«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը.
Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջների և դրանից բխող ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման 22-րդ կետով նախատեսված միջոցառման կատարմամբ:
Բացի այդ, ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի թիվ 33 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Լաբորատոր համակարգի 2017-2019 թվականների զարգացման ծրագրին», որի 1-ին կետով սահմանվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ միջոցառում:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առողջապահության ոլորտի՝ պետության կողմից իրականացվող առողջապահական ծրագրերը սահմանված են որպես առողջապահական պետական նպատակային ծրագրեր, մինչդեռ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն (86-րդ հոդվածի 7-րդ կետ), տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը: Այսինքն, ներկայում ՀՀ Սահմանադրության և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում միևնույն հասկացության վերաբերյալ կիրառվող տերմինների մեջ առկա է անհամապատասխանություն: Բացի այդ, թե' Սահմանադրության, թե' գործող օրենսդրության մեջ սպառիչ տրված չէ բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերի իրավական բովանդակությունը:
Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, սակայն որևէ օրենքով ՀՀ կառավարությանը նման լիազորություն վերապահված չէ:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: Ընդ որում, առաջարկվող նախագծում տարբերակվում են «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր», որոնք իրականացվում են պետական բյուջեի հաշվին և ծրագրեր, որոնք իրականացվում են այլ միջոցների՝ համայնքային բյուջեների, դրամաշնորհների և այլն, ինչը պայմանավորված է այլ աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի հետ կապված միասնական իրավական սահմանումներ և կարգավորումներ տալու անհրաժեշտությամբ:
Նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը:
Ըստ այդմ, անվճար հիմնական բժշկական ծառայությունների թվին են դասվում.
1) վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բռնկումների (համաճարակ) ժամանակ բժշկական օգնությունն ու սպասարկումը,
2) ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
3) ճառագայթային զանգվածային ախտահարումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
4) արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
5) քիմիական զանգվածային թունավորումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
6) իմունիզացիայի ազգային օրացույցի շրջանակներում իրականացվող իմունային կանխարգելումը
Անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկի սահմանման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածները:
Բացի վերը նշվածից, սույն օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատելու Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգը, բաղադրիչները, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված յուրաքանչյուր մակարդակի լաբորատորիաների գործառույթները, ինչպես նաև անվճար հիմնական բժշկական ծառայությունների մատուցման ընթացակարգերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբարատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:
-
Քննարկվել է
05.12.2017 - 20.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 10960
Տպել