Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի №150-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման №2 հավելվածով հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի 4.5 կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 4-ին ընդունվեցին «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-260-Ն և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքները, որոնք ուժի մեջ մտան 2022 թվականի մայիսի 1-ից:

Վերը նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման և փոխհոսքերի գործընթացից բխող՝ հատուցման հարաբերությունների կարգավորումը «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի գործողության տիրույթից տեղափոխվեց «Էներգետիկայի մասին» օրենքի գործողության տիրույթ, որի լրամշակմամբ ամբողջապես վերանայվեցին և բարեփոխվեցին ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման և հատուցման հարաբերությունները, սահմանվեց ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորության նոր սահմանաչափ, ինքնավար էներգաարտադրողին տրվեց ինքնավար խումբ ստեղծելու, ինչպես նաև էլեկտրական էներգիան՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու հնարավորություն:

Օրենսդրական վերը նշված փոփոխությունների գործնական կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովի 2022 թվականի ապրիլի 20-ի  N149-Ն և N150-Ն որոշումներով լրամշակվեցին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները և էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (փոխհոսքերի) պայմանագրի օրինակելի ձևը:

Արդյունքում, 2022 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ինքնավար էներգաարտադրությունն սկսեց իրականացվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի  4-ի ՀՕ-261-Ն օրենքով սահմանված նոր իրավակարգավորումներին համապատասխան, ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման և հատուցման հարաբերություններին առնչվող՝  ամբողջապես բարեփոխված կարգավորումներով:

Նոր մոդելի գործնական կիրառման արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի  N517-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները և 2022 թվականի ապրիլի 20-ի N150-Ն որոշմամբ սահմանված՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևն ունեն լրամշակման անհրաժեշտություն:

Մասնավորապես, վերոհիշյալ իրավական ակտերով նախատեսված չեն կարգավորումներ՝

  • ինքնավար խմբից մասնակից հանելու,
  • միևնույն ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու դեպքում՝ ինքնավար էներգաարտադրության գործընթացից (փոխհոսքերի պայմանագրի գործողության շրջանակից) արտադրության կամ սպառման կետ հանելու,
  • ինքնավար էներգաարտադրողի կողմից հաշվարկային տարվա ընթացքում ինքնավար խումբ ստեղծելու կամ այլ ինքնավար խմբում ընդգրկվելու դեպքում վերջինիս օգտին առկա՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության մասով հատուցում տրամադրելու, կամ այն նոր ստեղծվող ինքնավար խմբի հաշվեկշռին փոխանցելու,
  • ինքնավար խմբում՝ խմբի մասնակիցների, իսկ միևնույն ինքնավար էներգաարտադրողի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու գործընթացի շրջանակում արտադրության կամ սպառման կետերի փոփոխություններն ուժի մեջ մտնելու,
  • ենթասպառողի կողմից ինքնավար էներգաարտադրություն իրականացնելու մտադրության դեպքում հիմնական սպառողի մոտ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու,
  • միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում և շինությունում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների համար էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճարի գանձման նպատակահարմարության,
  • փոխհոսքերի պայմանագրի լուծման այլ դեպքերի,
  • երաշխավորված մատակարարի կողմից ամսական արդյունքներով ինքնավար էներգաարտադրողին ներկայացվող՝ հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ:

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

 

 Ներկայացված որոշումների նախագծերով առաջարկվում է ինքնավար էներգաարտադրության գործընթացի շրջանակում առավել հստակեցնել երաշխավորված մատակարարի և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների միջև կարգավորվող իրավահարաբերությունները:

Մասնավորապես՝

  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N517-Ն որոշման լրամշակման արդյունքում առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով սահմանել ինքնավար խմբից մասնակից հանելու, ինչպես նաև միևնույն ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու դեպքում՝ ինքնավար էներգաարտադրության գործընթացից (փոխհոսքերի պայմանագրի գործողության շրջանակից) արտադրության կամ սպառման կետ հանելու դեպքերը և նշված դեպքերում երաշխավորված մատակարարին ներկայացվող փաստաթղթերն ու հետագա ընթացակարգը, ինքնավար էներգաարտադրողի կողմից հաշվարկային տարվա ընթացքում ինքնավար խումբ ստեղծելու կամ այլ ինքնավար խմբում ընդգրկվելու, ինչպես նաև փոխհոսքերի պայմանագրի լուծման դեպքերում վերջինիս օգտին առկա՝ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության առկայության դեպքում վերջինիս հատուցում տրամադրելու կամ այդ չափով էլեկտրական էներգիան նոր ստեղծվող ինքնավար խմբի հաշվեկշռին փոխանցելու ընթացակարգը, ինքնավար խմբում՝ խմբի մասնակիցների, իսկ միևնույն ինքնավար էներգաարտադրողի կողմից՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու գործընթացի շրջանակում արտադրության կամ սպառման կետերի փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետները, ենթասպառողի կողմից ինքնավար էներգաարտադրություն իրականացնելու մտադրության դեպքում՝ հիմնական սպառողի մոտ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային հաշվիչի տեղակայված լինելու պարտադիր պահանջը, միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում և շինությունում կամ նույն հասցեում տեղակայված շենքային միավորների համալիրում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների համար էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճար չգանձելու մասին համապատասխան կարգավորումը (քանի որ տվյալ դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայություն փաստացիորեն չի մատուցվում և այդ մասով էլեկտրական ցանցերի վրա լրացուցիչ բեռ չի առաջանում), ինչպես նաև փոխհոսքերի պայմանագրի լուծման դեպքում հաշվարկային տարվա տևողության սահմանափակումը, որով պայմանավորված էլ արդեն կհաշվարկվեն ինքնավար էներգաարտադրողին հատուցման ենթակա գումարների վճարման վերջնաժամկետները:

