Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ա) Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց իրական շահառուի բացահայտման ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք): ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ իրավաբանական անձի պետական գրանցման, կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալը կամ հիմնադիրների, մասնակիցների, անդամների, փայատերերի, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում հիմնադիրները (մասնակիցները, անդամները, փայատերերը, բաժնետերերը և այլք) պարտավոր են իրավաբանական անձանց գրանցող պետական մարմին (ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն) ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն` Արդարադատության նախարարի սահմանած ձևով և կարգով:

Իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ հայտարարության ձևի ներկայացման պահանջը 2012 թվականին սահմանվել է նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի  (այսուհետ սույն ենթավերնագրում՝ Օրենք) 66-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նշված կարգավորումները նախատեսվել են՝ հիմք ընդունելով Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) հանձնարարականների պահանջները: ՖԱԹՖ-ի 24-րդ հանձնարարականով երկրներից պահանջվում է ապահովել իրավաբանական անձանց իրական շահառուների և իրավաբանական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց վերաբերյալ համարժեք, ստույգ և արդիական տեղեկությունների առկայությունը, որոնք կարող են ժամանակին ձեռք բերվել իրավասու մարմինների կողմից կամ հասանելի դարձվել նրանց համար:

ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության ներքո գործող իրական շահառուների բացահայտման համակարգը նախատեսում է հայտարարության ներկայացման պարտականություն իրավաբանական անձի պետական գրանցման, կանոնադրական կապիտալի կամ մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում։[1]

Իրական շահառուների հայտարարագրման ինստիտուտի պահպանմանը զուգահեռ 03.06.2021թ.-ին ընդունվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-246-Ն օրենքը, որն ուղղված է իրական շահառուների թափանցիկության ապահովման անհրաժեշտ կառուցակարգերի և բաց ռեգիստրի ներդրմանը:

Վերոնշյալ օրենքով նախատեսվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սկզբնական շրջանակում նախատեսել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար, մասնավորապես նրանց համար նշված պարտականությունները ծագել են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից։

Մնացած իրավաբանական անձանց համար նշված պարտականությունը ծագել է 2022թ. հունվարի 1-ից, իսկ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար հայտարարագիր ներկայացնելու պարտականությունները ծագել են 2023 թվականի հունվարի 1-ից:

Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ՝ Գործակալություն)  գրանցման ենթակա բոլոր տեսակի իրավաբանական անձինք՝ անկախ իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևից և գործունեության ոլորտից:

Ընդ որում, գործող օրենսդրությամբ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը հանգեցնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառման:

Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը ծագել է բոլոր իրավաբանական անձանց մոտ, այդ թվում և ոչ առևտրաին կազմակերպությունների, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու հիմքով հարուցվող վարչական վարույթներն առնվազն կրկնապատկվել են:

Հարկ է նշել, որ մինչև 2022 թվականի մարտի 1-ը նշված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացրել են ընդամենը 933 իրավաբանական անձինք: Մինչդեռ, հայտարարագիր չներկայացրած հազարավոր ընկերություններից Գործակալությունը, իր մարդկային բոլոր ռեսուրսների մոբիլիզացիայի արդյունքում միայն 1118-ի նկատմամբ է կարողացել կայացնել որոշումներ վարչական վարույթներ հարուցելու,  կասեցնելու  (հասցեատերերին ի հայտ բերելու հիմքով) և կարճելու մասին,  իսկ 115-ի նկատմամբ  կիրառվել է նախազգուշացում, մյուսները կարճվել են օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով:

Իրական շահառուների բացահայտման կառուցակարգերով նախատեսվում է, որ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, Պետական ռեգիստր է ներկայացնում իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր, իսկ գրանցված տեղեկությունների փոփոխության դեպքում 40 օրվա ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է պետական ռեգիստր ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվել իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու համար:

Գործակալության կողմից ընդունված բոլոր որոշումները՝ կից ծանուցագրերով, ուղարկվել են հասցեատերերին, որոնց մի մասը հետ է վերադարձվել Գործակալություն՝ հասցեատերերին չհայտնաբերելու պատճառով: Այս հսկայածավալ աշխատանքների կատարման համար ծախսվել են մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ:

