնում են խիստ մասնագիտական քննարկումներ և կրկին քննարկումների պատշաճ մակարդակ ապահովվում է հարկային/մաքսային գործառույթների ու տեղեկատվության խորը տիրապետման արդյունքում։
Հիմնավորմամբ բերվում են Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) նշված երկու վարչությունների օրինակները, քանի որ առաջին հայացքից անհասկանալի կարող է լինել հենց նշված վարչություններում հարկային/մաքսային ծառայության պահպանման անհրաժեշտությունը։
Նույնը վերաբերում է մյուս ստորաբաժանումներին, որտեղ քաղծառայության համակարգի ներդրումն անհասկանալի է և մտահոգիչ։
Բացի վերոնշյալ բովանդակային հիմնավորումներից, ՊԵԿ-ում քաղծառայության համակարգի ներդրումը հանգեցնելու է նաև ընթացակարգային մի շարք խնդիրների, որոնք վերջնարդյունքում հանգեցնելու են ՊԵԿ-ի առջև դրված գործառույթների իրականացման բարդությունների։ Մասնավորապես, ՊԵԿ համակարգում փոխադարձաբար շաղկապված և միմյանց լրացնող ստորաբաժանումների ու հաստիքների մի մասում հարկային/մաքսային ծառայություն, իսկ մյուս մասում քաղծառայություն ունենալը առաջացնելու է նաև մարդկային ռեսուրսների կառավարման դանդաղաշարժություն, խոչընդոտելու է գործառույթների ու կադրերի ճիշտ և ճկուն բաշխման աշխատանքների իրականացմանը։ Այսպես, չպետք է բացառել ՊԵԿ մեկ ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում աշխատակիցների տեղափոխման հանգամանքը, օրինակ՝ մեթոդաբանության վարչության աշխատակիցներից մեկը տեղափոխվում է հետբացթողումային հսկողության վարչություն և սովորաբար արդյունավետ կարողանում է իրականացնել համապատասխան գործառույթը, քանի որ մեթոդաբանության վարչությունում աշխատելու ընթացքում խորությամբ տիրապետում է համապատասխան գործառույթներին և առանձնահատկություններին։ Մինչդեռ, ստորաբաժանումների մի մասում քաղծառայության համակարգի ներդրման արդյունքում կնվազի մարդկային ռեսուրսների կառավարման ճկունությունը։ Այս դեպքում, աշխատակիցը ստիպված է լինելու մի ծառայությունից անցում կատարել մեկ այլ ծառայություն՝ օրենքով նշված պաշտոնի նշանակման բոլոր տեսակի սահմանափակումների ու պաշտոնի նշանակման ընթացակարգերի կիրառմամբ։ Ընդ որում, բացի համապատասխան ճկունության նվազեցումից, շատ հաճախ բախվելու ենք նաև մի իրավիճակի, երբ մաքսային/հարկային ծառայողը հակված չի լինելու տեղափոխվել մեկ այլ ստորաբաժանում, եթե անգամ գրավիչ լինի առաջխաղացման առաջարկը, զուտ այն պատճառով, որ ցանկանալու է շարունակել լինել հարկային/մաքսային ծառայող, ունենալ կոչում և այլն։
Միաժամանակ քննարկվող խնդրի լուծումը պետք է դիտարկել վերջերս կառավարության կողմից ընդունված Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության լույսի ներքո։ Ռազմավարության ուղենիշներից է իրավասությունների ապակենտրոնացումը՝ ապահովելով դրանց հնարավորինս մեծ ծավալով բաշխում գործադիր իշխանության վերին մակարդակից դեպի կառավարման հորիզոնական հարթություն և տեղական ինքնակառավարման մարմիններ։ Մինչդեռ, առանց խորը վերլուծության հարկային/մաքսային ծառայողներին քաղծառայության համակարգ տեղափոխելը ուղղակիորեն հակասում է նշված ուղենիշին։
Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով նախատեսվել է, որ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի փետրվարի 22-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի թիվ ՀՕ-12-Ն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը (ուժի մեջ է մտել 22.02.2022թ.):
2) ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագծեր) և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ․
«Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթների համաձայն հարկային և մաքսային բոլոր ծառայողները հարկային և մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ։
Գործող կանոնակարգումների համաձայն հարկային և մաքսային ծառայողներն անցնում են վերապատրաստում մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական ու շարունակական կատարելագործման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման նպատակով, սակայն գործող կանոնակարգումների շրջանակում առկա գործիքակազմը բավարար չէ այդ նպատակի իրագործման համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավորություն կստեղծվի հարկային և մաքսային ծառայությունները համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով, ծառայողների համար նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, վերանայել ծառայողների վարձատրության հարցը` սահմանելով արժանապատիվ վարձատրության չափ, որը երաշխիք կհանդիսանա նաև ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախատեսվում է ՊԵԿ-ում իրականացնել համակարգային փոփոխություններ, մասնավորապես՝ ներդնել հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Մասնավորապես, սահմանվում է, որ՝
Հարկային և մաքսային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝
1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.