            Բացի այդ, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործող առևտրային կանոններով նախատեսված է ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների հաշվառման և բաշխման միայն մեկ մեթոդ, որի համաձայն, հաշվառումն իրականացվում է ընդհանրական սկզբունքով: Այսինքն, գործող մեթոդի համաձայն, ինքնավար խմբի սպառած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունը, իսկ մատակարարած էլեկտրական էներգիա է համարվում խմբի բոլոր ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը: Ընդ որում, եթե ինքնավար խմբի բոլոր ինքնավար էներգաարտադրողների կողմից երաշխավորված մատակարարին առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը պակաս է խմբի բոլոր մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունից, ապա այդ բացասական տարբերության չափով էլեկտրական էներգիան ինքնավար խմբի մասնակիցների միջև բաշխվում է վերջիններիս սպառման ծավալների համամասնությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեպքում առաջանում են իրավիճակներ, երբ ինքնավար խմբի մասնակից հանդիսացող ինքնավար էներգաարտադրողն իր անհատական հաշվառման տեսանկյունից՝ երաշխավորված մատակարարին առաքելով ավելի շատ էլեկտրական էներգիա, քան իր սպառման համակարգում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունն է, խմբում սպառված էլեկտրական էներգիայի՝ սպառման ծավալների համամասնությամբ բաշխման արդյունքում,  միևնույնն է, ունենում է երաշխավորված մատակարարին վճարման պարտավորություն: Այս իրավիճակով պայմանավորված՝ նվազում է ինքնավար էներգաարտադրողների՝ ինքնավար խմբում ներգրավման գրավչությունը: Այս հանգամանքից ելնելով՝ առաջարկվում է առևտրային կանոններում նախատեսել ինքնավար խմբում արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների հաշվառման և բաշխման երկրորդ մեթոդ, որի համաձայն, ինքնավար խմբի մյուս մասնակիցների միջև բաշխվում է միայն խմբի ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և սպառված էլեկտրական էներգիայի քանակությունների դրական տարբերությունը: Բաշխման երկրորդ (ընտրովի) մեթոդն ըստ էության ենթադրում է խմբում արտադրված էլեկտրական էներգիայի քանակությունների՝ խմբի այլ մասնակիցների միջև բաշխման առավել ճկուն ընթացակարգ, որը թույլ կտա ինքնավար խմբերում ներգրավել ավելի մեծ թվով ինքնավար էներգաարտադրողների:

  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի N150-Ն որոշման լրամշակման արդյունքում առաջարկվում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևում սահմանել կարգավորումներ՝ ինքնավար խմբից մասնակից հանելու կամ միևնույն ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում սպառելու շրջանակում փոխհոսքերի պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու դեպքերում՝ պայմանագրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ, փոխհոսքերի պայմանագրի լուծման այլ դեպքերի, միևնույն բնակելի կամ հասարակական նպատակային նշանակության շենքում և շինությունում ինքնավար էներգաարտադրություն իրականացվելու դեպքում՝ ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների համար էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության վճար չգանձելու վերաբերյալ, ինչպես նաև առաջարկվում է լրամշակել պայմանագրի օրինակելի ձևի N1 և N2 հավելվածները (ինքնավար էներգաարտադրողին կամ ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ինքնավար էներգաարտադրողին հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտերում նախատեսվել են բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև սահմանվել է երաշխավորված մատակարարի կողմից ինքնավար էներգաարտադրողին ակտի ներկայացման հստակ վերջնաժամկետ):

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

 

4. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունման արդյունքում երաշխավորված մատակարարի («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների միջև հարաբերություններում հստակեցվում կամ սահմանվում են մի շարք նոր իրավակարգավորումներ, որոնք կնպաստեն ինքնավար էներգաարտադրության գործընթացի կազմակերպման, այդ գործընթացի շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման և դրանից բխող՝ ինքնավար էներգաարտադրողին (ինքնավար խմբի դեպքում՝ խումբը ստեղծող ինքնավար էներգաարտադրողին) հատուցմանն առնչվող ընթացակարգերի պարզեցմանը:

  • Քննարկվել է

    24.05.2023 - 09.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2768

Տպել