Նշված պրակտիկ խոչընդոտների վերացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված կլինեն իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու հետ կապված վարչական վարույթների առանձնահատկությունների ապահովմանը, այս վարույթների պարզեցմանը և էլեկտրոնային եղանակով իրականացնելուն՝ հնարավորինս բացառելով մարդկային գործոնի ներգրավումը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարելու դեպքում պատասխանատվության միջոց կիրառելու համար հարուցվող վարչական վարույթները պահանջում են թե´ ֆինանսական, թե´ մարդկային մեծ գործոն, դրանք տևում են բավականին երկար և հաճախ լինում են ոչ արդյունավետ, անհարաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարելու միոցով նպաստել նշված ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշակի քանակով իրավաբանական անձինք գործնականում գործունեություն չեն իրականացնում և իրականացված վարչական վարույթների պրակտիկան ցույց է տալիս, որ նշված կազմակերպություններին հայտնաբերելը, վարույթի արդյունքում օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոց կիրառելը, ինչպես նաև վարույթի արդյունքում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություն ստանալը գործնականում անհնար է: Մինչդեռ կարծում ենք պետության նպատակը հիմնականում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերումն է։ Քանի որ գործնականում Գործակալություն առավելապես դիմում են գործունեություն իրականացնող կազմակերպությունները գործարքներ կատարելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել լրացուցիչ պատասխանատվության միջոցներ՝ իրավաբանական անձի համար իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ ներկայացնելու համար։

Հարկ է նկատել նաև, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը (էլեկտրոնային եղանակով) ներկայացնելու գործընթացն ապահովող ծրագիրը սպասարկող (VXsoft) ընկերության հետ՝ վարույթների հարուցման գործընթացը էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ։

բ) Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պետական հաշվառման համար Գործակալություն[2] է ներկայացնում՝ դիմում, անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է), պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ, լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորագիրը, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձի անձնագրի պատճենը: Անհատ ձեռնարկատեր հաշվառելու նման կարգավորումը  օտարերկրյա ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերոջ հաշվառման պարագայում առաջացնում է որոշակի կարգավորումներ պահանջող իրավիճակ: Մասնավորապես՝  պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատեր հաշվառվող օտարերկրյա ֆիզիկական անձը ներկայացնում է անձնագիրը և Գործակալության աշխատակիցը անձնագրային տվյալները փաստացի (իր պատկերացմամբ) տառադարձման ձևով ուղղակի թարգմանում է։ Անձը, հետագայում, այլ մարմիններում գործարքներ կատարելիս, որտեղ պահանջվում է ներկայացնել անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված, ունենում է խնդիրներ, մասնավորապես՝ հաճախ այդ վավերացված թարգմանությունը չի համապատասխանում Գործակալության կողմից տրված պետական գրանցամատյանից քաղվածքում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ գրառվող տեղեկություններին, որը կատարել էր Գործակալության աշխատակիցը իր պատկերացմամբ, տառադարձման ձևով:

Նման պայմաններում անհատ ձեռնարկատեր գրանցված օտարերկրյա ֆիզիկական անձը ստիպված է լինում կրկին դիմել Գործակալություն՝ խնդիրը կարգավորելու և տվյալների փոփոխություն կատարելու համար:

գ) Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված: Միևնույն ժամանակ, Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, ներկայացնում է հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը: Այսպիսով ստացվում է, որ հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձի համար հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշում ներկայացնելու պահանջ նախատեսված չէ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան: Նշված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ ցանկացած իրավաբանական անձ իր կամքը պետք է արտահայտի իր կառավարման լիազորված մարմնի որոշմամբ։

Հետևաբար, Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, այն մասով, որ չի նախատեսում հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ, հակասում է ինչպես Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին:

