Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ համապատասխան ոլորտի ստուգաթերթերում։

 2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.

2020 թվականի ապրիլի 30-ին ընդունված ՀՀ կառավարության N 718-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված ինչպես օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտման (հղում է կատարվել իրավական ակտի ոչ համապատասխան հոդվածի մասին), այնպես էլ վերահսկողությունից դուրս մնացած օրենսդրական պահանջների վերահսկման հետ, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված օրենսդրական փոփոխությունից հետո սահմանված նոր պահանջների բացակայության հետ, մասնավորապես՝

  • Հարուցված վարչական վարույթների շրջանակներում արձանագրվել են դեպքեր, երբ մի դեղատանը պատրաստված և մանրակշռված դեղը իրացվել է մեկ այլ դեղատանը, ինչը հանդիսանում է «Դեղերի մասին» օրենքի 19-րդ hոդված-ի 4-րդ մասի պահանջի խախտում, մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման շրջանակներում նշված մասով ստուգում չի իրականացվում, քանի որ հարցը ներառված չէ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի N 2.1 ստուգաթերթում։ Համանման խնդիր է արձանագրվել նաև դեղատանը կաթիլաներարկման լուծույթների պատրաստման արգելքի հետ կապված, որը նույնպես արգելված է «Դեղերի մասին» օրենքի 19-րդ hոդվածի 2-րդ մասով։
  • ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված հավելված  N3-ի 38-րդ կետը նախատեսում է, որ «Դեղատունը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) արտաքին հատվածից պետք է ձևավորված լինի «Դեղատուն» վերտառությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտին համապատասխանող կանաչ խաչի նշանով (լիցենզիա ստանալուց հետո), որը պետք է ուղղահայաց փակցվի դեղատան (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) արտաքին պատին, իսկ լուսավորվող խաչի դեպքում՝ պետք է լինի չթարթող և լուսավորվի միայն դեղատունը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) աշխատանքային ժամերին»: Մինչդեռ ՀՀ տարածքում գործող դեղատների գերակշիռ մասի դեպքում վերոնշյալ նորմի պահանջը պահպանված չէ, ինչը ստուգումների ընթացքում վերահսկելի չէ՝ ստուգաթերթում համապատասխան հարցերի բացակայության հետևանքով։
  • ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի N 28-Ն հրամանով կարգավորվում են բուժաշխատողների (ներառյալ առաջին անգամ մասնագիտական գործունեություն սկսող բուժաշխատողների) հավաստագրման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ բուժաշխատողների հավաստագրումը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է պարտադիր։ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի N 2.1 ստուգաթերթում դեղատան աշխատակիցների (դեղագետների կամ դեղագործների) հավաստագրված լինելու պարտադիր պահանջը բացակայում է, ինչի արդյունքում առաջանում է փոփոխություն իրականացնելու անհրաժեշտություն։
  • ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի N 2.2 ստուգաթերթի 3-րդ կետի համաձայն՝ Դեղերի արտադրության լիցենզիա ստացած դեղերի արտադրողն ունի «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր` կատարված մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա: «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել մասնագիտական ընդհանուր դիտարկում, իսկ հարցը պետք է առհասարակ վերաբերի «Պատշաճ արտադրական գործունեության» հավաստագիր ունենալուն կամ չունենալուն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Դեղերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դեղերի արտադրության լիցենզիա ստացած, սակայն դեղերի պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր չունեցող անձինք պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով ստանալ դեղերի պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր։
  • ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի N 2.2 ստուգաթերթի 12-րդ կետից հետո լրացումներ կատարելու անհարժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեմն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման շրջանակներում իրականացվում է միայն դեղերի արտադրության նկատմամբ ստուգում։ Նշվածի վերաբերյալ հարկ է նշել, որ եթե այժմ արտադրողը արտադրի օրինակ ՀՀ-ում չգրանցված դեղեր, ինչն օրենքով թույլատրվում է, իսկ ստուգում իրականացվի ներկայում հաստատված ստուգաթերթերով, ապա տվյալ դեղերի իրացման հարցը հնարավորություն չի լինի ստուգման շրջանակներում պարզել։ Նույնը վերաբերում է նաև մյուս լրացվող կետերին։
  • ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի N 2.3 ստուգաթերթի 18-րդ կետով ստուգվում է ՀՀ ներմուծման պահին դեղի նվազագույնը 6 ամիս պիտանիության ժամկետ ունեցած լինելու հանգամանքը: Մինչդեռ ներմուծման պահին նվազագույնը 6 ամիս պիտանիության ժամկետ չունեցող դեղի ներմուծումը արգելվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով, հետևաբար և ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներմուծման թույլտվության տրամադրումը մերժվում է։ Վերոգրյալի համատեքստում ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի N 2.3 ստուգաթերթի 18-րդ կետով նախատեսված հարցի ստուգումը կրում է տեխնիկական բնույթ։