2) հարկային և մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով.
3) կառուցվածքային փոփոխության դեպքում ատեստավորում չանցած և հարկային կամ մաքսային ծառայության պաշտոնի նշանակված հարկային կամ մաքսային ծառայողները՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով։
Նախագծերով սահմանվել են համապատասխան հիմքեր, որոնց դեպքում հարկային և մաքսային ծառայողը համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը կհաշվարկվի այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից։
Հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը, ինչպես նաև ատեստավորման կարգը կսահմանվի Կառավարության որոշմամբ։
Մասնավորապես, նախատեսվում է հավելավճարի չափերը հաշվարկել ըստ ատեստավորման գնահատման արդյունքների` գերազանց, լավ կամ բավարար, ինչին համապատասխան էլ կսահմանվի հաշվարկվող հավելավճարի չափը:
Բացի այդ, վերոնշյալ փոփոխությունների համատեքստում, հաշվի առնելով հարկային և մաքսային օրենսդրության հնարավոր խախտումների կատարման նոր եղանակների պայմաններում դրանց հայտնաբերմանը, կանխմանը և բացահայտմանը հարկային և մաքսային վարչարարության գործիքակազմերի սինխրոնիզացման անհրաժեշտությունը, արդիական է դարձել ժամանակակից և նորարարական լուծումներ, վերլուծական կարողություններ և որակներ ունեցող հարկային և մաքսային ծառայողներ ունենալու պահանջը։
Վերոգրյալով պայմանավորված՝ նախատեսվում է սահմանել հարկային կամ մաքսային ծառայության որոշակի պաշտոններ զբաղեցնող ծառայողների գործառույթներով պայմանավորված` վերջիններիս վերապատրաստման նոր չափանիշներ՝ մասնավորապես, նախատեսել միջազգային առաջավոր փորձ, վարկանիշային բարձր գնահատական ունեցող կազմակերպություններում հարկային և մաքսային ծառայողների ատեստավորում անցնելու վերաբերյալ կանոնակարգումներ:
Նշված չափանիշի իրագործման համար նախատեսվում է հարկային և մաքսային վարչարարության արդյունքներով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի հրամանով սահմանել թիրախային ոլորտներ, ինչպես նաև այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող ծառայողները ենթակա կլինեն վերապատրաստման թիրախային ոլորտների շրջանակում։
Վերապատրաստման նոր չափանիշի ներդրման շրջանակներում Նախագծերով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայողները կհամարվեն ատեստավորված և վերջիններիս նկատմամբ կկիրառվեն հավելավճար հաշվարկելու վերաբերյալ կանոնակարգումները Կոմիտեի կամ միջազգային որակավորում տրամադրող կազմակերպությունների կողմից (որոնց ցանկը կսահմանվի Կոմիտեի նախագահի հրամանով) Կոմիտեի կողմից թիրախային սահմանված թեմայով վերապատրաստում անցնելու և համապատասխան փաստաթուղթ ստանալու պարագայում:
Ինչ վերաբերում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներին, ապա դրանք բխում են «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում առաջարկվող իրավակարգավորումներից:
5․Նպատակը և ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների համար սահմանել առանձնահատկություններ, որով վերջիններս իրավունք կունենան իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնք ուղղված են հարկային և մաքսային մարմնի խնդիրների և լիազորությունների իրականացմանը: Միաժամանակ, ատեստավորման համակարգի ներդրման և դրա արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու պայմաններում կապահովվի որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրումը, կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից։
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 5-րդ նպատակից։
Ըստ Կառավարության 2021-2016թթ․ Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել և կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու և պետական համակարգի առջև դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիոնալիզմով և բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձևավորելու միջոցով։
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրանց ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
Քննարկվել է
19.07.2023 - 03.08.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2482
Տպել21.07.2023
ուսուցիչների ու զինվորների աշխատավարձերը բարձրացրեք ու թոշակառուների թոշակը ոչնչություններ