Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Միևնույն ժամանակ, քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումների համեմատությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն քաղաքացիական դատավարության օրենսգրքի, որով սահմանված են հատուկ հայցային վարույթի կարգով քննվող առանձին աշխատանքային վեճերի (աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճեր) քննության և առանձին դատավարական գործողությունների կատարման հստակ և կրճատ ժամկետներ, վարչական դատավարության օրենսգրքով հանրային ծառայության իրականացմանն առնչվող և հատկապես ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի առնչությամբ գործի քննության ժամկետ սահմանված չէ, միայն վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ գործը դատաքննության նախապատրաստելը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության և լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են որոշակի ժամկետներ։

Փաստացի ստացվում է, որ հանրային ծառայության մեջ չգտնվող անձին աշխատանքից ազատելու դեպքում գործի քննության համար հստակ ժամկետներ կան սահմանված, մինչդեռ նույն երաշխիքը բացակայում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար, ինչը գործնականում խնդրահարույց է մի շարք նկատառումներով:

Որպես նշված խնդրի լուծում՝ մշակվել է սույն նախագիծը, որով Վարչական դատավարության օրենսգրքում ևս վարչական կարգով քննվող որոշակի վեճերի (հանրային ծառայության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճեր) համար նախատեսվում է ինչպես գործի քննության հստակ և կրճատ ժամկետ, այնպես էլ առանձին դատավարական գործողությունների կատարման հստակ և կրճատ դատավարական ժամկետներ:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 2-րդ ենթաբաժնով սահմանված հատուկ հայցային վարույթների շրջանակում 24-րդ գլխով նախատեսված է նաև առանձին աշխատանքային վեճերով վարույթը: Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նշված գլխում սահմանվում են այս վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը, դրանց քննության, այդ թվում՝ առանձին գործողությունների կատարման ժամկետները, ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները և այլն: Մասնավորապես, հարկ է նշել, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է առանձին աշխատանքային վեճերով գործերի քննության հատուկ ժամկետ, որի համաձայն՝ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Մինչդեռ, Վարչական դատավարության օրենսգիրքը, հանրային ծառայությունն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերով (այսուհետ՝ նաև աշխատանքային վեճեր) գործերի քննության համար հստակ ժամկետ չի նախատեսում, ինչը նշանակում է, որ դրանք ենթակա են քննության և լուծման «ողջամիտ ժամկետ»-ի սահմաններում: Այս մասով հարկ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական պետություն հանդիսանալու պայմաններում տարբեր դատավարական կարգերով քննվող աշխատանքային վեճերի պարագայում ժամկետային նման տարբերությունների առկայությունը հստակ խտրական մոտեցում է, քանզի չկա որևէ հիմնավորում, թե ինչու օրինակ ոչ հանրային ծառայողը իր խախտված աշխատանքային իրավունքները կարող է պաշտպանել և հայցի բավարարման դեպքում նաև վերականգնել դատավարությամբ հստակ սահմանված 3 ամսյա ժամկետում, իսկ հանրային ծառայողի դեպքում նման երաշխիք սահմանված չէ:

Ավելին, հարկ է նշել, որ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարչական դատարանում աշխատանքային վեճերի քննությունը տևում է միջինը մոտ 1-2 տարի, երբեմն նաև ավելի երկար: Այս մասով պետք է ընդգծել, որ ուսումնասիրության են ենթարկվել 2019 թվականի  ընթացքում վարչական դատարան ներկայացված հանրային ծառայությունից ազատման մասին հրամանները անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված հայցադիմումների հետ կապված վարչական գործերը, որոնցով գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանի կողմից կայացվել են միջինը 1-2 տարի հետո՝ հայցադիմումը դատարան մուտք լինելու պահից հաշված:

Որպես, օրինակ, հարկ է ներկայացնել ուսումնասիրված գործերից մի քանիսը: Այսպես՝

1. Թիվ ՎԴ/0087/05/19 վարչական գործով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացել 09.01.2019թ.-ին, գործով վճիռը կայացվել է 02.10.2020թ.-ին, այսինքն՝ մոտ 1 տարի 10 ամիս հետո:

2. Թիվ ՎԴ/0364/05/19 վարչական գործով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացվել 21.01.2019 թվականին, վճիռը կայացվել է 19.08.2021թ.-ին, այսինքն՝ 2 տարի 6 ամիս հետո:

3. Թիվ ՎԴ/0499/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 29.01.2019թ.-ին, վճիռը կայացվել է 21.06.2021թ.-ին, այսինքն՝ մոտ 2 տարի 5 ամիս հետո:

4. Թիվ ՎԴ/1278/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 26.02.2019 թվականին, վճիռը կայացվել է 31.03.2020թ.-ին, այսինքն՝ 1 տարի 1 ամիս հետո:

5. Թիվ ՎԴ/1455/05/19 վարչական գործով հայցադիմումը ներկայացվել է 04.03.2019թ.-ին, վճիռը կայացվել է 29.09.2020թ.-ին, այսինքն՝ մոտ 1 տարի 6 ամիս հետո:

