Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է, քանի որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի № 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ՝ Որոշումը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները, ինչպես նաև ավելացնել ռազմական սպորտի միջոցառումները և կատարել որոշ  խմբագրումներ:

Գումարների ավելացումը պայմանավորված է սպորտի ոլորտում 2022 թվականին ունեցած վերելքով: 2021 թվականին Օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 199 մեդալ: 2020 թվականին Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների գերակշիռ մասը չի անցկացվել: 2019 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 222 մեդալ: 2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները նվաճել են 307 մեդալ, այդ թվում՝ 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալներ:

2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1505-Ն որոշմամբ փոփոխություն էր կատարվել Որոշման մեջ և ավելացվել էին օլիմպիական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները: 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1982-Ն որոշմամբ փոփոխություն էր կատարվել Որոշման մեջ և կրկնապատկվել էին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների ու մրցանակակիրների, նրանց մարզիչների  տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները, չէին ավելացվել միայն բժիշկների պարգևատրման գումարները, ավելացվել էին եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների, նրանց մարզիչների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները:

Սույն նախագծով  կրկնապատկվում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի երիտասարդական առաջնության և համաշխարհային ունիվերսիադայի, Եվրոպայի երիտասարդական առաջնության, օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերի աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության, աշխարհի երիտասարդական առաջնության, Եվրոպայի երիտասարդական առաջնության, հաշմանդամային սպորտի պարալիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի առաջնություն և սուրդլիմպիկ խաղեր, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի աշխարհի երիտասարդական առաջնություն, հաշմանդամություն ունեցող անձանց և խուլերի Եվրոպայի  երիտասարդական առաջնություն բաժինների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները:

Նախագծով տարեվերջյան միանվագ պարգևատրման են ներկայացվում նաև Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում  1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները, որոնք գործող Որոշման մեջ բացակայում են: Ռազմական սպորտի սույն միջոցառումների ներառումը պարգևատրման ցուցակում բխում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ6-րդ» ենթակետից, որտեղ ռազմական սպորտի սույն միջոցառումները ներառվել են ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի ընդունմամբ: Ռազմական սպորտի միջոցառումների մասով ֆինանսական գնահատականը վերցվել է ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի ՀՕ-25-Ն օրենքի նախագծի շրջանառման ժամանակ իրականացված հաշվարկներից, սույն Նախագծի ընդունմամբ 2023 թվականին ռազմական սպորտի մասով կպահանջվի լրացուցիչ 34 584 000 (երեսուն չորս միլիոն հինգ հարյուր ութսունչորս հազար) ՀՀ դրամ:

Գործող Որոշմամբ տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարները շնորհվում են Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշմամբ: Սակայն միջազգային առաջնությունները ընթանում են ընդհուպ մինչև դեկտեմբերի կեսերը, պարգևատրման ցուցակը կազմվում է դեկտեմբերի վերջին, և մեծ դժվարությունների հետ է կապված հասցնել մշակել և շրջանառել Հայաստանի Հանրապետության Վարչապետի որոշում: Այդ իսկ պատճառով Նախագծով առաջարկվում է տարեվերջյան միանվագ պարգևատրուման գումարները շնորհել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ նոր խմբագրությամբ ընդունվող տարբերակի 2-րդ կետ և Հավելված N 2-ի 2-րդ կետ:

Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել կետ այն մասին, որ առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, որոնք տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներ են, դրամական մրցանակներ կարող են տրամադրվել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին՝ ծնողներին, որդեգրողներին կամ հոգաբարձուին՝ Նախագծի Հավելված N 2-ի 3.1-ին կետ:

Նախագծով կատարվել է փոփոխություն Հավելված N 2-ի 1-ին կետում և հանվել է «շնորհման» բառից հետո գրված «կարգ» բառը:

Նախագծով կատարվել է փոփոխություն Հավելված N 2-ի 4-րդ  կետում, գործող Որոշման համաձայն կարող են խրախուսվել խրախուսման այլ ձևերով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները, Նախագծով Հավելված N 2-ի 4-րդ  կետի փոփոխությունից հետո խրախուսման այլ ձևերով պարգևատրվելու հնարավորություն ավելացվել է  նաև մարզիչների համար:

Նախագծով փոփոխության է ենթարկվել «հաշմանդամ» եզրույթը, դրա փոխարեն կիրառվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը:

Որոշման համաձայն բարձր արդյունքների համար տարեվերջյան միանվագ պարգևատրում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով:            Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «12001. Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» միջոցառման համար նախատեսված է 150 000 000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ: Նախագծի ընդունումը կհանգեցնի 2023 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 676 624 000 (վեց հարյուր յոթանասունվեց միլիոն վեց հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսավորման (ներառված է նաև ռազմական սպորտի մասով վերը նշված գումարը): 2023 թվականի ծախսի հաշվարկը կատարված է 2023 թվականին ակնկալվող արդյունքների կանխատեսումների հիման վրա:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ, մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը»:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

Նախագծի ընդունմամբ ավելանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը: Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում չի լինելու:

  • Քննարկվել է

    12.05.2023 - 01.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2419

Տպել