Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     2005 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21-րդ հոդվածի համաձայն՝ անտառային տնտեսություն վարող անձինք և անտառօգտագործողները իրավունք ունեն անտառները պահպանելու ինքնակամ զավթումներից, ապօրինի հատումներից, ապօրինի արածեցումներից, աղտոտումներից, աղբոտումներից և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների պարտականություններն են ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների պահանջների կատարումը, կանխել բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողություն։

         Ներկայումս անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը: Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։

      Ներկայիս Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: Միևնույն ժամանակ, անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Մինչդեռ, անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել օրենսդրական կարգավորումները և ապահովել միասնական մոտեցում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցում։

Վերլուծության արդյունքներով նպատակահարմար է համարվել, որ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողություն հնարավոր չէ ներկայիս պահպանություն իրականացնող աշխատակիցների սակավ թվակազմով, քանի որ ծառայողների խնդիրը ոչ միայն oրենuդրությամբ սահմանված իրավասության սահմաններում անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման, այլև կանխման, կանխարգելման ապահովումն է, որը հնարավոր է միայն շուրջօրյա հերթապահության պարագայում։

Ուստի, նախատեսվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով՝ 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

     

«Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, որով պայմանավորված շրջանառության մեջ է դրվել «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագիծը, որպես պետական ծառայության առանձին տեսակ։

         Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել օրենքով և հարակից  օրենքներում նախատեսել համապատասխան կարգավորումներ։

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով՝

  • տարանջատվել է անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները՝ Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը վերապահելով բացառապես անտառների պահպանության գործառույթը, քանի որ վերջինիս հիմնական գործառույթը պետք է լինի անտառների և անտառային հողերի պահպանությունը՝ հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, իսկ պաշտպանության գործառույթը իրականացնում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
  • Օրենսգրքի գործող կարգավորմամբ անտառային ծառայության պաշտոնատար անձինք օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմում են արձանագրություններ անտառային օրենսդրության խախտումների մասին, սահմանված կարգով վարում անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործեր, մասնակցում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը: Քանի որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն է ըստ գործող կարգավորումների հանդիսանում բնապահպանական, այդ թվում՝ անտառների, ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննող և վարչական տույժեր նշանակող իրավասու մարմին, ապա օրենքի նախագծով շրջակա միջավայրի պահպանության ծառայողին իրավունք է վերապահվել միայն շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու և մասնակցելու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
  • ամրագրվել են շրջակա միջավայրի պահպանության ծառայողների ծառայության պայմանները, կարգը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու, սոցիալական երաշխիքները, ծառայության իրականացման հետ կապված այլ կարգավորումներ։
  • ամրագրվել են ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգը, պայմանները և սահմանները, ինչպես նաև հատուկ միջոցների տեսակները:

       Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։ Ընդ որում, շրջակա միջավայրի պահպանության ծառայողների դրույքաչափերը, որպես պետական ծառայության առանձին տեսակ, կարգավորվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 9 հավելվածով։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

             Նախագծերը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի շրջակա միջավայրի պահպանության ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

    «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ Ծառայողներին 16 % տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում Ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 365 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), իսկ Ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար (հաշվարկը կցվում է), որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը Ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով: Հավելեմ, որ Ծառայության ստեղծմամբ ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է տնտեսել 1 մլրդ 403 մլն  դրամ («Հայանտառ» ՊՈԱԿ - 506 հաստիք՝ 823 մլն 932 հազ. և ԲՀՊՏ- 345 հաստիք՝ 578 մլն 418 հազ.): Տեղեկացվում է նաև, որ ԲՀՊՏ-ների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից նաև ստանում են ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազ դրամ:

 

  1. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

       Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածով անտառների պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացման, անտառային օրենսդրության խախտումների կանխարգելման և նվազեցման նպատակով նախատեսվում է ստեղծել շուրջօրյա հսկողություն իրականացնող Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։

  • Քննարկվել է

    15.05.2023 - 05.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4681

Տպել