6. Թիվ ՎԴ/1499/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 06.03.2019թ.-ին, վճիռը կայացվել է 05.03.2020թ.-ին, այսինքն՝ 1 տարի հետո:

7. Թիվ ՎԴ/1637/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 13.03.2019թ.-ին, վճիռը կայացվել է 17.12.2019թ.-ին, այսինքն՝ 9 ամիս հետո:

8. Թիվ ՎԴ/1565/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 11.03.2019թ.-ին, վճիռը կայացվել է 20.12.2019թ.-ին, այսինքն՝ 9 ամիս հետո:

9. Թիվ ՎԴ/1933/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 20.03.2019թ.-ին, վճիռը կայացվել է 05.10.2020թ.-ին, այսինքն՝ 1 տարի 7 ամիս հետո:

10. Թիվ ՎԴ/2548/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 08.04.2019թ.-ին, վճիռը կայացվել է 31.01.2020թ.-ին, այսինքն՝ 9 ամիս հետո:

11. Թիվ ՎԴ/2892/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 19.04.2019թ.-ին, վճիռը կայացվել է 14.07.2021թ.-ին, այսինքն՝ 2 տարի 3 ամիս հետո:

12. Թիվ ՎԴ/7099/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 06.09.2019թ.-ին, վճիռը կայացվել է 27.08.2020թ.-ին, այսինքն՝ մոտ 1 տարի հետո:

13. Թիվ ՎԴ/5626/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 22.07.2019թ.-ին, վճիռը կայացվել է 01.10.2020թ.-ին, այսինքն՝ 1 տարի 2 ամիս հետո:

14. Թիվ ՎԴ/8294/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 09.10.2019թ.-ին, վճիռը կայացվել է 28.04.2021թ.-ին, այսինքն՝ 1 տարի 6 ամիս հետո:

15. Թիվ ՎԴ/8214/05/19 վարչական գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 07.10.2019թ.-ին, վճիռը կայացվել է 22.10.2020թ.-ին, այսինքն՝ 1 տարի հետո:

Ակնհայտ է, որ աշխատանքային վեճերի, մասնավորապես աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված վեճերի տևական քննությունը մի շարք անցանկալի հետևանքներ է առաջացնում թե´ գործատուի, թե´ աշխատողի համար, և պատահական չէ, որ մի շարք գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորել է այն սկզբունքային դիրքորոշումը, որ աշխատանքային վեճերն իրենց բնույթով պահանջում են շուտափույթ լուծում (Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2000, § 45, Vocaturo-ն ընդդեմ Իտալիայի, 1991, § 17, և Ruotolo-ն ընդդեմ Իտալիայի, 1992, § 17): Նախ, աշխատանքային վեճերի լուծումն աշխատողների համար ունի կարևոր սոցիալական նշանակություն, և դրա ձգձգումը խիստ բացասական է ազդում աշխատողի կենսամակարդակի վրա: Աշխատանքային վեճի տևական քննությունը բացասաբար է անդրադառնում նաև գործատուի վրա, քանի որ այն դեպքերում, երբ դատական կարգով հաստատվում է աշխատանքից աշխատողի ազատման անօրինական լինելը, վերջինս պարտավորվում է աշխատողին վճարել հարկադիր պարապուրդ աշխատողի միջին աշխատավարձի չափով` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, որը հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ստացվում է, որ վարչական դատավարությունում քննարկվող գործերով գործի քննության որոշակի ժամկետի բացակայության պայմաններում գործատո­ւի պարտության դեպքում նրա վրա դրվում է զգալի դրամական հատուցում­ վճարելու պարտավորություն միայն այն պատճառով, որ վեճի լուծումը դատարանում տևել է երկար, այդպիսով հավելյալ ֆինանսական բեռ է ստեղծում պետության համար՝ հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության տևողությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքում հատուկ վարույթների շրջանակում ավելացնել նոր՝ 31.9 գլուխ, որով սահմանված կարգով կքննվեն հանրային ծառայություն իրականացնելու ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկվելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերով գործերը: Մասնավորապես, քննարկվող նախագծով նախատեսվող կարգավորումների համաձայն՝ նշված վեճերը Վարչական դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, համապատասխան գործերը դատարանը քննում է միանձնյա, դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից ապացույցներ պահանջելու մասին, որը կատարման ենթակա է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

 3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին և Վարչական դատավարության օրենսգրքում ևս վարչական դատավարության կարգով քննվող՝ հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել հստակ և սեղմ դատավարական ժամկետներ՝ արդյունքում ունենալով գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված կարգավորումներ, որոնց կիրառման արդյունքում՝ քննարկվող բնույթի վեճերը Վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ինչպես նաև ավելորդ մեծածավալ փոխհատուցման բեռ չի սահմանվի գործատուի համար: Բացի այդ, կբացառվեն  քաղաքացիական և վարչական դատավարության կարգով քննվող աշխատանքային վեճերի պարագայում առկա ժամկետային տարբերությունները:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ: Այն բխում է Վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 02/10.20/13596-2023 հանձնարարականից:

  • Քննարկվել է

    10.05.2023 - 25.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3000

Տպել

Առաջարկներ`

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

25.05.2023

3. Բացի այդ, Ուսումնասիրության արդյունքում նկատվել է նաև Վարչական դատարանի ոչ միատեսակ պրակտիկան հանրային ծառայության հետ կապված գործերով Հայցվորի կողմից պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում այնուամենայնիվ վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ դատական ակտերում նշում կատարելու հարցում։ Այդպես, գործերի միայն մի մասում է դատարանը վճռով հստակ նշել, որ թեեւ Հայցվորի կողմից վճարվել է պետական տուրք, սակայն, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման եւ աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով հայցվորներն ազատված են դատարաններում պետական տուրքի վճարումից, անհրաժեշտ է վերադարձնել վճարված պետական տուրքը ։ Իսկ այլ դեպքերում, թեեւ Դատարանը նշել է, որ Հայցվորը վճարել է պետական տուրք այն դեպքում, երբ ազատված է եղել նման պարտականությունից, սակայն առանձին նշում չի կատարել վճարված պետական տուրքը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ ։ Ուստի, առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա դրույթների համանմանությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունների համատեքստում փոփոխել պետական տուրքը վերադարձնելու կարգավորումները, ի թիվս այլնի, նախատեսել Դատարանի պարտականությունը՝ վճարված պետական տուրքի վերադարձման հիմքերի առկայության դեպքում դատական ակտում նշել պետական տուրքը լրիվ կամ մասնակի վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները: Բացի այդ, ներառել նշում վերադարձի մասին դատական ակտի եզրափակիչ մասում։ Դատական ակտում ավել վճարված պետական տուրքի՝ վերադարձման մասին նշումը հնարավորություն կտա հատկապես խոցելի խմբում գտնվող քաղաքացիներին տեղեկանալ իրենց կողմից վճարված պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին և ձեռնամուխ լինել իրենց իրավունքների իրացմանը։ Առաջարկում ենք նաև հարակից օրենքում՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում՝ 39-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ նախատեսելով, որ ֆինանսական մարմնին պետական տուրքի վերադարձման դիմում ներկայացնելիս Դատարանի կողմից դատական ակտում պետական տուրքի՝ վերադարձման ենթակա լինելու մասին նշումը, համապատասխանաբար նաև վերադարձման ենթակա գումարի չափի վերաբերյալ նշմամբ, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի հետ միասին բավարար հիմք է Ֆինանսական մարմնի կողմից դիմումը բավարարելու և վճարված պետական տուրքը վերադարձնելու համար (գործող՝ տեղեկանք ներկայացնելու պարտականության փոխարեն), ինչը ավելորդ վարչարարությունից կազատի և՛ ֆիզիկական անձին, և՛ Դատարանին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

25.05.2023

2. Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վեճերը վարչական դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն (հետայսու տեքստում՝ նաև Ուսումնասիրություն) , ինչը ցույց է տվել, որ հանրային ծառայությունից ազատելու գործերով՝ և՛ կարգապահական խախտման և՛ այլ հիմքերով (ուսումնասիրվել է շուրջ 60 դատական գործ) դատավարությունը տևել է միջինը 1 տարի, մինչև 3 ամիս տևել է ընդամենը մեկ գործ, և ընդամենը 4 գործ՝ մինչև 6 ամիս, գործերի առավելագույն տևողությունը՝ 2 տարի: Կարգապահական տույժի վիճարկման գործերով (ուսումնասիրվել է 7 գործ) քննությունը Վարչական դատարանում տևել է 3 ամսից մինչև 1 տարի 5 ամիս: Բացի այդ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է աշխատանքային վեճերով գործերի քննությունը՝ երեք ամսվա փոխարեն վեց ամիս՝ հաշվի առնելով դատական պրակտիկան այն մասին, որ դատարանները չեն կարողանում նշված ժամկետներում իրականացնել նշված գործերի քննություն և լուծում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հոդվածում սահմանված ժամկետը վերանայել՝ դարձնելով 6 ամիս:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

25.05.2023

1. Այսպես՝ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում ավելացնել նոր գլուխ և Հոդված 222.28, որի 1-ին մասով նախատեսվում է, որ Վարչական դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է հանրային ծառայության իրականացման ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Գտնում ենք, որ հանրային ծառայություն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի սահմանումը նշված նորմով լիարժեք չէ, և չի ներառում դատական պրակտիկայում հանրային ծառայողների կողմից պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ներկայացված՝ ծառայության հետ կապված, ծառայության ընթացքում ծագած բոլոր վեճերը, այդ թվում՝ արձակուրդի, աշխատավարձի բռնագանձման, պայմանագրի էական պայմանների փոփոխության՝ անձին այլ պաշտոնի տեղափոխելու հետ կապված վեճերը: Ուստի առաջարկում ենք վերանայել նորմը՝ նախատեսելով, որ հատուկ վարույթի կարգով քննվում են հանրային ծառայության իրականացման ընթացքում ծագած բոլոր վեճերը, ինչպես նաև հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Տեսնել ավելին