  Միաժամանակ, սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի ստուգաթերթերը շարադրել նոր խմբագրությամբ (այսուհետև՝ Հավելված):

  Հավելվածի նոր խմբագրությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի հունվարի 28-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 120 որոշումը, որով ուժը կորցրած է ճանաչվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի       29-ի N 1275-Ն» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն»» որոշումները, որոնց հղումները դեռևս պահպանվել են գործող ստուգաթերթերում:

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխությունները կատարել գործող ստուգաթերթերում, որպեսզի տեսչական մարմինը իր վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում:

   Միաժամանակ հարկ է նշել, որ բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների համար գործող 17 ստուգաթերթերի փոխարեն՝ գործելու են 16 ստուգաթերթ, քանի որ 718-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի՝ N 3.2 ստուգաթերթի հարցերը միավորվել են N 3.7 ստուգաթերթի հարցերին և նոր խմբագրությամբ ներկայացված են N 3.6 ստուգաթերթով: 

 3.Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: Սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները:

Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող հետևյալ ստուգաթերթերը՝

  1. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.22 (ՏԳՏԴ)» N 3.1,

2.«Վերարտադրողական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q86․10 86.22 (ՏԳՏԴ)» N 3.2,

  1. «Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.22 (ՏԳՏԴ)» N 3.3,
  2. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.10, 86.21, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.4,
  3. «Մասնագիտացված բժշկական օգնություն հիվանդանոցային գործունեություն (մինչև 18 տարեկան երեխաների): Բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ)» N 3․5,
  4. «Մասնագիտացված բժշկական օգնություն հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց) Բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ)» N 3․6,
  5. «Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ) » N 3.7,
  6. «Բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա ստոմատոլոգիական պրակտիկա բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.23 (ՏԳՏԴ)» N 3.8,
  7. «0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.9,
  8. «18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն մեծահասակների և խառը տիպի պոլիկլինիկայում Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.10,
  9. «Դպրոց-նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, տրանսպորտային հավաքակայանների վարորդների բուժզննման կետերում բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21, 86.90 (ՏԳՏԴ)» N 3.11,
  10. «Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան բժշկի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն» Q 86.21 (ՏԳՏԴ) N 3.12,
  11. «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն Q 86.10, 86.21, 86.90 (ՏԳՏԴ)» N 3.13,
  12. «Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.21, 86.22 (ՏԳՏԴ)» N 3.14,
  13. «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն Q 86.22, 86.90 (ՏԳՏԴ)» N 3.15,
  14. «Գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն Q 86,87 (ՏԳՏԴ)» N 3․16,
  15. «Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.21, Q 86.22 Q 86.23 (ՏԳՏԴ)» N 3․17:

Հարկ է նշել, որ վերոգրյալ գործող ստուգաթերթերում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև օրենքի պահանջների անհարկի հղումներ, վերախմբագրման ենթակա ձևակերպումներ, ինչը նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

 4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի հաստատումը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և տեսչական մարմնի կողմից համատեղ: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Քննարկվել է

    10.05.2023 - 26.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2258

Տպել