Հիշել նախագիծը

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄԸ

«       »  «                   »                 2017  թվականի    N      -Ն

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը:

3. Թույլատրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բժշկական օգնության և սպասարկման իրականացում.

2) գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների իրականացում.

3) մասնագետների համար շարունակական մասնագիտացված զարգացման ծրագրերի մշակում և իրականացում.

4) սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում և դրա նկատմամբ հսկողության իրականացում.

5) քրեակատարողական բժշկության ոլորտում կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելների, նորմատիվների և ստանդարտների մշակում.

6) կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն.

7) մասնագիտական հրատարակչական գործունեության իրականացում.

8) առողջապահական ոլորտում հետազոտությունների ու ուսումնասիրությունների իրականացում.

9) առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

10) առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, գիտաժողովների և համա­ժողովների կազմակերպում: 

4. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող  լիազորված պետական մարմին ճանաչել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և վերջինիս վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները: 

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ՝

1) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը ու արժեքները, բաժանիչ հաշվեկշիռը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական  ծառայության  կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

4) «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվող գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի գործունեության համար նախատեսված տարածքները, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման համար նախատեսված  և ադմինիստրատիվ տարածքը.

5) ապահովել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին.

6) հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքների քանակը և անվանացանկը.

7) ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  կենտրոնական մարմնի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի հաստիքների՝  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակ տեղափոխման գործընթացը.

8) ձեռնարկել միջոցներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի համալրման համար.

9) սահմանել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի՝ իրենց վերապահված գործառույթները իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի  և ելքի կարգը.

10) ապահովել սույն որոշման ընդունմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների ժամանակահատվածում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ, ըստ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գույքի հանձման-ընդունման աշխատանքների արդյունքների, կնքել անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում համատեղ ներկայացնել առաջարկություն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործառույթներով պայմանավորված գումարների վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

8. Սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իր գործունեությունը սկսում է 2018 թվականի հուլիսի 1-ից:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    05.12.2017 - 20.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10062

Տպել