դ)  Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված են իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերը, որոնց թվին է պատկանում նաև, մասնավորապես, դատարանի՝ իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող որոշման կամ վճռի առկայությունը: Այսպիսով նշված կարգավորումը իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմք է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա է դատարանի՝ իրավաբանական անձի փոփոխությունները արգելող կամ սահմանափակող համապատասխան որոշումը կամ վճիռը: Ներկայումս գրանցման սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող այլ իրավասու մարմինների՝ մասնավորապես, հարկադիր կատարումն ապահովող մարմինների, նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմինների, որոշումների հիմքով հնարավոր չի լինում մերժել իրավաբանական անձի փոփոխությունների գրանցումը, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող կարգավորումը:

ե) Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ իրավաբանական անձի գրանցման ժամանակ հաճախ որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցե՝ կարող է նշվել ցանկացած հասցե, որի համապատասխանությունը Գործակալությունը չի կարող ստուգել, ինչի արդյունքում մի շարք անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց գտնվելու վայրի հասցեի համար հնարավոր է նշել այդ անձանց հետ կապ չունեցող հասցեներ, ինչն էլ իր հերթին խնդիրներ է ստեղծում համապատասխան տարածքների սեփականատերերի համար, քանի որ Գործակալության և այլ պետական և ՏԻՄ մարմինների կողմից ծանուցումները և հետադարձ կապը ապահովվում է գրանցման ժամանակ նշված հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեով:

զ) Անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Օրենքի 61-րդ հոդվածը, որով նախատեսված է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները թղթային կրիչով դիմումը ստանալու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու վերաբերյալ դրույթ: Միաժամանակ փոփոխություն է կատարվել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ վճարովի դարձնելով նաև տեղեկատվական համակարգի միջոցով անվճար հասանելի տեղեկատվության թղթային կրիչով տրամադրումը․ արդյունքում կաճեն նշված տեղեկատվության տրամադրման ծառայությունից առցանց օգտվելու ծավալները, որը համահունչ է հանրային ծառայությունների բարեփոխումների տրամաբանությանը։

է) Անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները։ Մասնավորապես, Օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասում նշված է, որ փաստաթղթերը նախատեսված են նույն հոդվածի 1-ին մասում, այնինչ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումից հանելու (գործունեության դադարման) համար անհրաժեշտ փաստաթղթերը նախատեսված են հոդվածի 1-ին մասում: Բացի այդ, նույն հոդվածի 5-րդ մասում կիրառվում է Օտարերկրյա իրավաբանական անձի հաշվառումից հանումը ձևակերպումը, սակայն հոդվածի վերնագիրը վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումից հանենլուն։

թ) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքի 33-րդ հոդվածը կարգավորում է ընկերության մասնակիցների լրացուցիչ ավանդների և ընկերություն ընդունվող երրորդ անձանց ավանդների հաշվին կանոնադրական կապիտալի ավելացման հարաբերությունները: Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ սահմանվում է, որ ընկերության մասնակիցների կողմից լրացուցիչ ավանդների ներդրման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալը ավելացնելու վերաբերյալ փաստաթղթերի հետ միաժամանակ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացվեն նաև լրացուցիչ ավանդների ներդրումը հաստատող փաստաթղթերը: Որպես ներդրումը հաստատող փաստաթղթեր Գործակալության կողմից պրակտիկայում պահանջվում են կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ որոշումը, ներդրման պայմանագիրը, գույքի հանձնման-ընդունման ակտը, ընկերության անունով տրված սեփականության իրավունքի վկայականի պատճենը (ցանկը սպառիչ չէ), սակայն օրենքում նշված փաստաթղթերի հստակ ամրագրման բացակայությունը երբեմն վեճերի պատճառ է հանդիսանում:

Խնդիրներ են առաջանում նաև նույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների կիրառման պարագայում: Մասնավորապես, նշված մասի 2-րդ պարբերությամբ սահմանված՝ ընկերության մասնակցի դիմումի հիման վրա ընդհանուր ժողովի որոշումը՝  ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ՝ այդ մասնակցի կողմից լրացուցիչ ավանդ ներդնելու միջոցով, ներկայացվում է թերի կամ միայն ընկերության կանոնադրության մեջ  փոփոխությաններ կատարելու մասին օրակարգով: Որոշման մեջ չի ներառվում տեղեկություն ընկերության մասնակցի դիմումի հիման վրա ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման մասին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրանցում իրականացնող մասնագետի՝ որոշման մեջ նշված տեղեկությունը ներառելու վերաբերյալ պահանջը սահմանված չէ օրենքով:

Բացի այդ, ընկերության մասնակցի դիմումի հիման վրա ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում գործող իրավակարգավորումներով սահմանված չեն այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել գրանցող մարմին, ինչը մեծ բարդություններ է առաջացնում ինչպես պետական գրանցման, այնպես էլ պետական գրանցումը մերժելու դեպքերում:

ժ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, «Սնանկության մասին» օրենքում, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենսդրությամբ սահմանված պահանջների միատեսակ կիրառման հանգամանքով, հաշվի առնելով, որ ներկայումս նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությամբ սահմանված են միմյանցից տարբերվող կարգավորումներ: Մասնավորապես՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար լուծարման գործընթացում գտնվելու, կանոնադրական կապիտալի նվազեցման  պետական գրանցման դեպքերում համապատասխան հայտարարությունները հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, սակայն վերը նշված օրենքներում նույնանման կարգավորումների դեպքում կիրառվում է «մամուլ» ձևակերպումը, ինչը իր հերթին ներառում է նաև թղթային մամուլը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

2.1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ սույն ենթավերնագրում նաև` Օրենքի նախագիծ) օրենքի նախագիծ.

Առաջարկվում է.

_ Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես,  նախատեսվում է վարչական վարույթը իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանձնացնել վարչական վարույթի 2 տեսակներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներ, սահմանել յուրաքանչյուրի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական վարույթի և ակտի ընդունման ու ձևի վերաբերյալ: Նպատակ ունենալով նաև հնարավորինս կրճատել այն կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ հարուցվում են վարչական վարույթներ՝ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով, նախատեսվել է գրանցման ենթակա փոփոխությունների կատարման դիմումի մերժման նոր՝ սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու հիմք,

_ Օրենքի նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ եթե անհատ ձեռնարկատեր է հաշվառվում օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

_ Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ՝ համապատասխանեցնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին և ապահովելով նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորությունը։

_ Օրենքով նախատեսված իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերի շարքում իրավաբանական անձի փոփոխության գրանցումը արգելող կամ սահմանափակող ակտերի շրջանակը ընդլայնել՝ մասնավորապես ներառելով գրանցման սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող այլ իրավասու մարմինների՝ հարկադիր կատարումն ապահովող մարմիններ, նախաքննություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններ՝ որոշումները՝ գրանցումը արգելելու կամ սահմանափակելու վերաբերյալ:

_ Օրենքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն օրենքով նախատեսված դեպքերում լրացնել հիմնավորող փաստաթղթի ներկայացման պահանջով:

     -Օրենքի նախագծում նախատեսել դրույթ այն մասին, որ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները թղթային կրիչով Գործակալության կողմից տրամադրվում են դիմումը ստանալու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ սահմանված չափով պետական տուրք վճարելու պայմանով։

_ վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները:

2.2. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ.

Առաջարկվում է օրենքում հստակ ամրագրել ներդրումը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև սահմանել ինչպես ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը, այնպես էլ ներկայացվող տեղեկությունը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2.3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր.

Առաջարկվում է վերոնշյալ օրենքներում փոփոխությունների միջոցով նույնաբովանդակ ձևակերպումների համար օրենսդրությամբ սահմանել միատեսակ կիրառություն, մասնավորապես՝ մամուլ անորոշ և ընդգրկուն ձևակերպումը փոխարինել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք ձևակերպումով:

2.4. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ.

