Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առեվտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման և դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին կառավարության որոշում
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման և դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արդյունաբերության ոլորտում պետական աջակցության գործիքակազմի ներդրման անհրաժեշտությամբ:
Հայաստանը տնտեսական բարդության ինդեքսում (ECI) զբաղեցնում է 77-րդ ամենաբարդ դիրքը, որն ավելի ցածր է, քան համադրելի եկամուտներ ունեցող երկրներինը: Տնտեսական բարդության ինդեքսը թույլ է տալիս գնահատել երկրների տնտեսական աճի պոտենցիալը հաջորդող ժամանակաշրջաններում։ Նախորդ տասնամյակի համեմատ Հայաստանի տնտեսությունը դարձել է պակաս բարդ՝ վատթարացնելով վարկանիշում իր դիրքը 12 հորիզոնականով։ Հայաստանի բարդության վատթարացումը պայմանավորված է արտահանման դիվերսիֆիկացիայի բացակայությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի արտահանման կառուցվածքի տնտեսական բարդությունը մնում է ցածր՝ վերջին 10 տարիների ընթացքում նվազման միտումով։
«Տնտեսական բարդություն» (Economic complexity) հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրվել Իդալգոյի և Հաուսմանի կողմից 2009թ.-ին[1], դրա հիման վրա հաշվարկված ցուցիչը (economic complexity index), որը ցույց է տալիս երկրի արտադրական կարողությունների զարգացվածության/գիտատարության և դիվերսիֆիկացման աստիճանը՝ հիմք ընդունելով երկրի արտահանման զամբյուղի կառուցվածքը։
Հայաստանի ցուցանիշը (ECI) 2000 թվականին կազմել է +0,57, իսկ 2020 թվականին՝ -0,37։ Դա պայմանավորված է ընդհանուր արտահանման մեջ ամենաքիչ բարդություն ունեցող տեսակների արտադրանքի մասնաբաժնի աճով (միրգ, բանջարեղեն, պղնձի խտանյութ, ծխախոտի արտադրանք):
Գծապատկեր 1․ Հայաստանի տնտեսական բարդության ցուցիչի և վարկանիշի տեղի դինամիկան, 2011-2020թթ.-ին
Աղբյուրը՝ Atlas of economic complexity, Country Complexity Index, Harvard Growth Lab
Գծապատկեր 2․ ՀՀ-ի 2021 թվականի արտահանման կառուցվածքը՝ ըստ տնտեսական բարդության
ՀՀ Մաքսային ծառայություն, Atlas for economic complexity
0,5-ից բարձր տնտեսական բարդություն ունեցող ապրանքների արտահանման ծավալը 2021 թվականին կազմել է 231 մլն ԱՄՆ դոլար, որից 43%-ը ոչ հայկական ծագման ապրանքների արտահանումն է։
Մյուս կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանում 2020 թվականին կազմել է ՀՆԱ-ի 0,9[2]%-ը կամ, ըստ Համաշխարհային բանկի, 2018 թվականի վերջին՝ 254 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ ներդրումների ոլորտային կառուցվածքի՝ ներկայացված են հետևյալ գծապատկերում (մլն ԱՄՆ դոլարով), որից հետևում է, որ արդյունաբերության ոլորտներում ներդրումների ծավալը, բացառությամբ հանքաարդյունաբերության և սննդի, աննշան է։
Ներկայումս տնտեսական պետական աջակցության գործիքակազմում բացակայում է արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված թիրախային միջոցառում։ Տվյալ նախագծով առաջարկվում է ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառում՝ Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո նախաձեռնված արդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերի համար, որը անմիջականորեն կապված է լինելու միջոցառման կողմից թիրախավորված ցուցանիշների մասով տնտեսվարողների փաստացի արդյունքներով։
- Նախագծի մշակման,ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի (НИФИ) աջակցությամբ։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:
- Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհարժեշտություն չկա:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է սահմանել այն չափանիշները, որոնց բավարարելու պարագայում առևտրային ընկերությունները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարությանը և պահանջվող փաստաթղթերն ու սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգումն անցնելու պարագայում ստանալ պետական բյուջեից աջակցություն` որոշակիորեն բարձրացնելով ներդրումների եկամտաբերությունը, այդպիսով գրավիչ դարձնելով ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրություն հիմնելուն կամ առկա արտադրությունն ընդլայնելուն ուղղված ծրագրերը։
