Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1179-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1179-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ ելնելով Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող կարգավորումը նպատակ ունի Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց զբաղվածության համար ևս սահմանել հավասար հնարավորություններ, ինչ նախատեսված է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց համար։
Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս Զբաղվածության ռազմավարության նախագծի մշակման շրջանակներում իրականացված աշխատաշուկայի վերլուծության արդյունքները, 2021 թվականին 15-25 տարեկան չսովորող և չաշխատող տղամարդկանց տեսակարար կշիռը նույն խմբի տղամարդկանց թվաքանակում եղել է ամենաբարձրը՝ 53.6 % կամ 28.0 հազ. մարդ։ Նշված տարիքային միջակայքը համընկնում է բանակից վերադարձի և բարձրագույն կրթություն ստանալուց հետո՝ աշխատաշուկա մուտք գործելու ժամանակահատվածի հետ։ Նախագծով նախատեսվում է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ նշված անձանց մուտքն աշխատաշուկա դյուրացնելու համար, մասնավորապես՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանցով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի «1088. Զբաղվածության ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների շրջանակում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդնել նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը։ Նույն բաժնում նախատեսված է նաև, որ Կառավարությունը շարունակելու է զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների տրամադրումը: Կմշակվեն և շարունակաբար կբարելավվեն զինվորական ծառայության ընթացքում և հատկապես ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը։ Նախագիծը բխում է վերոնշյալ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից։
-
Քննարկվել է
18.05.2023 - 05.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2236
Տպել