«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետում առաջարկվում է կատարել լրացում, որով մեկ սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների բացակայության վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով ևս տրամադրելու դեպքում կգանձվի պետական տուրք բազային տուրքի եռապատիկի չափով, քանի որ Գործակալության համապատասխան բաժնի աշխատակցի կողմից գրանցամատյանում տեղեկատվության որոնման և տրամադրման գործընթացը ներառում է նույնատիպ աշխատատար և ժամանակատ աշխատանք, ինչպես տեղեկատվության  առկայության դեպքում տրամադրվող տեղեկանքի դեպքում, ինչպես նաև տեղեկատվության բացակայությունը նույնպես տեղեկատվության տրամադրում է, որը իր մեջ ներառում է նաև պետության կողմից կատարվող նյութական ծախսեր։

 

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունման արդյունքում.

_ ակնկալվում է բարձրացնել օրենսդրությամբ սահմանված կարգով իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց կողմից նշված հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը չկատարելու դեպքում Գործակալության կողմից օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունավետությունը։

_ e-register.am կայքում կտեղադրվի որոնման համակարգ, որը հնարավորություն կտա տեսնել հայտարարագիր ներկայացրած, կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած, կամ չներկայացրած իրավաբանական անձանց ցանկերը՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով հետագայում նոր ծրագրային լուծումներով վարչական վարույթների ամբողջ գործընթացը հնարավորին չափով էլեկտրոնային դարձնելու համար։

_ պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վավերացված և հայերեն թարգմանված պատճենը ներկայացնելու պահանջով այլևս Գործակալության և այլ մարմիների կողմից անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ գրառվող տեղեկությունների հակասություններ չեն առաջանա, Գործակալության աշխատակիցները ստիպված չեն լինի գրառումները կատարել իրենց պատկերացմամբ, տառադարձման ձևով և անհրաժեշտություն չի առաջանա նույն գործողությունը մեկից ավելի անգամ իրականացնելու համար:

_ իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմք կընդունվեն նաև իրավաբանական անձի գրանցումը արգելող կամ սահմանափակող հարկադիր կատարումն ապահովող մարմինների, նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող այլ պետական մարմինների իրավական ակտերը:

_ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև համապատասխան հասցեի գրառումը հիմնավորող փաստաթուղթ:

_ անձանց համար որոշակի կլինեն որպես ներդրումը հաստատող փաստաթղթերի ցանկը, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը, ներկայացվող տեղեկությունը, անհրաժեշտ փաստաթղթերը և նշված գործընթացների իրականացման ընթացքում խնդիրներ չեն առաջանա:

_ կվերացվեն փոփոխվող օրենքներում առկա ներքին հակասությունները և վրիպակները, այդ թվում համապատասխանեցնելով այլ օրենքներով նախատեսված համանման կարգավորումներին, կստեղծվի նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորություն:

 

  1. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման՝ Գործակալության էլեկտրոնային համակարգերի զարգացման և ներդրման վերաբերյալ, ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ.-ի հուլիսի 21-ի թիվ 11133-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ.-ի ռազմավարությունից։

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ.-ի ռազմավարության «Ռազմավարական նպատակները և ուղղությունները» բաժնում նշված է հետևյալը.

«3. Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը հնարավորություն է տալիս կատարել իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական գրանցում/հաշվառում, փոփոխությունների պետական գրանցում/հաշվառում, լուծարման պետական գրանցում և հաշվառումից հանում: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բազայում պահվում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին: Համակարգի ծրագրային ապահովումը ստեղծվել է 2011 թվականին և դրանից հետո չի թարմացվել: Համակարգն ուղղված է «մեկ պատուհան» սկզբունքի իրագործմանը, սակայն համակարգի միջոցով ներկայումս հնարավոր չէ իրականացնել մի շարք գործառույթներ, որոնք արդյունավետ են ժամանակի խնայողության, վարչարարության նվազեցման, գործարար միջավայրի և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղություններում, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետական գրանցման և պետական հաշվառման մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով, սակայն համակարգի տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս ապահովել համապատասխան փաստաթղթերի ուղարկումն անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին՝ ինքնաշխատ եղանակով»:

 

 

[1] Պետական գրանցման մասին օրենք, Հոդված 66(3).

