Լրամշակման փուլում է
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Կամավոր սնանկության դիմումը կարող է հետ վերցվել մինչև սնանկ ճանաչելու հարցի վերաբերյալ դատական ակտի կայացման նախորդ օրը: Հարկադրված սնանկության դիմումը կարող է հետ վերցնել մինչև սնանկ ճանաչելու հարցի վերաբերյալ դատական ակտի կայացման նախորդ օրը, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստի ավարտը»։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը․
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևով պարտապանի գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի ու գտնվելու մասին հայտարարագիր․
- պարտապանի պարտատերերի, պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար), ի կատարումն պարտապանի պարտավորությունների ապահովում տված անձանց ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները․
- եթե պարտապանը անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, ապա պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները․
- եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.
- եթե պարտապանը ֆիզիկական անձ է, ապա ամուսնության կամ դրա բացակայության վերաբերյալ տեղեկություններ (ապացույցներ)՝ ստացված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից,
- գույքի կամ գույքային իրավունքների առկայության դեպքում՝ դրանց նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև դրանց գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացություն
- կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները.
- սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը.
Հոդված 3. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել 1․2-րդ մասով․
«1․2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սնանկության վարույթի առավելագույն տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը՝ սկսած պարտատերերի առաջին ժողովի անցկացման օրվանից մինչև սնանկության գործն ավարտելու մասին վճիռ կայացնելը»։
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։
- Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը օրինական ուժի մեջ մտնելու պահից և տարածվում է այդ պահից հետո Սնանկության դատարան ներկայացված դիմումների վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ նաև Օրենք) 38-րդ հոդվածի գ կետում «եթե գործը ենթակա չէ դատարանում քննության,» բառերից հետո լրացնել «կամ պարտապանը սնանկ է ճանաչվել,» բառերը։
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
30.05.2023 - 14.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2695
Տպել