Միջոցառմամբ առաջարկվում է սահմանել ներդրումների ծավալի նվազագույն շեմ՝ 2.5 մլրդ դրամ, ընդ որում ներդրումները պետք է իրականացված լինեն սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո։ Բացի այդ ընկերության իրացման ծավալներում դրամական արտահայտությամբ տնտեսապես բարդ ապրանքների իրացումը պետք է կազմի առնվազն 30%, ձեռք բերվող և (կամ) ստեղծվող հիմնական միջոցների գտնվելու վայրը և ապրանքների ծագման երկիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, արտադրվող ապրանքների տնտեսական բարդությունը՝ բարձր 0.2- ից:
Առաջարկվող նախագծով աջակցության առավելագույն չափը ամբողջ ընթացքում չի կարող գերազանցել առևտրային ընկերության կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 20%։
Ըստ նախագծով առաջարկված մեխանիզմի տարեկան աջակցության ծավալն ուղիղ համեմատական է արտադրվող և իրացվող ապրանքների տնտեսական բարդության և արտահանման մասնաբաժնի հետ։
Նախագծով նաև առաջարկվում է սահմանել է արտաքին աուդիտի մեխանիզմ։
Նախագծով առաջարկվում է տնտեսապես բարդ ապրանքների ցանկը հաստատելու լիազորությունը վերապահել էկոնոմիկայի նախարարին մինչև յուրաքանչյուր տարվա Սեպտեմբերի 30-ը։ Այն իրենից ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 4-նիշանոց կոդերի ցանկ, որտեղ ներառվում են այն ապրանքները, որոնց տնտեսական բարդությունը, ըստ վերոհիշյալ մեթոդաբանության, գերազանցում է 0.2:
- Ակնկալվող արդյունքը
Տնտեսական բարդության ինդեքսը օգտագործելով որպես պետական աջակցության տրամադրման չափանիշ, այն է՝ աջակցությունն առաջնահերթորեն տրամադրելով այն տնտեսվարողներին, որոնք պատրաստվում են արտադրել 0.2 տնտեսական բարդության ցուցիչից ավելի բարձր ինդեքս ունեցող ապրանքներ, կառավարությունը կարող է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը, ինչն էլ ուղղակիորեն կազդի երկրի ՀՆԱ-ի առաջանցիկ աճին։
Առաջարկվող աջակցության միջոցառման իրագործման արդյունքում ակնկալվում է՝
– օտարերկրյա ներդրումների ներգրավում Հայաստանի Հանրապետություն,
– ՀՀ տարածքում տնտեսապես բարդ և համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքի արտադրություն,
– ՀՀ-ում օտարերկրյա բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավում,
– տեղական մասնագետների որակավորման մակարդակի բարձրացում,
– նոր ապրանքային շղթաների և կոոպերացիաների ստեղծում,
– ՀՀ պետական և համայնքային բյուջեներ հարկային մուտքերի ծավալների ավելացում,
– համաշխարհային տնտեսական շղթաներում ՀՀ ներգրավվածության մակարդակի բարձրացում։
Նախագծով առաջարկվող աջակցության միջոցառման իրականացումը չի հանգեցնի ֆինանսական (բյուջետային) պարտավորությունների ավելացմանը, քանի որ աջակցությունը կտրամադրվի բացառապես շահառուների կողմից շահագործման փուլ անցնելուց հետո տնտեսական գործունեության արդյունքում գոյացող հարկային վճարումների փաստացի կատարումից հետո՝ հիմնվելով շահառուի կողմից թիրախավորված ցուցանիշների՝ արտադրողականություն, արտադրանքի տնտեսական բարդության միջին ցուցանիշ, աշխատակիցների թվաքանակ և արտահանում, փաստացի արդյունքների վրա։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»:
Կառավարության որոշման նախագիծն անմիջականորեն բխում է Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրից և միջոցառումների ծրագրից․
- Կառավարության ծրագրով որպես նպատակ սահմանված է միջնաժամկետ հատվածում տնտեսական բարդության ցուցանիշը -0.39-ից հասցնել 0.1 միավորի և ստեղծել հիմքեր՝ 10 տարվա ընթացքում դասվելու բարձր տնտեսական բարդություն ունեցող երկրների շարքին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապրանքների արտադրության արժեշղթաների խորացմանը նպաստելու ուղղությամբ, որը ենթադրում է տեխնոլոգիապես առավել բարդ ու բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի և արտադրական պրոցեսների առկայություն։
- Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի գործարար և ներդրումային միջավայրի բարելավում բաժնում ներառված է «Տնտեսական բարդ ներդրումային ծրագրերի չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և դրա շրջանակներում ներդրումային խորհրդի ստեղծում» միջոցառումը։
- Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Արդյունաբերության զարգացում բաժնում ներառված է «Տնտեսական բարդություն ապահովող արտադրությունների աջակցության կառուցակարգի և գործիքակազմի ծրագրի մշակում և իրականացում, «Տնտեսական բարդություն ապահովող արտադրությունների աջակցության կառուցակարգի և գործիքակազմի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում» միջոցառումը։
[1] “The building blocks of economic complexity”, C. Hidalgo, R. Hausmann, PNAS, vol 106, N26, pp. 10570-10575
[2] Armstat.am
-
Քննարկվել է
11.05.2023 - 26.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2845
Տպել