[2] Իրավաբանական անձանց պետական գրանցում, պետական մարմինների, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին:

  • Քննարկվել է

    22.05.2023 - 07.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4385

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.05.2023

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծի հոդված 12-ում (Օրենքի 60․1 հոդված) «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,» բառակապակցությունից հետո ավելացնել «արհեստակցական միությունների,» բառերը։ ——————————————————————————————————————————— ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Արհեստակցական միությունները գործում են համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի։ Արհեստակցական միությունը (հետագայում՝ արհմիություն) մասնակցային, ժողովրդավար կառույց է, այն հիմնադրվում է ժողովի կողմից, որը նաև արհեստակցական միության բարձրագույն մարմինն է։ Արհմիության ժողովը որոշակի պարբերականությամբ, ժողովրդավար ընտրությունների միջոցով ընտրում է արհմիության ղեկավար մարմնին, որը կոլեգիալ մարմին է։ Ղեկավար մարմնի անդամներից մեկը սովորաբար նույն ժողովի կողմից ընտրվում է որպես արհմիության նախագահ։ Այսպիսով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետի երեք ենթակետերից ոչ մեկն իրականում չի բնութագրում արհմիությունների ղեկավար մարմինը։ Գործնականում, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելիս արհմիությունները ստիպված են ներկայացնել վերոնշյալ հոդված 3-ի 14-րդ կետի գ) ենթակետի իմաստով իրական շահառուի տվյալները և որպես այդպիսին՝ լրացնել արհմիության նախագահի տվյալները։ Սակայն արհմիության նախագահի տվյալներն արդեն իսկ գրանցվում են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում արհմիության հիմնադրման ժամանակ, ինչպես որ պահանջում է օրենսդրությունը։ Ամեն անգամ, երբ արհմիության նախագահն ընտրությունների արդյունքում փոխվում է կամ նախագահի անձնական տվյալները փոխվում են, այդ փոփոխությունները նույնպես գրանցվում են պետական ռեգիստրում, այլապես արհմիությունը լիարժեք գործունեություն չի կարող ծավալել պետական ռեգիստրի քաղվածքում տվյալների անհամապատասխանության պատճառով։ Փաստորեն, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելիս, արհմիությունը փաստացի պետական ռեգիստրի գործակալությանը հայտնում է տվյալներ, որոնք արդեն իսկ գրանցված են պետական ռեգիստրում՝ ստեղծելով անհարկի բյուրոկրատիկ բեռ թե՛ պետական ռեգիստրի գործակալության, և թե՛ արհմիությունների համար։ Բացի վերոնշվածից, ելնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետով Իրական շահառուի սահմանումից, արհմիությունները, որպես այդպիսին, իրական շահառու չունեն, քանի որ արհմիությունը, լինելով կոլեգիալ ղեկավարվող անդամակցային կառույց չի գործում արհմիության նախագահի անունից կամ արհմիության նախագահի օգտին։ Այս իմաստով արհմիության շահառու են հանդիսանում արհմիության բոլոր անդամները, իսկ որոշ դեպքերում նաև անդամ չհանդիսացող աշխատողները, քանի որ կոլեկտիվ պայմանագրի գործողությունը կարող է տարածվել նաև այլ աշխատողների վրա։ Բյուրոկրատիկ բեռից զատ, արհմիությունների համար իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորությունը հանգեցնում է նաև ֆինանսական բեռի և հավելյալ բարդություն է ստեղծում արհմիությունների պետական գրանցման գործընթացում, ինչը չի բխում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այսպես, արհմիության նախագահի, նախագահի անձնական տվյալների, արհմիության անվանման, հասցեի փոփոխությունների դեպքում այդ փոփոխությունները պետք է գրանցվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, և այդ գրանցումը կատարելու համար արհմիությունը պետք է վճարի 10 000 դրամ (նախագահի անձնագրային տվյալների փոփոխության գրանցման դեպքում՝ 