Լրամշակման փուլում է
««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 88-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով՝
«4. Ապահովագրական միջնորդների նշանակալից մասնակիցները չեն կարող լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև գործարքի կնքման պահին դիտավորությամբ կատարված հանցագործության համար ներգրավված լինել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ: Ապահովագրական միջնորդները Կենտրոնական բանկ են ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 2. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ ենթակետում «անհատական տվյալների» բառերից հետո լրացնել «, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու կամ գործարքի կնքման պահին դիտավորությամբ կատարված հանցագործության համար ներգրավված կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ չլինելու մասին գրավոր հայտարարություն)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 99-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.
«4.1) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ գործարքի կնքման պահին ներգրավված է եղել դիտավորությամբ կատարված հանցագործության համար որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:»:
Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ է1 ենթակետով.
«է1. Իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնացություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների և մասնակցության չափի մասին տեղեկություններ, նշանակալից մասնակիցների կողմից դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար գործարքի կնքման պահին որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու մասին գրավոր հայտարարություն.»:
Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով.
2.1) դիմումատուի նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ գործարքի կնքման պահին ներգրավված է դիտավորությամբ կատարված հանցագործության համար որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «անձնագրի տվյալները» բառերից հետո լրացնել «, 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու կամ գործարքի կնքման պահին դիտավորությամբ կատարված հանցագործության համար որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու մասին գրավոր հայտարարություն.» բառերը:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել դ1 կետով հետևյալ բովանդակությամբ՝
«դ1) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝
«6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ գործարքի կնքման պահին դիտավորությամբ կատարված հանցագործության համար ներգրավված լինել որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում »:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «կարգով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության, որի պարագայում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը իրականացվում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ ե1 կետով.
«ե1) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի հանցագործության համար դատվածություն կամ գործարքի կնքման պահին դիտավորությամբ կատարված հանցագործության համար ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի «ա» կետում «աշխատանքի կանոնակարգի» բառերը փոխարինել «գործունեությունը կարգավորող օրենքների և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:»:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ը1 կետով.
«ը1) չպետք է ունենա դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող կամ գործարքի կնքման պահին դիտավորությամբ կատարված հանցագործության համար կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ համարվող 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակից կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն ունեցող կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ համարվող ղեկավար (տնօրեն): Գրավատունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կետով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում. »:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ բ1 կետով.
«բ1) հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար գործարքի կնքման պահին ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ կամ ղեկավարը (տնօրենը) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ ներգրավված է դիտավորությամբ կատարված հանցագործության համար որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետում «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «6-րդ հոդվածի «ը1» մասով սահմանված պայմաններից առնվազն մեկը կամ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ««դ»» բառից հետո լրացնել «, «ը1» բառը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 7.1 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացվող (արժութային դիլեր-բրոքեր) կազմակերպության, արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության կամ դրանց լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպությունների 10 և ավելի ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցները չեն կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ գործարքի կնքման պահին ներգրավված լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, իսկ դրանց ղեկավարները (տնօրենները) չեն կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն կամ ներգրավված լինել դիտավորությամբ կատարված հանցագործության համար որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացվող (արժութային դիլեր-բրոքեր) կազմակերպությունը և արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
23.11.2017 - 08.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
Դիտումներ` 10274
Տպել