5000 դրամ)։ Օրենսդրական ներկա կարգավորումներով ստացվում է, որ այդպիսի փոփոխություն գրանցելու դեպքում, մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը արհմիությունը պետք է ներկայացնի նաև իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիր՝ կրկին վճարելով 10 000 դրամ, ընդ որում տրամադրելու համար այն նույն տվյալները, որն արդեն տրամադրել է համապատասխան փոփոխության գրանցումն իրականացնելուց։ Փաստացի նշանակում է, որ արհմիության և/կամ արհմիության ղեկավարի հետ կապված տվյալների փոփոխությունների գրանցման համար արհմիությունը պետք է ծախսի առնվազն 20 000 դրամ և պետական ռեգիստրին կրկնակի անգամ ներկայացնի նույն տվյալը։ Մինչդեռ արհմիությունները երեք և ավելի աշխատողներից կազմված շահույթ չհետապնդող միավորումներ են, որոնց գույքը գոյանում է անդամների վճարած անդամավճարից։ Օրինակ՝ երեք աշխատողների միավորման արդյունքում ստեղծված արհմիության դեպքում 75 000 մինիմալ աշխատավարձի պայմաններում արհմիության յուրաքանչյուր անդամից մոտ 3500 դրամի ներդրում կպահանջվի արհմիության հիմնադրումը գրանցելու համար, և 6600 դրամի ներդրում՝ արհմիության տվյալների փոփոխության պետական գրանցում իրականացնելու համար։ Ինչը մեծապես խոչընդոտում է միավորման ազատության իրավունքի լիարժեք իրացումը։ Այսպես, ՀՀ կողմից 2006 թվականին վավերացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 հիմնարար կոնվենցիան։ Համաձայն, ԱՄԿ Միավորման կոմիտեի, որը լիազորված է մեկնաբանել Կոնվենցիայի դրույթները և Կոնվենցիային համապատասխանության մասին որոշումներ ընդունել, արհմիությունների պետական գրանցման գործընթացը պետք է ձևական բնույթ կրի, ինչպես նաև գործընթացը չպետք է լինի ֆինանսապես ծախսատար և ժամանակատար, քանի որ այդ դեպքում սահմանափակվում է միավորման ազատությունը լիարժեք իրացնելու իրավունքը (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, bit.ly/e-compilation, կետեր՝ 427, 430, 448, 463, 464 )։ Բացի ֆինանսական ծախսից, արհմիության հիմնադրման կամ տվյալների փոփոխության պետական գրանցումների հետ մեկտեղ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը bo.e-register.am համակարգով ներկայացնելը արհմիություններից պահանջում է նաև տեխնիկական ռեսուրսներ, ինչպիսիք են ակտիվացված էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացման քարտի, քարտը կարդացող սարքը, համակարգչի, համակարգչային ծրագրերի փաթեթի առկայությունը, համակարգչային և իրավաբանական գիտելիքները, ինչը լրացուցիչ բարդացնում է գործընթացը և սահմանափակում է միավորման ազատության իրավունքը։ Հարկ է նշել նաև, որ արհմիությունների համար իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջը և այդ հայտարարագիրը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հասանելի դարձնելը նպատակահարմար չէ նաև արհմիության իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների համաձայն՝ պետական գերատեսչությունների կողմից արհմիության անդամների, այդ թվում արհմիության հիմնադիրների անձնական տվյալների տրամադրման պահանջը հակասում է թիվ 87 Կոնվենցիային։ Այդպիսի տվյալները պետք է գաղտնի պահվեն՝ արհմիությունների հանդեպ խտրականությունից խուսափելու համար (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, կետեր՝ 433, 434)։ Նմանապես, համաձայն «Անձնական տվյալների մասին պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, արհեստակցական միությանն անդամակցությունը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է։ Միջազգային փորձը․ Միջազգային փորձում առկա է արհմիությունների, ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համար իրական շահառուների հայտարարագրման պահանջի բացառություն, կամ յուրահատկություն։ Այսպես, Լատվիայի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենսդրության համաձայն՝ ասոցիացիաների, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների դեպքում առկա է հնարավորություն չհայտարարագրել իրական շահառուին, այն հիմնավորմամբ, որ նրան հստակ նույնականացնել հնարավոր չէ, քանի որ այդ իրավաբանական անձինք անդամակցային են և նրանց գործունեությունն ուղղված է հօգուտ իրենց բոլոր անդամների կամ համընդհանուր բարիքի ստեղծմանը (https://www.ur.gov.lv/en/explanation-of-beneficial-owners/associations-trade-unions-political-parties/ ): Ուկրաինայի «Հանցագործության արդյունքում ձեռք բերված եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման և հակազդեցության մասին» օրենքով իրավաբանական անձանց համար սահմանված է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պահանջ, սակայն նշվում է, որ այդ պահանջը չի վերաբերվում քաղաքական կուսակցություններին, արհմիություններին, արհմիությունների միավորումներին, գործատուների միություններին, ասոցիացիաներին, համատիրություններին, պետական և համայնքային կառավարման մարմիններին, փաստաբանական պալատներին և մի շարք այլ կազմակերպություններին (https://zakon.rada.gov.ua/laws/show/361-20#Text)։ Ավստրիայի օրենսդրական կարգավորումներում նշվում է, որ իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը չի տարածվում ասոցիացիաների և կոոպերատիվների վրա։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել նաև, որ պետությունների մեծ մասում արհեստակցական կազմակերպություններն ընդհանրապես իրավաբանական անձ չեն համարվում, քանի որ ԱՄԿ Միավորման ազատության հիմնարար սկզբունքից ելնելով, արհեստակցական կազմակերպությունների համար պետական գրանցման պարտավորություն ընդհանրապես սահմանված չէ կամ սահմանված է միայն ազգային և ճյուղային մակարդակի արհմիությունների և արհմիությունների ֆեդերացիաների համար։ Ուստի, արհեստակցական կազմակերպությունների/միությունների համար հայտարարագրերի պարտավորությունը բացակայում է, նույնիսկ առանց դրա մասին օրենքում հատուկ հիշատակման։ Առհասարակ, տարբեր պետությունների օրենադրական կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրական շահառուների սահմանումն ավելի ընդարձակ է և բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված երեք կետերից ներառում է նաև առանձնահատկություններ՝ կախված իրավաբանական անձանց տեսակից։ Եվրոպայի Խորհրդի «հասարակական կազմակերպությունների օրենքների փորձագետների խորհրդի» կողմից հրապարակված «Հասարակական կազմակերպությունները և փողերի լվացման դեմ օրենսդրական կարգավորումների ներդրումը» փորձագիտական կարծիքում (Non-governmental organisations and the implementation of measures against money laundering and terrorist financing, Expert Council on NGO Law Conf/Exp(2022), Council of Europe) նշվում է, որ «համաձայն ՀՀ օրենսդրության, իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է, սակայն հստակեցված չէ թե ինչ առնչություն դա ունի հասարակական կազմակերպությունների հետ»։

Արա Սաղումյան

24.05.2023

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում 1. Առաջարկում եմ իրավաբանական անձի գտնվելու վայրի սեփականատիրոջ համաձայնությունը նոտարի կողմից վավերացնելու պահանջը չտարածել այն դեպքերի վրա, երբ գտնվելու վայրի սեփականատերն իրավաբանական անձ է: 2. Ի տարբերություն անհատ ձեռնարկատիրոջ և իրավաբանական անձի՝ Օրենքի նախագծում առկա չեն իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի գտնվելու վայրի հասցեի վերաբերյալ նույնաբովանդակ կարգավորումներ: Առաջարկում եմ Օրենքի 12-րդ գլխում ևս կատարել համապատասխան լրացումներ: 3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում (Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետ) առաջարկվող նոր պարբերության մեջ «մասնակցի» բառից հետո ավելացնել «իսկ սույն օրենքով սահմանված դեպքում՝ երրորդ անձի» բառերը:

Տեսնել ավելին